Ինչու է պետք, որ նորաստեղծ ընտանիքն առանձին ապրի։
Քանի դեռ երիտասարդներն ապրում են ծնողների հետ մեկ հարկի տակ, գոյություն ունի մեկ՝ ընդլայնված ընտանիք, որ կարող է ունենալ միայն մեկ տանտեր ու տանտիրուհի։ Հարսն այդ տան տանտիրուհին չէ, այլ ընտանիք «բերած» աղջիկը, ում ինչքան էլ սիրեն, պատվեն, միեւնույնն է, ստանձնում է ընտանիքին կցվող, «որդեգրված» դստեր դերը։
Նոր ընտանիքի կազմումը սկսվում է հայրական տնից բաժանումից, որով նոր տուն ու տեղ է դրվում։ Հայրական տնից դուրս եկած տղան, ինչքան էլ իր հոր տղան լինի, միեւնույնն է՝ տարբերվում է նրանից, քանի որ նոր սերունդ է ներկայացնում, իսկ սերունդը փոխված ժամանակի պահանջն է կրում։
Երբ ընդլայնված ընտանիքի բոլոր անդամներն ապրում են մեկ հարկի տակ, երիտասարդներն իրենց անհատական զարգացման մեջ ոչ ներդաշնակ ընթացք են առնում եւ անգամ՝ աճման կանգ ապրում, քանի որ ծնողների հովանավորությամբ լուծված խնդիրները թուլացնում են աճման համար անհրաժեշտ դիմադրությունը։
Հայրական տանը ու ծնողների ներկայությամբ երիտասարդներն ակամայից ստանձնում են «երեխայի» դերը։ Սա մի կողմից ունի դրական ազդեցություն, եթե այդ դերը գիտակցված ստանձնել՝ ուսումնասիրելու համար ներքին երեխայի վնասվածքները, մյուս կողմից սակայն՝ հուզական բարձր լարվածության պատճառով ոչ թե ներքին երեխայի դիտարկում, այլ ստացած վնասվածքների խորացում է գնում։
Ծնողներն ունեն երեխաներին թրիգերելու (հուզական խախտում առաջացնելու) բարձր պոտենցիալ, որից երեխաների մոտ հայտնվում են ուժգին հույզեր։ Անկարող լինելով տարանջատվել այդ հույզերից ու վերաապրելով հաղթահարել դրանց ազդեցությունը՝ երեխան նույնականացվում է այդ հուզերին եւ դրանց շուրջ հյուսված կեղծ ինքնություն ամրապնդում։
Հասուն, բայց դեռ երեխա մնացած մեծահասակը՝ արդեն ամուսնացած, շարունակում է իրեն երեխայի պես պահել՝ առանց գիտակցելու իր այդ պահվածքը։ Տղան կարող է նմանակվել հորը, մնալ մոր հետ պորտալարով սնուցվող «արգանդային» հարաբերություններում ու անգիտակացաբար իր կնոջ վրա արտապատկերել իր ստվերային կողմերը, որոնք գոյացել են ծնողների հետ տարիների շփմսն արդյունքում։
Ինչու պետք է նորաստեղծ ընտանիքը առանձի՞ն ապրի։ Որպեսզի տղան կարողանա մաքրել իր ինքնությունը ծնողական ազդեցություններից եւ նոր տուն կառուցի՝ հիմնված թե՛ հորական տնից ժառանգած կարգավորիչների ու արժեքների, թե իր ու իր կնոջ կողմից ստեղծված ընտանեկան ավանդույթների, միմյանց նկատմամբ ջերմ զգացմունքների, ուշադրության ու հոգատարության վրա։
Ընտանիքի կայացման գործընթացը անհատների զարգացմանն ու կայացմանը զուգահեռ է տեղի ունենում։ Կայացման համար կարևոր նախապայման է ինքդ քո վրա հույս դնելը, պարտականություններիդ նկատմամբ ամբողջական պատասխանատվություն վերցնելը, խնդիրները սեփական ուժերով լուծելն ու կենցաղը կազմակերպելու հարցում համագործակցելը։