ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


Ազատություն

Բազում անհատների և զույգերի հետ աշխատելով՝ շատ հաճախ եմ հանդիպել մի այսպիսի նկարագրության. «կարծես թե վանդակում լինեմ և չգիտեմ ինչպես ազատվել»։ Վանդակից դուրս պրծնելու այս ձգտումը, լինի կին, թե տղամարդ, շատ բնորոշ է մարդուն և հավանաբար ծանոթ է շատերին: Ամեն անգամ, երբ մարդը հուսահատորեն փորձում է ազատվել վիրավորանքից, խռովքից, տրավմաներից, անվստահությունից, հուզական ռեակտիվությունից, կախվածությունից, սպասումներից, կպչուն մտքերից, դեպրեսիայից, ցանկություններից, կրքերից, մոլուցքներից, մրցակցությունից, ինքնաքննադատությունից և հատկապես՝ վախերից, գործ ունենք ազատության տենչանքի հետ։ Բոլոր ժամանակներում, բոլոր տեսակի քաղաքակրթություններում ազատության ապրումը եղել ու մնում է մարդու ամենահիմնարար պահանջմունքներից մեկը՝ անկախ սեռային և ազգային պատկանելությունից, տարիքից, մասնագիտությունից, կրոնական դավանանքից, սոցիալական դիրքից, քաղաքական դիրքորոշումից, ամուսնական կարգավիճակից: Առանց ազատության չկա երջանկություն, միայն  ազատ մարդը կարող է լիակատար ինքնիրագործվել ու իրեն բավարարված զգալ այս կյանքում:  Սերը և ներդաշնակությունը անհնարին են առանց ազատության, ստրուկը չի կարող սիրել, սիրել կարող է միայն ազատ մարդը:

Սակայն ի՞նչ է ազատությունը հարցին շատերը պատասխանում են՝ ազատ լինել նշանակում է՝ «ինչ կուզեմ, կանեմ», այսինքն՝ մի վիճակ, որը չի սահմանափակում իրականացնելու անձի ցանկությունները: Չենք կարող չընդունել, որ սա իրականում ոչ թե ազատություն, այլ ամենաթողություն է, քանի որ, եթե ամեն մեկն աներ իր ուզածը, ապա մի մեծ քաոս կտիրեր այս աշխարհում: Ամեն մարդ իր գաղափարն ունի, թե ինչ կարելի է ուզել այս կյանքում և եթե ինչ-որ մեկի ուզածը որոշ մարդկանց համար օգտակար է, ապա մյուսներին այն կարող է ի սպառ կործանել: Իհարկե, սրտի խորքում յուրաքանչյուր ոք գիտի, որ գործելու ազատություն նշանակում է անել այն, ինչն օգտակար կլինի բոլորին ու չի վնասի ոչ ոքի, այսինքն՝ ճշմարիտ և բարոյական է թե առանձին անհատի, թե ողջ համայնքի համար: Սակայն ո՞վ է որոշում այդ «ճիշտը» և ո՞րն է ի վերջո բարոյականը:

Կարդալ ավելին

Դարեր շարունակ ճշմարիտի սահմանումը փորձել են տալ կրոնական պատկերացումներից ելնելով: Տարբեր կրոնական առաջնորդներ սահմանել են բարոյականության իրենց համակարգը՝ տալով որոշակի պատվիրաններ, սակայն ինչպես ցույց են տալիս պատմության էջերը, կրոնական ուղեցույցներն այդքան էլ արդյունավետ չեն գտնվել: Փորձեր են արվել ճիշտը սահմանելու համար հասարարակական օրենքներ և կանոններ հաստատել՝ ելնելով ժողովրդական իմաստությունից ու դարերի ժառանգած փորձից, սակայն սրանք նույնպես խախտողներ են գտնվել, իսկ օրենքները՝ շրջանցվել:

Այդ դեպքում ի՞նչ է պահանջվում, որպեսզի մենք, ունենալով ազատություն, առաջնորդվենք միայն հանուն բարին ու ճշմարիտը կարգախոսով: Ըստ էության, հարկավոր է որպեսզի կարողանանք գիտակցել մեր կատարած քայլերի ու վարքի հետևանքերը, ինչի համար բավականաչափ հասունություն և իմաստություն է պետք, հետևաբար «ազատ լինել անելու այն, ինչը ճիշտ ենք համարում» նշանակում է պատասխանատվություն կրելու ունակություն ունենալ, մինչդեռ շատ շատերը գերադասում են խուսափել պատասխանատվությունից:

Մարդիկ ովքեր ազատության ջատագովներ են իրենց համարում, շատ հաճախ կամայականություն սերմանող և տարածողներ են: Ազատությունը նրանց համար ոչ թե վերընթաց, այլ վարընթաց շարժում է՝ ցանկությունների և կրքերի, բնազդային մղումների բավարարմանը խոչընդոտող արգելքների վերացում, այլ ոչ թե աճ դեպի կատարյալը՝ ավելի կարեկից, ավելի ներողամիտ, ավելի գնահատանքի ունակ դառնալը: Եվ եթե ազատ վարքը չի տանում դեպի կատար, ապա վստահաբար կարող ենք ասել, որ գործ ունենք գերության մի նոր ձևի, մի նոր անազատության հետ, քանի որ պարփակվում ենք վախի, հուզական ռեակտիվ արձագանքումների, խթանող ազդեցությունների անդադար որոնումների և հաճույքից կախվածության վանդակներում:

Սովորաբար ազատություն ասելով՝ առաջին հերթին պատկերացնում են արտաքին պլանի վրա գոյություն ունեցող վիճակ, այսինքն՝ բավարար է ազատագրվել արտաքին սահմանափակող ուժերից, օրինակ՝ ընտանիքի հայր, եղբայր, տիրող սոցիալ-քաղաքական իշխանություն և այլն, որպեսզի համարես, թե ազատ ես: Իրականում ազատությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ու հոգևոր մակարդակներ ունի: Ֆիզիկական մակարդակի ազատությունը վերաբերում է մեր ֆիզիկական մարմնին, որը կարող է շղթայված և կապված լինել՝ բանտում, ճաղերի հետևում, բերդում, տանը, աշխատավայրում, անգամ օրորոցում: Ֆիզիկական մակարդակի անազատությունը վերաբերում է նաև համակարգի, ռեժիմի, բռնատերության տիրապետման տակ գտնվելուն: Կան կանայք, ովքեր ոչնչով չեն տարբերվում բանտարկյալներից, քանի որ գտնվում են իրենց ամուսինների ֆիզիկական և ֆինանսական իշխանության ճնշման տակ, որով սահմանափակվում են նրանց ամենապարզ իրավունքները: Ֆիզիկապես անազատության մեջ եղած մարդիկ կարող են փաստել այս վիճակի անտանելությունը, սահմանափակման նվաստացնող իշխանությունը:

Եթե ֆիզիկական անազատությունն այնպիսի ապրում է, որն անհնար է չզգալ ու ինչ-որ ձևով չարձագանքել, ապա հոգեբանական անազատության մեջ գտնվող մարդը շատ հաճախ անգամ չի էլ գիտակցում, որ գերության մեջ է: Այսպես օրինակ՝ մեծանալով մի մշակույթի մեջ, որը մանկուց ի վեր ներարկել է քաղաքական, սոցիալական և կրոնական պատկերացումների մի ամբողջ տեսականի, մենք ակամայից դառնում ենք այդ մշակութային գաղափարախոսության կրողը ու մեր ընկալած միակ իրականությունը հիմնվում է բացարձակ ճշմարտություն հանդիսացող այդ գաղափարախոսության վրա, որն այնքան սերտորեն է ներհյուսվել մեր էությանը, որ գրեթե անհնար է պատկերացնել, թե այդ մենք չենք այդպես մտածում, այլ մեր փոխարեն մեր մտքի մեջ խոսում է գլխի մեջ ներբեռնած գաղափարախոսությունը: Նմանատիպ կերպով մանկությունից սկսած ինքներս մեր մասին ստեղծում ենք որոշակի պատկերացումներ, շատ հաճախ սխալական, օրինակ՝ որ մենք ծույլ ենք, տգեղ, ստախոս և հիմար, ձախողակ և անարժան, այսպիսով՝ դադարում ենք սիրել մեզ՝ կորցնելով կապը մեր իսկական ինքնության հետ:

Ահա, մեզ ասում են, որ ապրում ենք ազատ երկրում, բայց այս պնդումը վերաբերում է միայն արտաքին ազատությանը: Եթե անգամ նկատի ունեն ներքին ազատությունը, ապա դրա տակ սովորաբար հասկանում են ոչ այլ բան, քան՝ խոսքի ազատությունը: Մինչդեռ իրականում ոչ թե խոսքի, այլ մտքի և հոգու ազատությունն է մարդուն ճախրելու թևեր տալիս: Միայն օբյեկտիվ մտածողության շնորհիվ մենք կարող ենք լինել ազատ: Մենք կանք քանի դեռ մտածում ենք, որը չի նշանակում կրկնել ինչ մեզ սովորեցրել են, այլ սեփական խելքով խորամուխ լինել և հասկանալ՝ ինչին առնչվում ենք:

Մեզանից շատերը սովոր են մեղադրել կառավարությանը, ծնողներին, ուսուցիչներին, հասարակությանը, բայց ճշմարտությունն այն է, որ մենք ինքներս ենք սահմանափակում մեր ազատությունը՝ պատասխանատվություն չկրելով մեր մտքերի, զգացմունքերի, որոշումների և վարքի համար։ Հետևաբար ազատագրման մեխանիզմը մեզ գերության մեջ պահող այդ ամենի գիտակցումն է՝ գիտենալը:

Իսկ կարո՞ղ է մարդն ամենախորքային գիտակցության պարագայում հասնել բացարձակ ազատության: Մեջբերում՝ «Աստված մահացած է: Ու մենք ենք նրան սպանել»-Ֆրիդրիխ Նիցշեի այս խոսքերը բացարձակ ազատության տենչալու նրա ձգտումն են արտացոլում: Եվ իսկապես՝ մեզ երբեք չեն հարցրել, արդյոք մենք ուզո՞ւմ ենք ծնվել, մեռնե՞լ: Մենք ծնվում և մեռնում ենք առանց մեր համաձայնության, մարդը տեր չէ ո՛չ իր ծննդյան, ո՛չ էլ մահվան: Առաջ քաշելով այն միտքը, որ երբ Աստված կենդանի է, մարդը չի կարող երբևէ ազատ լինել, այլ ընդամենը խամաճիկ է նրա ձեռքին, Նիցշեն տանում է այն ուղղությամբ, որ եթե Աստված մեռնի, մարդը կդադարի իր կամքին հակառակ մեռնելուց ու ծնվելուց: Սակայն Նիցշեի այս խոսքերը պետք չէ սխալ հասկանալ: Խոսքն այստեղ գնում է «արտաքին Աստծո» մահվան մասին, այսինքն՝ մեզ դրսից կառավարող և մեր փոխարեն որոշումներ կայացնող այն բարձրագույն Ուժի, ումից մենք կախման մեջ ենք մեզ պահում մինչև այն պահը, երբ այդ Աստծուն ներառում ենք մեր մեջ: Եթե Աստված իմ ներսում է, եթե Աստված ես եմ, ուրեմն իմ որոշմամբ այսուհետ կարող եմ «մեռնել», ու «իմ ծնունդը» իմ ձեռքերում է:

Նիհիլիզմը, որպես ճանապարհ, չի կարող երբևէ տանել ազատության: Մտածեք ինքներդ՝ ինչպես կարող է օրինակ աթեիստը լինել ազատ, երբ Աստծուն դեմ գնալով նա իրեն ստրկացնում է՝ դառնալով Աստծուն ընդդիմախոս: Ինչպես ցանկացած այլ ընդդիմադիր, ով կռվում է ինչ-որ բանի դեմ՝ անընդհատ գտնվում է կռվի առարկային վերաբերող մտքերի և ռեակտիվ հույզերի գերության մեջ: Պարզաբանեմ այս միտքը մեր թավշյա հեղափոխության օրինակով: Հաղթանակը, որով պսակվեց հեղափոխությունը, հենց այն հանգամանքով է բացատրվում, որ Փաշինյանի վարքի մեջ չկար կռվի որևէ նշույլ, նա չէր կռվում ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ, ուստի և ազատ էր գերող մտքերից ու հույզերից, նա շարժվում էր առաջ հանուն սիրո և համերաշխության, նա քայլում էր ազատության շնչով, նա չէր կռվում, այլ սիրում էր: Նա՝ ով կռվի մեջ է ստրուկ է: Ուրեմն ազատությունը ոչ թե կռվելով է, այլ գիտակցելով, քանի որ միայն գիտակցության շնորհիվ մենք կարող ենք դուրս գալ հակադարձ բևեռների օրինաչափությունից  և գտնել մեր ամբողջությունը: Ազատությունը խորը ինքնաճանաչողություն է, կյանքի խորքային իմացություն:

Անչափ հետաքրքրական է, որ դրախտ բառը պարսկերեն (Behesht, بهشت, հին պարսկերեն` Paridayda) նշանակում է ցանկապատված պարտեզ, այսինքն՝ լինելով գեղեցիկ ու չքնաղ մի վայր, դրախտն այնուհանդերձ մնում է բանտ ու մարդիկ այնտեղ ապրելով ոչ այլ ինչ են, քան բանտարկյալներ: Միայն պտուղը ճաշակելուց հետո Ադամն ու Եվան դարձան գիտակից ու հենց դրա շնորհիվ ազատվեցին բանտից, այսինքն՝ պարադիսից (դրախտից): Առանց գիտակցության մենք ակամայից ստեղծում ենք այս կամ այն բանտը, որում բնակվում ենք, լինի դա ազգային, կրոնական, քաղաքական, սոցիալ-մշակութային, սեռական, թե ցանկացած այլ գաղափարախոսությամբ սահմանափակում: Պետք է վերջ դնել ազատության միայն արտաքին լինելու ընկալմանը՝ լինի դա դրախտ, օրենքի գերակա իշխանություն, ֆինանսական բարեկեցություն, հոգեբանական հարմարավետություն, սեռական անկաշկանդվածություն, կարևոր չէ թե ինչից են սարքված բանտի պատերը՝ մենք անազատ կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք գիտակցել ազատ լինելու մեր ներքին պատասխանատվությունը, քանի դեռ մենք չենք ունեցել համարձակություն ապրելու մեր «ներքին աստծուն»։

Պատահում է, որ խնդրում ենք Աստծուն, որ նա մեզ տա այսինչ կամ այնինչ բանը, ու նեղանում ենք նրանից, որ նա չի լսում մեզ ու կատարում մեր ցանկությունը: Ինչ ենք անում այդ դեպքում՝ սկսում ենք մեղավորներ փնտրել դրսում՝ փոխանակ պատասխանատու դառնանք մեր կյանքի ու բարեկեցության համար, սկսում ենք դատապարտել շրջապատող անձանց: Գիտե՞ք թե ինչու ենք հայտնվում սիրային կախվածության մեջ: Որովհետև այնքան չենք սիրում ինքներս մեզ, որ երբ հանկարծակի ի հայտ է գալիս ինչ-որ անձ, ով ողողում է մեզ իր սիրով, անմիջապես հայտնվում ենք երջանկության դրախտում: Առանց հապաղելու սեփական երջանկության ողջ պատասխանատվությունը մի ակնթարթում գցում ենք մեզ սիրողի ուսերին՝ սպասելով, որ նա իրականություն կդարձնի մեր նվիրական երազանքները, ի կատար կածի բոլոր ցանկությունները, մենք նույնիսկ չենք կասկածում, որ ահա այսպես մտածելով՝ ինքներս ենք մեր գերության շղթաները կողպում: Բավական է, որ մեզ սիրող անձնավորությունը թուլացնի մեր հանդեպ ուշադրությունը կամ նրա կյանքում հայտնվի մեկ ուրիշը, անմիջապես կհայտնվենք խանդի վանդակում, բավական է, որ նա թողնի մեզ ու կհայտնվենք կախվածության վանդակում, իսկ եթե իրեն պահի հակառակ մեր սպասումների՝ զայրույթի վանդակում, վարվի ոչ մեր հրահանգներով՝ նեղացածության վանդակում:

Ուրիշների պահվածքից կախված սեփական բարեկեցության որոնման սովորույթը կարող ենք նկատել նաև անծանոթ մարդկանց հետ մեր հարաբերություններում: Օրինակ, երբ ինչ-որ վարորդ երթևեկության մեջ նյարդայնացնում է մեզ իր ոչ բարեխիղճ պահվածքով, մենք զայրույթից բոռում ենք նրա վրա՝ հայհոյանքների տարափ տեղալով նրա գլխին, փոխանակ այդ պահին պատասխանատվություն վերցնենք մեր համբերատարության և հանդուրժողության համար: Չէ՞ որ հենց ամենասկզբից, մենք այդ տեսակ վարորդների հետ պայմանավորվածություն չենք ունեցել, որ իրենք մեր նկատմամբ խնամքով և աչալրջորեն են վերաբերվելու, մի՞թե չենք տեսնում, որ պրոյեկտում ենք պատասխանատվության մեր սպասումը այդ մարդկանց վրա, և պահանջում, որ նրանք չբարդացնեն մեր կյանքը, փոխանակ գիտակցենք, որ խաղաղ լինելու բանալին մեր ներսում է, և պետք է փոխենք ինչ-որ բան հենց մեր ներսում, այլ ոչ թե սպասենք դրսից:

Այլ օրինակ կարող են ծառայել կանանց էմանսիպացիան քարոզող շարժումները: Արտաքինից վեհ հնչեղություն ունեցող այս գաղափարախոսությունը մի նոր տիպի գերության է տանում, որովհետև ֆեմինիստական շարժումների նպատակը տղամարդկանց չեզոքացնելն է, տղամարդկանց իշխանությունից ազատագրվելը, մինչդեռ ոչ թե տղամարդն է կնոջը ստրկացնում, այլ կնոջ ներսում տղամարդու հանդեպ թերարժեքության բարդույթը, վախը, կախվածությունը, սեռական մոլուցքը: Ընդհանրապես ազատությունը հերքում է հավասարությունը, որովհետև ազատությունը ոչ թե անձի, այլ անհատականության մենաշնորհն է, անձը չի կարող ազատ լինել, անձը կարող է միայն ունենալ իրավունքներ, օրինակ գենդերային հավասարության իրավունք: Իսկ ազատությունը անձից ազատագրումն է՝ խորանի վրա դրվում է անձը, որպեսզի այդ նույն տեղում հայտնվի անհատականությունը:

Ազատություն նշանակում է արժանապատվություն կրող մարդ, անկախ և ինքնուրույն մարդ, ով ապրում է ներկա իրավիճակով, ով ներկայի ամեն ակնթարթ ստեղծագործում է, ով պարզապես կա: Ազատ մարդը նա է, ով գիտի թե ինչն է իրեն երջանկացնում ու պատասխանատվություն է վերցրել մարմնավորելու իր երջանկությունը: Մենք չենք կարող փոխել աշխարհը, եվ պետք էլ չի, որովհետև միայն աշխարհը փոխելու մտադրությունն արդեն գերի է դարձնում, քանի որ անմիջապես հայտնվում ենք մեր սպասումների զնդանում: Մենք կարող ենք փոխել միմիայն մեզ և մարմնավորել մեր էությունը:

Իսկ ի՞նչ է նշանակում մարմնավորել էությունը: Մարմնավորել չի նշանակում հուզական արձագանքում տալ իրավիճակին, քանի որ ցանկացած ռեակտիվ դրսևորում գալիս է անձից: Պատասխան քայլը, որով էությունը ինքնադրսևորման հնարավորությոն է ստանում և մարմին առնում, ծնվում է ներկա պահին: Դա հանգիստ ու հավասարակշռված քայլ է, որտեղ ուշադրությունը ամբողջովին կենտրոնացած է լինել-ության վրա: Ես կամ-ի գիտակցումը քայլի ակունքն է: Ցանկացած իրավիճակ, որը պահանջում է քայլ անել, չունի իր նախադեպը, չկան պատրաստի գործելակերպեր, գործելու սխեմաներ, որոնք պետք է ունենալ պահեստում: Պահեստի կարիք չկա, երբ կա ստեղծարար ներկայություն: Զույգերի հարաբերության մեջ ստեղծված իրավիճակները որտեղ կոնֆլիկտային լարվածություն է առաջանում, չունեն պատրաստի լուծումներ, որոնք պետք է գտնել զույգային թերապևտի առանձնասենյակում: Որովետև այդ մեկանգմյա լուծումը չի գործում մյուս հերթական կոնֆլիկտի պարագայում: Յուրաքանչյուր նոր ծնված խնդիր կարող է լուծել միայն ազատ մարդը, ով ունի պատասխանատվության լիարժեք գիտակցություն, ծույլ և անպատասխանատու անձն ի վիճակի չէ քայլ անել և չի կարող իրավիճակի տեր դառնալ:

Քայլ անել չի նշանակում նաև վերահսկել իրավիճակը, որովհետև վերահսկումը գերության մեկ այլ օրինակ է: Լեվ Տոլստոյի հայտնի «Հայր Սերգեյ» վիպակում հերոսը վերահսկում էր իր սեռական մղումները, ճնշելով դրանց գոյությունը: Եվ երբ նա արդեն տոնում էր սեռական բնազդի դեմ տարած հաղթանակը, դաժան փորձությունն ապացուցեց հակառակը: Հայր Սերգեյի ազատությունը ոչ այլ ինչ էր, քան վերահսկողություն, որը մի օր պարզապես «պայթեց»: Հայր Սերգեյն սովորական նևրոտիկ անձ էր, ինչպես ցանկացած ոք ով փորձում է իր ներսում վերահսկել ու խեղդել անցանկալի դրսևորումներ, որպեսզի դրանք հանկարծ չերևան:

Ազատ լինելն արիություն է, որպեսզի կարողանաս ազատությունից դրդված քայլ անել մեծ ռիսկ է պահանջվում, որովհետև դեմ ես դուրս գալիս անորոշությանը, անհայտին, նախապես չգրվածին: Սակայն միայն ազատության շնորհիվ կարելի է մոտենալ իրական Ես-ին, զգալ իրական բերկրանք, իրական հաճույք, իրական կիրք, մոտենալ իրական կոչմանը:

Մենք երբեք չենք կարող բացարձակ ազատ լինել ֆիզիկական մարմնի մակարդակում: Շատ դժվար է նաև ազատագրվելը հոգեբանական և հոգևոր մակարդակներում: Լինելով էվոլյուցիոն սանդղակի բարձրագույն էակներ, մենք այնուհանդերձ  կրում ենք մեր մեջ կենդանականը և բուսականը: Մեր նյարդային համակարգում կան բաժիններ, որոնք համընդհանուր են և գործում են միևնույն սկզբունքներով, ինչպես ցածրակարգ կենդանուն կամ բույսին է բնորոշ:  Եվ եթե մեր ազատությունը ոտնահարում է այլ մարդկանց ազատությունը, ապա դա նշան է մարդուն ներհատուկ բարձրագույն նյարդային կազմավորումների թերի զարգացման:

Մեր ազատությունը կամայականություն է, եթե այն խանգարում է այլ մարդկանց ազատությունը: Մենք ազատ ենք միայն մի կետում, որտեղ ես իմ ինքնությունն եմ, որով ես կարող եմ հարաբերվել այլ մարդու ինքությանը՝ առանց կաշկանդելու նրա ազատությունը: Ուրիշի ազատությունը կարող ես հարգել, երբ հարգում ես սեփական ազատությունդ։

«Մարդիկ փնտրում են մեկուսացում ամայության մեջ՝ ծովի ափին ու լեռներում, ու դու նույնպես սովոր ես կարոտագին ձգտել դրան: Սակայն սա տգիտություն և թուլություն է, քանի որ դու ունես ցանկացած պահի ինքդ քո մեջ պարփակվելու ազատությունը: Չկա մարդու համար ավելի լուռ ու հանգիստ ապաստան, քան սեփական հոգին, մանավանդ եթե նա իր խորքում ունի հատկություններ, որոնց հայելիս միանգամից վայելում է կատարյալ անդորր, ու այս անդորրը, ըստ իս, ոչ այլ ինչ է, քան սեփական բարեպարշտության՝ մաքուր խղճի գիտակցումը»: -Մարկ Ավրելիոս

Փակել


Ձեզ կարող է հետաքրքրել նաև…


Ձեզ կհետաքրքրեն նաև՝

11 апреля, 2025

Չբավարարող զույգային հարաբերություններում զույգերը հաճախ մտածում են բաժանվելու մասին՝ առանց հասկանալու, որ բաժանումը շատ հաճախ չի լուծում խնդիրները և չի բերում հոգեկան հանգստության։ Այստեղ չկա այն գիտակցումը, որ բաժանումը չի նշանակում հեռացում-ազատագրում, այլ ընդհակառակը՝ բաժանվելուց հետո դուք ստիպված եք նորից հանդիպել ու գործ ունենալ ձեր սեփական խնդիրների հետ, որոնք նախկինում արտացոլում էիք ձեր զուգընկերոջ վրա։Ընդունված է մտածել, որ մենք ամուսնանալուց միանում ենք, եւ իսկապես՝ արտաքնապես մենք տեսնում ենք երկու հոգի, ովքեր միանում եւ թվում է՝ մեկ են դառնում։ Սակայն ավելի խորաթափանց հայացք նետելով՝ կարելի է տեսնել, որ դա այդպես չէ։ Իրականում, երբ տղամարդն ամուսնանում է՝ իր կնոջ շնորհիվ նա վերջապես «բաժանվում է» եւ կարող է հանդես գալ մաքուր տղամարդու կերպարով, նմանապես նաեւ կինն է բաժանվում եւ մաքուր կին դառնալու հեռանկար ստանում։ Շարունակեք կարդալ։Հասկանալու համար, թե այդ ինչպես է ամուսնությունը բաժանում մարդուն, պետք է ընդամենը հիշել, որ մարդն ինքն իրենով ամբողջական էակ է, ով ընդգրկում է ամբողջն իր մեջ, նա մեկ ամբողջ է, 1 թիվը։ Սա նշանակում է, որ մարդու մեջ ներառված են եւ արականը, եւ իգականը։Մենք այստեղ չենք խոսում ֆիզիկական սեռի մասին։ Ըստ ֆիզիկական սեռային պատկանելիության՝ մարդիկ բաժանվում են արական եւ իգական սեռերի, մարդը ծնվում է արական կամ իգական սեռի ներկայացուցիչ։ Ֆիզիկական առումով՝ նա սեռապես պառակտված է։ Մենք այստեղ խոսում ենք մարդու կորիզային կառուցվածքի մասին, որպես հոգեւոր էակ։ Այս առումով մարդն ամբողջական է եւ նրա մեջ գործառում է անդրոգին սեռային էություն։Ամուսնանալիս՝ տղամարդը կարող է հետ զարգացնել իր ներքին իգական աշխարհին բնորոշ հատկանիշները, հետ կանգնել իր ամբողջական անդրոգին վիճակից ու գալ անդրոս-վիճակի, քանի որ նրա կողքին հայտնվում է կին, նա ունենում …

11 апреля, 2025

Ինչու է պետք, որ նորաստեղծ ընտանիքն առանձին ապրի։Քանի դեռ երիտասարդներն ապրում են ծնողների հետ մեկ հարկի տակ, գոյություն ունի մեկ՝ ընդլայնված ընտանիք, որ կարող է ունենալ միայն մեկ տանտեր ու տանտիրուհի։ Հարսն այդ տան տանտիրուհին չէ, այլ ընտանիք «բերած» աղջիկը, ում ինչքան էլ սիրեն, պատվեն, միեւնույնն է, ստանձնում է ընտանիքին կցվող, «որդեգրված» դստեր դերը։Նոր ընտանիքի կազմումը սկսվում է հայրական տնից բաժանումից, որով նոր տուն ու տեղ է դրվում։ Հայրական տնից դուրս եկած տղան, ինչքան էլ իր հոր տղան լինի, միեւնույնն է՝ տարբերվում է նրանից, քանի որ նոր սերունդ է ներկայացնում, իսկ սերունդը փոխված ժամանակի պահանջն է կրում։Երբ ընդլայնված ընտանիքի բոլոր անդամներն ապրում են մեկ հարկի տակ, երիտասարդներն իրենց անհատական զարգացման մեջ ոչ ներդաշնակ ընթացք են առնում եւ անգամ՝ աճման կանգ ապրում, քանի որ ծնողների հովանավորությամբ լուծված խնդիրները թուլացնում են աճման համար անհրաժեշտ դիմադրությունը։Հայրական տանը ու ծնողների ներկայությամբ երիտասարդներն ակամայից ստանձնում են «երեխայի» դերը։ Սա մի կողմից ունի դրական ազդեցություն, եթե այդ դերը գիտակցված ստանձնել՝ ուսումնասիրելու համար ներքին երեխայի վնասվածքները, մյուս կողմից սակայն՝ հուզական բարձր լարվածության պատճառով ոչ թե ներքին երեխայի դիտարկում, այլ ստացած վնասվածքների խորացում է գնում։Ծնողներն ունեն երեխաներին թրիգերելու (հուզական խախտում առաջացնելու) բարձր պոտենցիալ, որից երեխաների մոտ հայտնվում են ուժգին հույզեր։ Անկարող լինելով տարանջատվել այդ հույզերից ու վերաապրելով հաղթահարել դրանց ազդեցությունը՝ երեխան նույնականացվում է այդ հուզերին եւ դրանց շուրջ հյուսված կեղծ ինքնություն ամրապնդում։Հասուն, բայց դեռ երեխա մնացած մեծահասակը՝ արդեն ամուսնացած, շարունակում է իրեն երեխայի պես պահել՝ առանց գիտակցելու իր այդ պահվածքը։ Տղան կարող է նմանակվել հորը, մնալ մոր հետ պորտալարով սնուցվող «արգանդային» հարաբերություններում ու անգիտակացաբար իր կնոջ վրա արտապատկերել …

11 апреля, 2025

«Լևի գնալ» արտահայտությունը առօրյա խոսակցականում գլխավորապես վերաբերում է այն տղամարդկանց, ովքեր ցանկանում են պահպանել իրենց ընտանիքը, բայց և մտնում են արտանուսնական կապերի մեջ։ Ի՞նչ է սա՝ անկշտությո՞ւն, չտեսությո՞ւն, մերժելու անկարողությո՞ւն, ընդունված մշակո՞ւյթ, որից չես կարող հրաժարվել…Նախ նշենք, որ «լևի գնացող» տղամարդկանց մեջ կան այնպիսինները, որոնց կանայք, կարելի է ասել, «կատարյալ են», հետևաբար «դավաճանում են» նաև թագուհիներին։ Կինը չի կարող կանխել տղամարդու այդ քայլը. դա կնոջ վերահսկումից դուրս է։Այնուհետև ֆիքսենք, որ մոնոգամ կամ պոլիգամ լինելը մարդու Ո ր ո շ ու մ է, այսինքն՝ տղամարդիկ որոշում են մոնոգամ լինել՝ մարմնա- և հոգեսեռական հավատարմություն պահպանել ամուսնության ընթացքում, կամ էլ գիտեն, որ գայթակղության դեպքում տրվելու են դրան, ու իզուր խոստումներ չեն տալիս։ Այս որոշումը հարաբերությունների ընթացքում կարող է փոփոխվել՝ մոնոգամը դառնա պոլիգամ և հակառակը։Կան այնպիսի տղամարդիկ, որոնց մոտ սեռամարմնայինն անջատված է հոգեսեռայինից։ Նրանք գտնում են, որ հավատարմությունը հոգեպես է լինում, այսպիսով՝ նրանք հավատարիմ են մնում ընտանիքին ու կնոջը մինչև կյանքի վերջ տեր կանգնելու հանձնառությանը և պատահական կնոջ հետ սերմնաժայթքում ունենալը չեն համարում անհավատարմություն։Կան նաև տղամարդիկ, ովքեր դա անում են սովորությունից դրդված, հաճույքին գերի ընկած կամ կախվածությունից ելնելով։ Նրանք գիտակցում են իրենց սովորությունը, հեշտասիրությունը, կախվածությունը, բայց չգիտեն՝ ինչպես կամ ուղղակի չեն ուզում ազատվել դրանից։Մեր մոտեցումն այս հարցին, թե ինչու են տղամարդիկ «լևի գնում», հիմնվում է տարիների ընթացքում կատարած մեր ուսումնասիրությունների, պրակտիկայում հանդիպած հարյուրավոր դեպքերի մանրակրկիտ դիտարկումների, գիտական և գեղարվեստական գրականության, պատմական և մշակութային արժեքների, կրոնական պատկերացումների վերլուծության վրա։Մեր դիտանկյունից՝ տղամարդկանց «լևի տանող» դրդապատճառը կապ ունի մարդու ինքնաճանաչողական հոգևոր պահանջմունքի հետ։ Այն տղամարդիկ, որ գնում են այդ քայլին, ներքին մղում են զգում դեպի նորը, անհայտը, …

6 января, 2019

Պոռնիկ բառը սովորաբար ասոցացվում է մարմնավաճառության հետ, պոռնիկ է համարվում նա, ով սեռական բնույթի ծառայություններ է մատուցում որոշակի գումարի դիմաց, այլ կերպ ասած՝ վաճառում է իր մարմինը։ Բայց պետք է իմանալ, որ վաճառել կարելի է ոչ միայն մարմինը, այլ նաև այդ մարմնում բնակվողին կամ նրա մասերից որևէ մի բան։Այս գրառման մեջ պոռնիկ բառի տակ ես նկատի չունեմ փողի դիմաց մարմինը վաճառող մեկին, այլ հասկանում եմ լրիվ ուրիշ բովանդակություն։ Խոսքը գնում է ավելի շուտ արքետիպի մասին, մեր ներսում ապրող միտման, կաղապարի, ունիվերսալ սիմվոլի, որը ժառանգվում է սերնդեսերունդ՝ իբրև վարքային մոդել և ազդում կյանքի ընթացքի վրա՝ թողնելով տարբեր հետևանքներ։Բոլոր մարդիկ իրենց ներսում ունեն Պոռնիկի արքետիպը՝ թե կանայք, թե տղամարդիկ՝ արտահայտման տարբեր աստիճաններով։ Պոռնիկի արքետիպը մեր կյանքում արտահայատվում է, երբ պատկերավոր ասած՝ մենք վաճառում ենք մեր որևէ մասը ինչ-որ օգուտի դիմաց, երբ գործում ենք «քյարից» դրդված:Ձեզ կարող է հետաքրքրել նաև... 

19 июля, 2018

Մեջբերում եմ մի հատված բժշկական գործունեությանս ընթացքում տեղի ունեցած մի զրույցից (կա զրուցակցի նախնական համաձայնությունը, դետալները փոփոխված են). «...Կան շատ բաներ, որոնք ուզում եմ իմանաք իմ մասին, ես պատասխան չեմ ակնկալում, ուղղակի ուզում եմ ասել ինչ եմ զգում: Զգում եմ, որ իմ մեջ ապրում է մի հրեշ ու ես չեմ կարողանում նրան սաստեմ, իրականում չեմ էլ փորձում... Ինձ թվում է դուք էլ եք հանձինս ինձ տեսնում մի փոքրիկ ու թույլ երեխայի, դա այդպես էլ կա, բայց կա նաև էն մութ կողմը, որից ես ամաչում եմ, բայց ինքը կա... Ես էնքան վատն եմ, վատը շատ պրիմիտիվ բառ է, ես կասեմ տականք ու ստոր եմ, որ ես շփվում են էն մարդկանց հետ, ես հաց եմ ուտում էն մարդկանց տանը, որոնց, որ իմ իմ մտքում բազմիցս վատ խոսքեր եմ ասել… ու ես արդեն չգիտեմ էլ՝ արդյո՞ք ինձ վատ եմ զգում այդ կեղտոտ խոսքերի համար, թե ոչ այդքան, քանզի այդ ամենը դարձել է շատ սովորական ինձ համար: Եղել են պահեր, որ իմ զզվանքը մամայիս հանդեպ էնքան ուժեղ է եղել, որ ես զզվել եմ էն մտքից, որ ես իր ներսում եմ սաղմնավորվել... Այս տողերը գրում եմ շատ հանգիստ, քանզի հիմա չեմ զգում այն, ինչ գրում եմ, ուղղակի շարադրում եմ երբևէ զգացածս ինչ-որ բաներ...»: Իհարկե մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում մարդն իր մեջ այնպիսի որակներ ու կողմեր կարող է տեսնել, որոնք ընդունելը ծայրաստիճան շփոթեցնող է և անգամ կարող է խելագարության հանգեցնել: Այս առումով կցանկանայի մեջբերում անել Կարլ Յունգի՝ մարդու հոգեբանության ոլորտում խորքային ուսումնասիրություններ կատարած այս հեղինակի «Անգիտակցականի հոգեբանությունը» աշխատությունից. Ձեզ կարող է հետաքրքրել նաև...

2 июля, 2018

Կնոջս հետ շփումը ուժասպառ է անում ինձ, երբ տանն եմ՝ նրա հետ, հոգնածություն եմ զգում, դրա համար էլ գերադասում եմ ինչքան հնարավոր է նրա կողքին չգտնվել, ուշ եմ վերադառնում աշխատանքից, տարբեր առիթներ եմ փնտրում տնից բացակայելու համար: Ինձ զայրացնում է այն հանգամանքը, որ նա անընդհատ փորձում է ներխուժել իմ կյանքի այնպիսի ոլորտներ, որոնք խիստ անձնական եմ համարում, ինձ վերահսկելու և չարաշահելու նրա փորձերը ճնշում են ինձ, անզորությունից չգիտեմ ինչ անել, կարծես ցանցում բռնված անօգնական թիթեռ լինեմ: Հարցս հետևյալն է՝ ինչպես պաշտպանեմ անձնական տարածքիս սահմանները՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր ամուսնական հարաբերությունները: /Ա., 35 տարեկան/ Շնորհակալություն այս կարևոր հարցի համար: Նախ նշեմ, որ այս խնդիրը բավական լայն տարածում ունի և անհանգստացնում է շատերին, թեև կան մարդիկ, ովքեր անգամ չեն էլ գիտակցում, որ սա խնդիր է: Ընդհանրապես սահմանն իր ներսում փակելու միտում ունի, որով սահմանափակվածը դառնում է աշխարհին ներկայանալի առանձին միավոր: Երբ ասում ենք անձնական տարածք, հասկանում ենք ֆիզիկական, մտային և հուզական սահմանագծերով եզրափակված այն տիրույթը, որով մենք ներկայանում ենք աշխարհին որպես առանձին անհատ և կերպար: Բոլոր առողջ հարաբերություններում, անկախ թե դա ինչ բնույթ է կրում՝ ինտիմ ամուսնական, ընկերական, թե գործնական, հարաբերվող կողմերից յուրաքանչյուրը պետք է գիտակցի անձնական տիրույթի սահմաններ ունենալու և դրանք պաշտպանելու կարևորությունը: Սա անհրաժեշտություն է, քանի որ այդ սահմանները հստակորեն զատում են մեր ինքնությունն այլ մարդկանց ինքնությունից, օգնում զանազանել սեփական կարիքները այլոց կարիքներից, տարբերակել սեփական ցանկություններն ուրիշ մարդկանց ցանկություններից: Այս սահմանները պաշտպանում են մեզ ուրիշ անձանց կողմից օգտագործված, չարաշահված լինելուց, մանիպուլյացիայի ենթարկվելուց: Ձեզ կարող է հետաքրքրել նաև...

Comments

  1. Անանուն

    Reply
    20 июня, 2018

    Էս ինչ արյունը մաքրող, բջիջները վերականգնող, հոգին վեհացնող, սիրտը լայնացնող, Մարդուն Ազատագրող նյութ է ստացվել: Շնորհակալ եմ:

Թողնել մեկնաբանություն

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *