ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


սեռականություն

2 Ապրիլի, 2017

Թերևս անհերքելի է, որ սեքսուալության դրսևորումը մարդու կյանքում նրա ներքին կենսաբանական պահանջի/բնազդի անմիջական ելքը չէ դեպի արտաքին աշխարհ:Պատանեկության շրջանում արթնացած սեքսուալությունը տարերային-բնազդային բնույթից մինչև բանականորեն սահմանված և մշակված սեռական վարք դառնալն ու մարդու կյանքում ինտեգրվելը երկար ճանապարհ է անցնում, որտեղ սեռահասունացման ընթացքի վրա համարժեք իրավասությամբ գործում և ներազդում են երեք խումբ գործոններ՝ մարմնականը, հուզականը և իմացականը: Սեռականության ոլորտում ճանաչողության գործառույթի ներառումը մարմնասեռական հասունացմանը համընթաց տեմպով և հուզական տրամադրության ենթակայությունը այդ գործառույթին պահանջում է որոշակի տարիք և ինքնագիտակցության համապատասխան մակարդակ, այլ կերպ ասած՝ սեռական հասունացմանը բնորոշ ֆիզիոլոգիական փոփոխությունները և ներքին անծանոթ հոգեվիճակները անձնավորության ներդաշնակ զարգացման մեջ ինտեգրվելու համար բանական իմաստավորման են ենթարկվում և հետո նոր միայն դրսևորվում։Ըստ էության մարդու սեռականության կայացման միտումը կենսաբանորեն ժառանգված բնազդային մղումներն ու զգացողությունները բանականորեն սահմանված հիմքերի կանգնեցնելն է, այլ կերպ ասած՝ մշակութային փոփոխության ենթարկելը, որ իր կատարյալ գեղեցկությամբ դրսևորվում է ամուսնական անկողնու խորհրդով, ամուսինների միմյանց նկատմամբ փոխնվիրումով և սեռական հավատարմության պահպանմամբ: Չունենալով որևիցէ էական նշանակություն սեռական ակտի խորքային կենսաբանական բնույթի համար, որն ինքն-իրենով հորմոն կախյալ դրսևորում է, այդ մշակութային «արհեստական ձևերը», այնուհանդերձ, որպես չափանիշ են ծառայում սեռական ակտի որակական տարբերման համար՝ մեկը որպես անասնական «կցորդում», մյուսը՝ որպես մարդկային կողակցում: