Մասնագիտությամբ բժիշկ եմ, բժիշկ-սեքսոլոգ:
Բժիշկ դառնալու փափագն ունեցել եմ դեռևս մանկուց, հավանաբար այդ մասնագիտության հանդեպ հորս ունեցած ակնածանքի շոնրհիվ։ Իսկ սեքսոլոգիայի ընտրությունը, որպես նեղ մասնագիտացում, պայմանավորված է եղել կյանքի ամենազարմանահրաշ երևույթը՝ ծննդյան առեղծվածը բացահայտելու ցանկությամբ։ Մինչ օրս էլ համոզված եմ, որ երեխան չի ծնվում այն պահին, երբ դուրս է գալիս կնոջ սեռուղիներից, ոչ էլ այն պահին, երբ միմյանց են ձուլվում սեռական բջիջիները (թե չէ մանկաբարձ-գինեկոլոգ կդառնայի), այլ դրանից շատ ավելի վաղ, երբ Գիտակցության հորիզոնում նշմարվում է Լույսի նոր շողքի դրսևորման անհրաժեշտությունը (կարծում եմ պարզ է, թե ինչու եմ ընտրել հոգեբուժության ճյուղ հանդիսացող մասնագիտություն)։
Ծնվել ու մեծացել եմ Երևանում։ Հայրս, ում նախնիները Ղարսից են գաղթել, ճարտարապետ էր, մայրս՝ (ում մայրական կողմը ռուսական արյուն է կրում) հորս օգնականն էր, թե´ աշխատավայրում, թե´տանը։ Կարծում եմ, որ տներ նախագծելու ծնողներիս մեծ սերն ու հակումը փոխանցվել է նաև ինձ, քանի որ իբրև բժիշկ զբաղվում եմ նույն գործով, եթե ընդունենք, որ մարդու մարմինը ևս տուն է, «այն տաճարը, որում բնակվում ենք», իսկ ցանկացած տուն վերանորոգման, պահպանման ու մաքրման կարիք ունի։
Երևանի պետական բժշկական համալսարանում սովորելու հենց առաջին տարիներից իմ նախասիրությունների շարքում միշտ եղել են մարդու վարքն ուսումնասիրող գիտությունները։ Իբրև ուսանող այն համոզումն ունեի, որ հորմոնները մարդու վարքի կազմակերպման գործում ամենավերջին տեղն են զբաղեցնում։ Ինչն էր ինձ ամենից շատ անհանգստացնում այն ժամանակ, դա լաբորատոր առնետների վրա մեր կատարած գիտափորձերն էին, որոնց հիման վրա հոդվածներ էինք տպագրում։ Իմ մեջ միշտ այն սկեպտիկ վերաբերմունքն էր տիրում, թե այդ ինչպես կարելի է առնետների վրա կատարած հայտնագործումները հետագայում տարածել մարդու վրա և դեռ մարդկային վարքի կանխատեսումներ անել։ Երիտասարդ գլխումս անընդհատ հնչում էր հուզախռով հարցը. «Մի՞թե մարդը չի տարբերվում կենդանուց»:
Կարդալ ավելին
Երևանի բազմաթիվ կլինիկաներում անցկացրած ժամանակը, հայազգի և արտերկրյա բժիշկների հետ շփումը, հիվանդների հետ աշխատանքը, ինձ ավելի ու ավելի էր մոտեցնում այն մտքին, որ առողջությունը չի սահմանափակվում ֆիզիկական մարմնով, այլ ամփոփում է իր մեջ մարդու հոգեկան և սոցիալական գործունեության ոլորտները։ Ֆիզիկապես կատարյալ առողջ, բայց հոգեկան ու սոցիալական ոլորտներում բարձրագույն արժեքներից զուրկ մարդուն դեռ ուսանող տարիներին առողջ չէի համարում, այլ կերպ ասած, մարդկային կերպարը կորցրած մարդը ինձ համար հիվանդ մարդ էր, թեկուզ նրա բոլոր օրգան համակարգերը կատարյալ գործառեին։ Ինչպես չենք կարող առողջ համարել վանդակում փակված առյուծին, որ կորցրել է կենդանական բնազդները դրսևորելու հանարավորությունը, այնպես էլ առողջ չէ այն մարդը, ով կորցրել է մարդկային կոչման իր առաքելությունը՝ վերածվելով վեգետատիվ օրգանիզմի կամ բնազդները բավարարող կենդանի էակի։
Մտքիս անդադար որոնումները բերեցին Երևանի հոգեբուժական կլինիկաներ և վերջնական ձևակերպում տվեցին իմ գլխում շարունակ պտտվող այն վարկածին, ըստ որի առողջությանը հասնելու համար անհրաժեշտ է սկսել ներսից, ներքին ճիգ գործադրել՝ «ի մահ հիվանդությանը»՝ «մարմինը կառուցելով հոգու շուրջ»։ Հակառակ դեպքում, ինչպես օրինակ հոգեկան հիվանդությունների պարագայում, երբ բանական քննադատությունն ի սպառ վերացած է, առողջացման ամեն տեսակի հույսերը մարում են։
Սեռական առողջության ոլորտն ընտրեցի, որովհետև այստեղ գործ ունես հոգեկանի ամենանուրբ շերտերի հետ, իսկ էությամբ, որպես մարդ՝ ինքս էլ շատ խորը և նուրբ զգացումներ ապրող եմ։
Կլինիկական պրակտիկ աշխատանքի սկզբնական տարիներին հիմնականում առաջնորդվել եմ ռուսական դպրոցի մոտեցումներով, քանի որ իմ պատկառելի ուսուցիչը՝ Արամ Էդուարդի Հակոբյանը, այդ դպրոցի սանն է։ Հետագայում, Օքսֆորդի համալսարանում աշխարհի առաջատար ու հեղինակավոր մասնագետների կողմից մեկ ամսյա ինտենսիվ ուսուցումը և շփումն արտերկրյա կոլեգաների հետ իմ մեջ ձևավորեց բժշկական սեքսոլոգիայի դասական՝ անգլո-եվրոպական մտածողություն։ Երբ վերադարձա Հայաստան, սկսեցի գիտական հետազոտություն իրականացնել ուղղված կանանց սեռական խանգարումների պատճառածագմանը՝ առաջնորդվելով գիտական աշխարհի համընդհանուր պատկերացումներով, տպագրեցի մի քանի գիտական հոդվածներ։ Այդ ժամանակ էր, որ առաջարկություն ստացա աշխատել հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց հետ։ Դա հանդիպում էր կյանքի նկատմամբ մարդկային ոգու անբացատրելի ուժի և ձգտման հետ, որի պարագայում անհեթեթ է դառնում մտածել, թե ֆիզիկական մարմինն իրենով ի զորու է որոշիչ դեր կատարել կամ որևէ սահմանափակում բերել։
Մի քանի տարի անց Esalen-ում (ԱՄՆ, Կալիֆորնիա), որտեղ մասնակցում էի սեռականը և հոգևորը թեմայով մի սեմինարի, հանդիպեցի այլընտրանքային բժշկությամբ զբաղվող մի քանի նշանակալի մարդկանց, այդ թվում մի շամանի, ով բավական տպավորիչ աշխատանքային արդյունքեր ուներ, ինչին ականատես եղա իմ աչքով։ Արևելյան և Արևմտյան մշակույթների խաչմերուկում ձևավորված նոր տեսակի մտածողությամբ վերադարձա հայրենիք, մարդիկ, ում հանդիպեցի Սան Ֆրանցիսկո քաղաքում, իմ մեջ ամրապնդեցին սեռական առողջության դասական գիտական պատկերացումների սահմանափակությունը և ժամանակակից բժշկության ուղեցուցային մոտեցումների անկատարելությունը։
Սեռական առողջության ոլորտում մասնագիտական գործունեություն եմ ծավալում գրեթե 20 տարի, այս ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ ու բազմապիսի սեռական խանգարումների ու խնդիրների։ Աշխատել եմ ինչպես զույգերի, այնպես էլ առանձին անհատների, թե´ կանանց, թե´ տղամարդկանց հետ, սեռական աններդաշնակությունների, սեռական տրավմա տարած, սեռային ինքնության խնդիրներ ունեցող անձանց հետ։ Աշխատանքային փորձը և սեփական հետազոտությանս արդյունքները փաստում են, որ սեռական բոլոր կարգի խնդիրները լուծելի են, որոշները մեծ համառություն և ահռելի ջանքերի գնով, մյուսներն ավելի հեշտ ու մի քանի թեթև միջամտությամբ։ Բուժման մեջ ամենից շատ կարևորում եմ խոսքը, քանի որ հավատում եմ խոսքի հրաշագործ ազդեցությանը, կարելի է ասել կիրառում եմ հիմնականում խոսքային թերապիա և միայն եզակի դեպքերում դիմում եմ դեղորայքի օգնությանը, որով պահանջվում է վերականգնել մարմնի վրա հիվանդության թողած հետքը։
Ինչն է ինձ ամենից շատ ոգեշնչում՝ բուժման արդյունքում հայտնված իրական սերն իր պտուղներով, բերկրանքի ու երջանկության րոպեներով, որը զույգն ապրում է էրոտիկ հարաբերությունների իրական նշանակությանը հասնելով։ Աշխատանքային գործունեությանս յուրաքանչյուր վայրկյան գործ ունեմ հիվանդությունը հաղթելու, մարդուն առողջացնելու բարդ ու դժվարին պատասխանատվության հետ։
Փակել