ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


Անկանոն սեռական կյանք

23 Հուլիսի, 2012

Անկանոն սեռական կյանքը` բազմակի զուգընկերների հերթափոխմամբ, համարվում է սեռական վարքի խանգարում և սեքսոլոգիայում հայտնի է «պրոմիսկուիտետ» անվամբ: Այս խանգարումը հաճախ հանդիպում է աղջիկների մոտ և արտահայտվում բազմաթիվ սեռական զուգընկերների առկայությամբ, ում հետ չկա հուզական կապվածություն, հաճախ դրանք այսպես կոչված «մի գիշերվա» տղամարդիկ են, սեռական հարաբերությունը նրանց հետ առաջինն ու վերջինն է: Խոսքը չի վերաբերում մարմնավաճառությանը, որովհետև սեռական այս վարքի հիմքում, ոչ մի դեպքում, ընկած չէ նյութական օգնություն ձեռք բերելու դրդապատճառը: Նրանց չի առաջնորդում նաև սեռական հաճույքի անհագ մղումը, ընդհակառակը` հիմնական դեպքերում այս աղջիկները տառապում են անօրգազմիայով և խորը հոգեսեքսուալ անբավարարվածությամբ:Սեռական վարքի այս խանգարումը անպատասխանատվության մեծ բեռ է կրում իր մեջ, քանի որ այս աղջիկները հաճախ ձեռք են բերում սեռավարակներ և տարածում իրենց զուգընկերների շրջանում: Նույնիսկ այն դեպքերում, երբ կինը դիմում է բժշկին, իր անպատասխանատվության պատճառով հաճախ մնում է թերի բուժված, և սեռավարակը շարունակում է թաքուն ապրել նրա օրգանիզմում` ձեռք բերելով քրոնիկական ընթացք: Շատ դեպքերում այս աղջիկները հետագայում ունենում են անպտղության խնդիր, հատկապես, եթե ընդհատել են չնախատեսված հղիությունները: Բարձր է ալկոհոլիզմով հիվանդանալու հավանականությունը, երբեմն նույնիսկ դիմում են թմրանյութերի օգտագործմանը: Կարելի է ասել, որ պրոմիսկուիտետը նաև սոցիալական չարիք է, բացի առողջական խնդիր լինելուց, քանի որ հասանելի լինելով իբրև սեռական օբյեկտ, այսպիսի աղջիկները ստեղծում են կանացի սեքսուալության այնպիսի պակերացումներ, որտեղ կինը հանդիսանում է լոկ հաճույքի առարկա։