Ամուսնական հարաբերություններում զույգային աններդաշնակության պատճառներից մեկը զուգընկերներից մեկի ներքին համոզումն է, իբր թե ինքն առանձնահատուկ է: Այս համոզումը շատ խորը արմատներ կարող է ունենալ, որոնք երբեմն ձգվում են մինչև վաղ մանկություն: Երբ երեխային ուժերից վեր կյանքի փորձառություն է պատահում, ինքնապաշտպանական դրդապատճառով երեխան կարող է թաքնվել առանձնահատուկ լինելու պատյանի մեջ: Պետք է նշել, որ առանձնահատուկ լինելու համոզումը շատ հաճախ գալիս է բարդույթներից, իսկ ցանկացած բարդույթ խոսում է այն մասին, որ տվյալ անձնավորությունն իրեն լիարժեք չի զգում և թաքցնում է մի թերություն, որից գտնվում է կախվածության մեջ: Տվյալ թերությունը անպայաման չէ որ արատ լինի օբյեկտիվ առումով, այլ շատ հաճախ թերություն է դիտարկվում անձնավորության սուբյեկտիվ ընկալման պատճառով: Օրինակ՝ իրեն գեր համարող ու այդ մտքից տանջվող կինը օբյեկտիվորեն կարող է գեր չլինել:Առանձնահատուկ լինելու մտքից մարդը ներթաքույց հաճույք է ստանում, ու սա այն թակարդն է, որի պատճառով նա, ինչքան էլ պարադոքսալ հնչի, չի ցանկանում ազատվել իր բարդույթից, քանի որ այդ դեպքում կկորցնի իր առանձնահատուկ լինելու հնարավորությունը ու կդառնա մյուսների պես սովորական, որից նա սարսափում է: Առանձնահատուկ լինելու համոզումը, որի հիմքում ընկած է բարդույթը, այլ ոչ թե իրական անհատական առանձնահատկությունները՝ արիությունը, աշխատասիրությունը, ազնվությունը, շնորհալիությունը և այլն, կարող է բերել ահռելի մեծ ողբերգությունների:Առանձնահատուկ լինելու անմիջական հետևանքը մեծամտությունն է՝ ուրիշներից ավելի բարձր լինելու, ուրիշներից ավելի շատ բան իմանալու, ի տարբերություն այլոց՝ ավելի հասուն կամ անձնային աճ ապրած և հոգևոր արթուն լինելու համոզմունքները: Ահա թե ինչու, այս մարդիկ ձգտում են «օգնել» ուրիշին, ամեն քայլափոխի խորհուրդ տալ, դասեր տալ, արհեստական հնարներով արթնացնել իբր քնած զուգընկերոջը, փրկել նրան:Փրկչի դեր ստանձնած զուգընկերն ուրիշին փրկելու, մեղքերից ազատելու պատասխանատվություն է վերցնում՝ հիմնված այն համոզման …