ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


Ամուսնական դավաճանություն

16 Մայիսի, 2018

Վստահության խնդիրը մարդկային փոխհարաբերությունների մեջ ամենակարևոր և հիմքային սյուներից է: Ոչ մի համագործակցություն չի կարող հաջողությամբ պսակվել, եթե գործընկերները չեն վստահում միմյանց, ընդ որում առանց վերապահումների: Վստահել ինչ-որ մեկին՝ նշանակում է հույս դնել և ապավինել նրան: Սա ունակություն է, որը բնորոշ է ուժեղ մարդկանց, քանի որ վստահությունը համարձակություն է, անորոշության վախի հաղթահարում:Ահա թե ինչպիսի բնույթով է վստահության խնդիրը բարձրաձայնվում կին-տղամարդ փոխհարաբերություններում: «Ինչպե՞ս նորից վստահեմ, երբ բռնացրել եմ, որ ամուսինս դավաճանում է ինձ»:Սկսենք նրանից, որ շատ կանանց հուզող այս հարցն ունի երկու կողմ, նախ՝ պետք է ընդունել, որ տեղի ունեցածը իրոք մեծ ցավ է պատճառել ու այդ տառապանքը պետք է գիտակցված ապրել: Ուղղակի տառապելն անթույլատրելի է, մարդը միշտ պետք է հասկանա իր տառապանքը և գիտակցաբար վերափոխի այն: Դրա համար կարևոր է, որ զույգը ստեղծի ներընտանեկան այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավոր է առանց կաշկանդվելու արտահայտել ու ապրել այդ ցավը: Ոչ մի դեպքում չի կարելի խեղդել, ճնշել, արտամղել, անզգայանալ այդ ցավից: Կարևոր է, որ ամուսինը ընդունի, որ իր քայլը ցավ է պատճառել, բայց սա չի նշանակում թե նա պետք է մեղավոր զգա իրեն ու պատժվի, բնավ: Իր կատարած քայլի հետևանքների գիտակցումը թույլ է տալիս որակապես նոր ու ավելի ինտիմ հարաբերություններ կառուցել, ուրեմն՝ փոխանակ մեղքի զգացումով ծանրաբեռնվելու, ավելի կառուցողական է պատասխանատվություն ստանձնել նոր հարաբերությունների կառուցման համար, ինչի երաշխիքը կլինի նախորդ քայլի հետևանքերի շտկումը:

23 Նոյեմբերի, 2017

Մի հարուստ վաճառական էր ապրում, շատ հարգված ու անունով մեկը։ Նա ուներ գեղեցկուհի մի կին, ում հմայքը անտարբեր չէր թողնի որևէ մեկին։ Վաճառականը սիրում էր կնոջն իր բոլոր գանձերից առավել ու չէր պատկերացնում կյանքն առանց նրա։Գալիս է մի օր, երբ վաճառականը մեկնում է հերթական շրջագայության՝ առևտուր անելու: Եվ ինչպես միշտ, տան հսկողությունը նա թողնում է հավատարիմ ծառայի ուշադրությանը, ում գիտեր դեռևս մանկությունից և վստահում էր անվերապահորեն։Անցնում է մի որոշ ժամանակ, և վաճառականը վերադառնում է տուն։ Նա հարցնում է ծառային՝ ինչպես են ընթացել օրերն իր բացակայության ժամանակ, ծառան պատասխանում է՝-Ո՛վ Տեր, կինդ բացակայությանդ օրերին այլ տղամարդու է հանդիպել, ով հիմա թաքնված է ձեղնահարկի հնամաշ սնդուկում։Կատաղությունից կուրացած վաճառականը՝ խելքը թռցրած՝ պահանջում է կնոջից իրեն տալ սնդուկի բանալին։ Կինը պայման է դնում՝ բանալին կտամ, եթե գործից հեռացնես հավատարիմ ծառայիդ։Վաճառականը ազատ է արձակում ծառային։Կինը տալիս է բանալին։Վաճառականը բանալին ձեռքին վազում է դեպի ձեղնահարկ, հետո կանգ է առնում մի պահ, մտածում․ ապա հրամայում իր մյուս ծառաներին, որ վերցնեն այն սնդուկը և խորը թաղեն այգում ծառի տակ։Ծառաները կատարում են հրամանը․․․Այդ օրվանից այս պատմությունը մոռացվեց ու այդ մասին որևէ մեկը որևէ բառ այլևս չխոսեց։Հին հնդկական առակ