ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


Սեռական հաճույք

18 Մայիսի, 2018

Սեռական գրգռումը սուբյեկտիվ վերապրում է, որը հարուցվում է սեքսուալ ազդակների շնորհիվ և դրսևորվում մարմնական փոփոխություններով: Սեքսուալ գրգիռներ ընկալելիս մարմինն անպայմանորեն դրսևորում է համապատասխան ռեակցիա։ Գրգռման ամենաբարձր մակարդակում, առանց որևէ ճիգի հայտնվում է օրգազմի զգացողությունը: Սեռական օրգանների ֆիզիոլոգիական պատասխանը և օրգազմը թողարկվում են բոլոր այն դեպքերում, երբ բավականաչափ գրգիռներ են կուտակվում:Կարևոր է հիշել սակայն, որ մարդու սեռական գրգռման ամենագլխավոր պատասխանատուն գլխուղեղի կեղևն է։ Մարդը բնության մեջ միակ արարածն է, ով ունի զարգացած գլխուղեղի կեղև: Ինչո՞ւ է դա այդպես և ինչպե՞ս է ուղեղի այդ հատվածը մասնակցում սեռական գրգռման առաջացմանը։ Կեղևը մեր ուղեղի այն հատվածն է, որը նշանակություն և իմաստ է հաղորդում մեր բոլոր ապրումներին, այդ թվում՝ սեռական: Սեռական ակտի ընթացքում մեր բոլոր ապրումների իմաստավորումներն ազդում են մարմնի արձագանքող ունակության և սեքսուալ բավարարման վրա: Սեռական գրգռման առաջացումը և ուժգնությունը պայմանավորված են հենց այդ իմաստներով, որոնք թաքնված են սեռական գործողությունների հետևում։

22 Սեպտեմբերի, 2017

Կան մարդիկ, ովքեր գտնում են, որ սեռական մերձեցումը վերարտադրողական գործառույթ է, նման մարդիկ սեռական մերձեցմանը վերաբերվում են իբրև կնոջ ամուսնական պարտականություն: Այսօր, սակայն, շատ զույգեր համարում են, որ սեռական կյանքը նրանց ամուսնական երջանկության կարևոր բաղադրիչն է և իրենց սեռականության դրսևորման գլխավոր ուղին: Այս առումով զույգերը կարևորում են կնոջ օրգազմ ապրելու հանգամանքը և դրա բացակայությունը խիստ ծանր են տանում, ուստի և կեղծված հեշտանքի երևույթը մեծ տարածում ունեցող խնդիր է բժիշկ-սեքսոլոգի կլինիկական պրակտիկայում:Հետաքրքիր է, որ այս կապակցությամբ օգնության դիմող զույգի նախաձեռնությունը հաճախ պատկանում է տղամարդուն: Եթե դիմողը կինն է, ապա նա հաճախ դիմում է առանց իր տղամարդու իմացության, թաքուն։

2 Ապրիլի, 2017

Թերևս անհերքելի է, որ սեքսուալության դրսևորումը մարդու կյանքում նրա ներքին կենսաբանական պահանջի/բնազդի անմիջական ելքը չէ դեպի արտաքին աշխարհ:Պատանեկության շրջանում արթնացած սեքսուալությունը տարերային-բնազդային բնույթից մինչև բանականորեն սահմանված և մշակված սեռական վարք դառնալն ու մարդու կյանքում ինտեգրվելը երկար ճանապարհ է անցնում, որտեղ սեռահասունացման ընթացքի վրա համարժեք իրավասությամբ գործում և ներազդում են երեք խումբ գործոններ՝ մարմնականը, հուզականը և իմացականը: Սեռականության ոլորտում ճանաչողության գործառույթի ներառումը մարմնասեռական հասունացմանը համընթաց տեմպով և հուզական տրամադրության ենթակայությունը այդ գործառույթին պահանջում է որոշակի տարիք և ինքնագիտակցության համապատասխան մակարդակ, այլ կերպ ասած՝ սեռական հասունացմանը բնորոշ ֆիզիոլոգիական փոփոխությունները և ներքին անծանոթ հոգեվիճակները անձնավորության ներդաշնակ զարգացման մեջ ինտեգրվելու համար բանական իմաստավորման են ենթարկվում և հետո նոր միայն դրսևորվում։Ըստ էության մարդու սեռականության կայացման միտումը կենսաբանորեն ժառանգված բնազդային մղումներն ու զգացողությունները բանականորեն սահմանված հիմքերի կանգնեցնելն է, այլ կերպ ասած՝ մշակութային փոփոխության ենթարկելը, որ իր կատարյալ գեղեցկությամբ դրսևորվում է ամուսնական անկողնու խորհրդով, ամուսինների միմյանց նկատմամբ փոխնվիրումով և սեռական հավատարմության պահպանմամբ: Չունենալով որևիցէ էական նշանակություն սեռական ակտի խորքային կենսաբանական բնույթի համար, որն ինքն-իրենով հորմոն կախյալ դրսևորում է, այդ մշակութային «արհեստական ձևերը», այնուհանդերձ, որպես չափանիշ են ծառայում սեռական ակտի որակական տարբերման համար՝ մեկը որպես անասնական «կցորդում», մյուսը՝ որպես մարդկային կողակցում:

25 Հունվարի, 2012

Շատ կանանց համար սեռական ցանկությունը և սեռական գրգռումը միահյուսված են, այսինքն կինը սեռական ցանկություն է ապրում այն դեպքերում, երբ ունենում է ներքին էրոտիկ գրգռման զգացողություն, որն անպայման չէ, որ ուղեկցվի հեշտոցի խոնավությամբ: Ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեռական ցանկության «օբյեկտը» խիստ տարբեր կարող է լինել: ՈՒստի երբ կինը գանգատվում է սեռական ցանկության պակասից, հարց է առաջանում, թե հատկապես ինչի պակաս է նա ապրում:Գիտական փաստերը վկայում են, որ կնոջ սեռական ցանկությունն է «ցանկալի լինելը», համենայն դեպս այդպես է շատ կանանց համար: Այս տիպի կնոջ համար սեռական մերձեցման ներքին խթան է հանդիսանում ցանկալի տղամարդու համար ցանկալի լինելու մղումը: Այլ կանանց համար սեռական ցանկությունը սեռական հաճույք զգալու պահանջն է, ինչպես տղմարդկանց մոտ է: Չի բացառվում, իհարկե, որ այս երկուսը միասին հանդես գան միևնույն կնոջ մոտ:Կնոջ սեռական ցանկությունը կարող է ի հայտ գալ ինքնաբուխ` այսինքն ներսից` անկախ այն բանից, թե որն է ցանկության մոտիվացիան` ցանկալի լինելը, թե՞ հաճույք զգալը: Այլ կանանց սեռական ցանկությունը արտաքին գրգիռներին տրված արձագանք է, այն առաջնում է ի պատասխան տղամարդու սեռային նախաձեռնության և խթանող գրգիռների: Հնարավոր է նաև միևնույն կնոջ մոտ պարբերաբար դրսևորվի սեռական ցանկության առաջացման թե մեկ, թե մյուս աղբյուրը:Այսպիսով կնոջ սեռական ցանկությունը միատարր չէ, սեռական ցանկության խանգարումներն էլ բազմապիսի են և բազմաբնույթ:

23 Սեպտեմբերի, 2011

Հաճախ են բժիշկ-սեքսոլոգին հարցնում, թե արդյոք վնասակար չէ՞ սեռական կյանքի բացակայությունը կնոջ կյանքում: Նմանատիպ հարցեր ուղղում են հատկապես այն կանայք, ովքեր գտնվում են հասուն տարիքում և դեռ ամուսնացած չեն: Ինչո՞ւ են ծագում այսպիսի հսրցեր, մի՞թե այդ կանայք տանջվում են սեռական ցանկությունից, թե ուղղակի արգելված պտուղը քաղցր է թվում, որովհետև հասարակական անգիտակցականում նախաամուսնական սեռական հարաբերությունը համարվում է միայն տղամարդկանց տրված արտոնություն…Իսկապես, եթե չամուսնացած, սեռահասուն տարիքի կինը վերապրում է սեռական մերձեցման ուժգին պահանջ ու չի բավարարում այն, ապա վնասակա՞ր է արդյոք այդ պահանջի հետ մղումն ու սեքսուալ գրգռվածության դեմ պայքարը: Այս հարցին պատասխանելու համար հարկ է որոշակի պատկերացում ունենալ կնոջ սեքսուալության ֆիզիոլոգիայի վերաբերյալ: Սեքսուալ առողջ կնոջը բնորոշ է սեռական գրգռմանն ի պատասխան մարմնապես արձագանքելը: Այդ արձագանքը դրսևորվում է սեռական օրգանների արյունալեցմամբ, որի հիմնական արտաքին նշանը հեշտոցի խոնավացումն է: Գոյություն ունի նաև սեքսուալ գրգռման ներքին սուբյեկտիվ վերապրում, որը նորմայում զուգուրդվում է մարմնական պատասխանի հետ: Սակայն սեռական գրգռման վերապրումը դեռևս չի նշանակում, որ կինը պատրաստակամ է սեռական հարաբերություն ունենալ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կինը սեռական մերձեցման օգտին խոսող հիմնավոր մոտիվացիա ունենա: Եթե կողմ և դեմ մոտիվացիաների համադրումը խոսում է ի օգուտ առաջինի, սեռական մերձեցումը կայանում է: