Չբավարարող զույգային հարաբերություններում զույգերը հաճախ մտածում են բաժանվելու մասին՝ առանց հասկանալու, որ բաժանումը շատ հաճախ չի լուծում խնդիրները և չի բերում հոգեկան հանգստության։ Այստեղ չկա այն գիտակցումը, որ բաժանումը չի նշանակում հեռացում-ազատագրում, այլ ընդհակառակը՝ բաժանվելուց հետո դուք ստիպված եք նորից հանդիպել ու գործ ունենալ ձեր սեփական խնդիրների հետ, որոնք նախկինում արտացոլում էիք ձեր զուգընկերոջ վրա։
Ընդունված է մտածել, որ մենք ամուսնանալուց միանում ենք, եւ իսկապես՝ արտաքնապես մենք տեսնում ենք երկու հոգի, ովքեր միանում եւ թվում է՝ մեկ են դառնում։ Սակայն ավելի խորաթափանց հայացք նետելով՝ կարելի է տեսնել, որ դա այդպես չէ։ Իրականում, երբ տղամարդն ամուսնանում է՝ իր կնոջ շնորհիվ նա վերջապես «բաժանվում է» եւ կարող է հանդես գալ մաքուր տղամարդու կերպարով, նմանապես նաեւ կինն է բաժանվում եւ մաքուր կին դառնալու հեռանկար ստանում։ Շարունակեք կարդալ։
Հասկանալու համար, թե այդ ինչպես է ամուսնությունը բաժանում մարդուն, պետք է ընդամենը հիշել, որ մարդն ինքն իրենով ամբողջական էակ է, ով ընդգրկում է ամբողջն իր մեջ, նա մեկ ամբողջ է, 1 թիվը։ Սա նշանակում է, որ մարդու մեջ ներառված են եւ արականը, եւ իգականը։
Մենք այստեղ չենք խոսում ֆիզիկական սեռի մասին։ Ըստ ֆիզիկական սեռային պատկանելիության՝ մարդիկ բաժանվում են արական եւ իգական սեռերի, մարդը ծնվում է արական կամ իգական սեռի ներկայացուցիչ։ Ֆիզիկական առումով՝ նա սեռապես պառակտված է։ Մենք այստեղ խոսում ենք մարդու կորիզային կառուցվածքի մասին, որպես հոգեւոր էակ։ Այս առումով մարդն ամբողջական է եւ նրա մեջ գործառում է անդրոգին սեռային էություն։
Ամուսնանալիս՝ տղամարդը կարող է հետ զարգացնել իր ներքին իգական աշխարհին բնորոշ հատկանիշները, հետ կանգնել իր ամբողջական անդրոգին վիճակից ու գալ անդրոս-վիճակի, քանի որ նրա կողքին հայտնվում է կին, նա ունենում է կողակից, մարմին ունեցող կին։ Նմանապես եւ կնոջ դեպքում է, կինն ամոսնանալիս ձեռք է բերում կին-գինոս դառնալու ռեալ հնարավորություն, քանի որ նրա կողքին հայտնվում է ռեալ, շոշափելի տղամարդ-անդրոս։
Ամուսնության ընթացքում սեռային այս բաժանում-տարբերակումը տեղ է գտնում հատկապես վերարտադրողական սեռական կյանք վարելու դեպքում։ Որտեղ զույգը հղիանալուց չի պաշտպանվում, այդտեղ կինը Կին է, տղամարդը՝ Տղամարդ։ Երբ սեռական կյանքն այլեւս դադարում է հղիանալու նպատակ հետապնդել, սեռային տարբերակման դինամիկան փոխվում է եւ կարող է բազմատեսակ, հաճախ՝ խնդրահարույց, սցենարներ ենթադրել։
Ամուսնությունն այսպիսով այն բաժանարարն է, որով անդրոգին տղամարդը եւ կինը բաժանվում եւ հավասարվում են անդրոս-տղամարդու եւ գինոս-կնոջ։ Մաքուր տղամարդը քանորդ է, մաքուր կինը նույնպես քանորդ է։ Ամուսնությունը սեռային քանորդացում է։
Երկուսով կյանքն ապրելու հմայքը հենց նրանում է, որ կարող ես նախ՝ լիարժեք ապրել քո սեռը՝ երեխա ունենալու միջոցով, այնուհետեւ՝ հանգստանալ քո սեռից ու հակառակ սեռային ապրում ունենալ՝ ամուսնուդ կամ կնոջդ կողմից քո ֆիզիոլոգիական սեռին համապատասխանող հոգեւոր բաղադրիչի փոխարինման շնորհիվ, այսինքն ամուսնությունը հնարավորություն է տալիս զգալ երկսեռ ամբողջության բաժանումը՝ սեռային տարբերակման շնորհիվ։
Բաժանվելուց հետո դա հնարավոր չէ անել, այլեւս չես կարող բաժանված ապրելով մաքուր եւ ռեալ սեռային ապրում զգալ։ Բաժանվելուց հետո չես կարող ո՛չ քո ֆիզիկական սեռն ապրել, ո՛չ էլ հակառակ, որովհետեւ բաժանվելուց հետո, պառակտված սեռային մարմնի պատճառով, հակառակ սեռի հոգեւոր բաղադրիչը՝ մարմին չգտնելով, ստիպված է հետ վերադառնալ ու նորից մարդուն անդրոգին դարձնել։
«Ես բաժանված եմ» արտահայտությունն ավելի ստույգորեն վերաբերում է ոչ թե ամուսնալուծված, այլ իր սեռն ապրող ամուսնացած մարդուն։ Ամուսնացած մարդն ամուսնանալուց բաժանվում է հակառակ սեռի հոգեւոր բաղադրիչից, որն այսուհետ մարմին է գտնում դրսում, այլ մարմնի մեջ։
Ոչ միշտ է տղամարդը հարաբեդությունների մեջ արական կեսը ներկայացնում, իսկ կինը՝ իգական։ Ըստ հարաբերությունների ընթացիկ փուլային նպատակի եւ բազում այլ սոցիալ-տնտեսական հանգամանքների, ամուսինը եւ կինը կարող են փոխեփոխ արական եւ իգական աշխարհներ ներկայացնել։