«Լևի գնալ» արտահայտությունը առօրյա խոսակցականում գլխավորապես վերաբերում է այն տղամարդկանց, ովքեր ցանկանում են պահպանել իրենց ընտանիքը, բայց և մտնում են արտանուսնական կապերի մեջ։ Ի՞նչ է սա՝ անկշտությո՞ւն, չտեսությո՞ւն, մերժելու անկարողությո՞ւն, ընդունված մշակո՞ւյթ, որից չես կարող հրաժարվել…
Նախ նշենք, որ «լևի գնացող» տղամարդկանց մեջ կան այնպիսինները, որոնց կանայք, կարելի է ասել, «կատարյալ են», հետևաբար «դավաճանում են» նաև թագուհիներին։ Կինը չի կարող կանխել տղամարդու այդ քայլը. դա կնոջ վերահսկումից դուրս է։
Այնուհետև ֆիքսենք, որ մոնոգամ կամ պոլիգամ լինելը մարդու Ո ր ո շ ու մ է, այսինքն՝ տղամարդիկ որոշում են մոնոգամ լինել՝ մարմնա- և հոգեսեռական հավատարմություն պահպանել ամուսնության ընթացքում, կամ էլ գիտեն, որ գայթակղության դեպքում տրվելու են դրան, ու իզուր խոստումներ չեն տալիս։ Այս որոշումը հարաբերությունների ընթացքում կարող է փոփոխվել՝ մոնոգամը դառնա պոլիգամ և հակառակը։
Կան այնպիսի տղամարդիկ, որոնց մոտ սեռամարմնայինն անջատված է հոգեսեռայինից։ Նրանք գտնում են, որ հավատարմությունը հոգեպես է լինում, այսպիսով՝ նրանք հավատարիմ են մնում ընտանիքին ու կնոջը մինչև կյանքի վերջ տեր կանգնելու հանձնառությանը և պատահական կնոջ հետ սերմնաժայթքում ունենալը չեն համարում անհավատարմություն։
Կան նաև տղամարդիկ, ովքեր դա անում են սովորությունից դրդված, հաճույքին գերի ընկած կամ կախվածությունից ելնելով։ Նրանք գիտակցում են իրենց սովորությունը, հեշտասիրությունը, կախվածությունը, բայց չգիտեն՝ ինչպես կամ ուղղակի չեն ուզում ազատվել դրանից։
Մեր մոտեցումն այս հարցին, թե ինչու են տղամարդիկ «լևի գնում», հիմնվում է տարիների ընթացքում կատարած մեր ուսումնասիրությունների, պրակտիկայում հանդիպած հարյուրավոր դեպքերի մանրակրկիտ դիտարկումների, գիտական և գեղարվեստական գրականության, պատմական և մշակութային արժեքների, կրոնական պատկերացումների վերլուծության վրա։
Մեր դիտանկյունից՝ տղամարդկանց «լևի տանող» դրդապատճառը կապ ունի մարդու ինքնաճանաչողական հոգևոր պահանջմունքի հետ։ Այն տղամարդիկ, որ գնում են այդ քայլին, ներքին մղում են զգում դեպի նորը, անհայտը, անճանաչելին: Նրանք իմացական ծարավ են ապրում և այդ քայլին են գնում հոգևոր ծարավից։ Առաջին հայացքից սա արդարացնում է նրանց արարքը, սակայն դա այդպես չէ, որովհետև նրանք չեն գիտակցում արտամուսնական կապի գնով ձեռք բերված իմացության վնասը։
Հոգևոր ծարավ ապրող այս տղամարդիկ կարող չեն եղել գտնելու այս ծարավը բավարարող այլ աղբյուր։ Նրանք փնտրել են այն, բայց չեն գտել, փնտրել են ամենուր՝ ընկերության, ամուսնության, ծնող դառնալու մեջ, այնուհետև եկեղեցում, հոգևոր ուսմունքներում, հեղինակությունների, առաջնորդների ելույթներում, ստեղծագործ աշխատանքում, ճամփորդությունների մեջ…
Վերջապես, փնտրտուքների հետևից ընկած՝ ինչ-որ մի պահի, նրանք հանդիպել են կնոջ գայթակղությանը, որի մեջ եղել է իրենց փնտրածը գտնելու հույս։ Ու իսկապես, սեռական հարաբերությունն արգելված կնոջ հետ տվել է հանգստություն։ Նրանք հանգստացել են, որովհետև վերջապես գտել են այն, ինչ փնտրել են, գտել են իրենք իրենց՝ ցավոք ու ավաղ՝ արգելված ճանապարհով։
Սեռական հարաբերությունն արգելված կնոջ հետ նրանց տվել է ինքնաճանաչողական գիտելիք, իրենք իրենց այլ կողմերից ճանաչելու, իրենք իրենց գտնելու, մոռացածը վերհիշելու, կորցրածը հետ բերելու հնարավորություն։ Ձախ գնալով՝ նրանք զգացել են, որ իրենք այդքան էլ վատը չեն, որ իրենք կարող և ունակ են, որ պարտք չեն ոչ մեկի, մեղավոր չեն, ճանաչել են իրենց ագրեսիվ ու չար, բարի ու մեծահոգի կողմերը, հասկացել են, որ իրավունք ունեն ապրելու, ցանկանալու, զգացել են, որ իրենք կան, կենդանի են, այլ ոչ մեռած…
Այս բոլորը ինքնաճանաչողական փայլատակումներ են, որոնց մասին խոսում են մեր պրակտիկայում հանդիպած այդ տղամարդիկ։ Նման փայլատակումներն իհարկե սնուցող են, կենարար, ու դրանք ունեցողը հաճախ չի փոշմանում ու իրեն մեղավոր չի զգում իր կնոջ հանդեպ գործած սխալ քայլի համար, հակառակը՝ նա նշում է, որ դրանից հետո ավելի շատ է սիրում և ցանկանում իր կնոջը, երբեմն սկսում է ավելի շատ վաստակել, նոր գաղափարներով է հղանում, ռիսկեր վերցնում, այլ կերպ ասած՝ ավելի «տղամարդ» դառնում։
Սակայն այդ փայլատակումների խնդիրն այն է, որ դրանք ունեցողը ճաշակել է «արգելված պտուղ»… այդ ուժի աղբյուրին հասել է օրինազանց կերպով՝ խախտելով ամուսնական ուխտի դաշինքը։ Այդ տղամարդիկ պետք է հասկանան, որ ձախ ուղով իմացական ճանաչողությունը կիսատ է, հետևաբար՝ ոչ լիարժեք, և բացի այդ՝ շատ հավանական է գերի ընկնել։ Կարելի է այդ իմացությանը լիարժեք հասնել ազատության մեջ՝ իրենց կնոջ միջոցով, իսկ եթե իրենց կինը ինչ-որ պատճառով «անհասանելի է», օրինակ՝ հիվանդացել է կամ երկարատև գործուղման մեջ է, ապա նրանք դա պետք է փնտրեն իրենց ներսում։
Այո, իրենց իսկ ներսում, ու այս տղամարդկանց խնդիրն էլ շատ հաճախ հենց նրանում է, որ իրենք միշտ դա փնտրել են դրսում։ Ու իհարկե, ինչ-որ պահից սկսած՝ նրանք ճշմարիտ կերպով զգացել են, որ իրենց փնտրածը կնոջ մեջ է հնարավոր գտնել, սակայն չարաչար սխալվել ու խորը փոսի մեջ են ընկել, երբ, ունենալով կին, ում մեջ դա չեն գտել, արտաքին կին են ման եկել։
Իրականում ցանկացած կին կարող է ժամանակավորապես փակ լինել, ու հենց տղամարդու խնդիրն է՝ բացել իր կնոջը։ Սակայն դա կարող է անել միայն այն տղամարդը, ով իր մեջ առերեսվել է դատարկության հետ, որ նշանակում է կապ հաստատել ներսի Կնոջ հետ, ով նաև մայր է։ Դա տղամարդու ներսի Սնուցող մայրն է՝ Alma mater-ը։ Կայացած տղամարդը սնուցվում է ճանաչողության այդ ներքին սրբազան աղբյուրից։
Կայացած է այն տղամարդը, որ նայում է անդունդին ու ընդունում դրա խորությունը, ոչ թե փակում աչքերը, վախենում կամ փախչում դրանից։ Այդպես են անում «ձախ գնացողները», ովքեր հեշտ ճանապարհն են բռնում։ Վերջում պարզապես ասեմ, որ երբեմն որոշ արտամուսնական կապեր կարող են իսկապես ավելի ամրացնել ընտանիքը, սակայն դա պետք է լինի բաց ու կնոջ հետ համաձայնեցված, սակայն այս մասին հաջորդ գրառումներից մեկում։