ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


Ողջույն, ես բժիշկ-սեքսոլոգ,  հոգեթերապևտ Նարինէ Ներսիսյանն եմ

  • Բժշկական սեքսոլոգիա
  • Զույգային թերապիա
  • Անհատական թերապիա
  • Տրավմայի հաղթահարում՝ հոլիստիկ մոտեցմամբ
  • Դեռահասների սեռակրթություն
  • Սեռական ինքնության և ցանկությունների ուսումնասիրություն՝ ամոթից, մեղքի զգացումից ազատագրվելու գործընթաց
  • Թերապևտիկ ուղեկցում կյանքի խաչմերուկներում՝ բաժանում, կորուստ, ինքնության ճգնաժամ և նոր իմաստի ձևավորում
  • ԼԳԲՏ+ խորհրդատվություն 
  • Երազների խորհրդանշական մեկնաբանություն

ԻՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Բժիշկ դառնալու փափագն ունեցել եմ դեռ մանկուց։ Սեքսոլոգիայի ընտրությունը, որպես իմ առաջին մասնագիտացում, պայմանավորված էր կյանքի ամենազարմանահրաշ երևույթը՝ ծննդյան առեղծվածը բացահայտելու իմ ձգտումով։ Մինչ օրս էլ համոզված եմ՝ երեխայի ծնունդը տեղի է ունենում ոչ միայն ֆիզիոլոգիական ակնթարթում, երբ նա լույս աշխարհ է գալիս, և ոչ էլ՝ հենց բեղմնավորման պահին։ Եթե այդպես լիներ, թերևս մանկաբարձ-գինեկոլոգ կդառնայի։ Ինձ համար ծնունդը սկսվում է շատ ավելի վաղ՝ այն պահին, երբ Գիտակցության հորիզոնում ծնվում է Լույսի նոր շողքի դրսևորման անհրաժեշտությունը։ Գուցե այս հասկացողությամբ առաջնորդվելն ինձ տարավ  հոգեբուժության ճանապարհով։  

Ծնվել ու մեծացել եմ Երևանում։ Հայրս՝ ճարտարապետ էր, մայրիկիս հետ միասին նախագծում էին տներ։ Կարծում եմ՝ տներ նախագծելու հանդեպ նրանց սերը ինչ-որ կերպ փոխանցվել է նաև ինձ. միայն թե ես «նախագծում եմ» մի այլ տուն՝ այն, ուր բնակվում է մարդու հոգին։ Տուն, որտեղ կարելի է ապրել ներքին խաղաղությամբ, վերադառնալ ինքդ քեզ ու վերջապես զգալ՝ «Ես կամ ու այստեղ եմ, Ես Տանն եմ»։  

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորելու տարիներին հասկացել եմ, որ ինձ գրավում են այն գիտությունները, որոնք ուսումնասիրում են մարդու վարքը։ Իբրև ուսանող, միշտ կասկածել եմ հորմոնների գերակշռող դերին՝ մարդու վարքի ձևավորման մեջ։ Ինձ միշտ հետապնդել է այն միտքը, որ մարդու վարքը թելադրվում է ներքին տարածքներում ալեբախվող ուժերի միջնորդությամբ։   

Մարդու առեղծվածը բացահայտելու ճանապարհին, ի վերջո ինձ գտա այն տարածքում, որտեղ մեկտեղվում են մարմինը, հոգին ու հոգևորը՝ այնտեղ, որտեղ Սերը դառնում է մի տարածք, ուր հոգին ճանաչում է իրեն՝ մյուսի միջով։ Սեքսոլոգիան եղավ իմ առաջին մասնագիտությունը, որը հետագայում համալրվեց մարդաբանության, փիլիսոփայության, հոգեթերապիայի ոլորտներին առնչվող հարուստ գիտելիքով ու փորձով, արևմտյան և արևելյան մշակույթների հոգևոր ուսմունքների փորձառությամբ։   

Իմ աշխատանքում կարևորում եմ ռոմանտիկ հարաբերությունների այն որակը, որը թույլ է տալիս լսել ոչ միայն խոսքը, այլև լռության տակ թաքնված շունչը։ Վստահում եմ այն գործընթացին, երբ մարդը սկսում է ինքնօտարումից ազատագրվել՝ շերտ առ շերտ վերադառնալով իր Սկզբնապատկերին։ Ես չեմ առաջնորդվում պատրաստի լուծումներով, փոխարենը՝ հարաբերվում եմ մարդու արարչագործ շերտի հետ։ Եվ այդ ճանապարհին մարմինը դառնում է դարպաս, հոգին՝ ուղղություն, իսկ Գիտակցությունը՝ լույսի աղբյուր։  

ԻՄ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հավատում եմ, որ մարդը չի գալիս «շտկվելու», փոխվելու կամ նորից ձևավորվելու։ Նա գալիս է հիշելու։ Հիշելու իր իսկ ամբողջականությունը, իր լռության մեջ ապրող ներուժը, իր մարմնի ու հոգու այն սրբազան ճարտարապետությունը, որ ժամանակի ու վերքերի ազդեցությամբ մոռացվել է, բայց երբեք չի կորսվել։ 

Իմ տեսլականում բուժումը գործընթաց չէ, այլ վերադարձ։ Վերադարձ դեպի ինքնության այն ներքին տարածքը, որտեղ մարդը կրկին ճանաչում է իր ճշմարիտ Ես-ը։ Սիրո և կապի մեջ՝ հատկապես զույգային հարաբերություններում, բացվում է մի զորեղ հնարավորություն՝ տեսնելու ոչ թե մեկ ուրիշին, այլ ինքդ քեզ՝ մյուսի հայացքում։ Երբ այդ հայացքը մաքուր է, սիրող ու ընդունող, այն դառնում է հայելի՝ հոգու իրական կերպարին հայելու։  

Ես չեմ հավատում ստանդարտ լուծումներին, ոչ էլ՝ ունիվերսալ մեթոդներին։ Դրանք հաճախ շատ հեռու են այն լռությունից, որտեղ իսկապես ծնվում է փոխակերպումը։ Իմ ներսում մշտապես կա հարգանք դեպի մարդը՝ որպես եզակի ու արարման ընթացքի կրող։ Եվ այդ հարգանքն է առաջնորդում ինձ՝ ամեն հանդիպման մեջ տեսնելու ոչ թե խնդիր, այլ ճանապարհ, ոչ թե խզում, այլ կանչ դեպի վերամիավորում։ 

Տեսլականս արմատավորված է այն հավատում, որ մարդն իր ներսում արդեն իսկ ունի բոլոր պատասխանները։ Եվ իմ դերն է ուղեկցել նրան այդ ներքին լռության մեջ՝ այնտեղ, որտեղ հոգին հիշում է իր աղբյուրը, մարմինն՝ իր իմաստը, իսկ սերն՝ իր զորությունը։

Ի՞ՆՉ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ

  • Վագինիզմ, ցավ
  • Ցանկությունների անհամապատասխանություն
  • Անօրգազմիա, բավարարման խանգարում
  • Ամուսնական դավաճանություն
  • Սեռական կախվածություններ
  • Էրեկցիայի խանգարում
  • Վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում
  • Ցանկության մարում, անտարբերություն
  • Զույգային աններդաշնակություն
  • Սեռային ինքնության ապակողմնորոշում