ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


վստահություն

16 Մայիսի, 2018

Վստահության խնդիրը մարդկային փոխհարաբերությունների մեջ ամենակարևոր և հիմքային սյուներից է: Ոչ մի համագործակցություն չի կարող հաջողությամբ պսակվել, եթե գործընկերները չեն վստահում միմյանց, ընդ որում առանց վերապահումների: Վստահել ինչ-որ մեկին՝ նշանակում է հույս դնել և ապավինել նրան: Սա ունակություն է, որը բնորոշ է ուժեղ մարդկանց, քանի որ վստահությունը համարձակություն է, անորոշության վախի հաղթահարում:Ահա թե ինչպիսի բնույթով է վստահության խնդիրը բարձրաձայնվում կին-տղամարդ փոխհարաբերություններում: «Ինչպե՞ս նորից վստահեմ, երբ բռնացրել եմ, որ ամուսինս դավաճանում է ինձ»:Սկսենք նրանից, որ շատ կանանց հուզող այս հարցն ունի երկու կողմ, նախ՝ պետք է ընդունել, որ տեղի ունեցածը իրոք մեծ ցավ է պատճառել ու այդ տառապանքը պետք է գիտակցված ապրել: Ուղղակի տառապելն անթույլատրելի է, մարդը միշտ պետք է հասկանա իր տառապանքը և գիտակցաբար վերափոխի այն: Դրա համար կարևոր է, որ զույգը ստեղծի ներընտանեկան այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավոր է առանց կաշկանդվելու արտահայտել ու ապրել այդ ցավը: Ոչ մի դեպքում չի կարելի խեղդել, ճնշել, արտամղել, անզգայանալ այդ ցավից: Կարևոր է, որ ամուսինը ընդունի, որ իր քայլը ցավ է պատճառել, բայց սա չի նշանակում թե նա պետք է մեղավոր զգա իրեն ու պատժվի, բնավ: Իր կատարած քայլի հետևանքների գիտակցումը թույլ է տալիս որակապես նոր ու ավելի ինտիմ հարաբերություններ կառուցել, ուրեմն՝ փոխանակ մեղքի զգացումով ծանրաբեռնվելու, ավելի կառուցողական է պատասխանատվություն ստանձնել նոր հարաբերությունների կառուցման համար, ինչի երաշխիքը կլինի նախորդ քայլի հետևանքերի շտկումը:

9 Փետրվարի, 2017

Սեռական բռնության ենթարկված կանանց հիմնական մասը լռում են իրենց հետ տեղի ունեցածի մասին և կրում այդ փորձի ամոթալի հիշողությունը իրենց կյանքի ողջ ընթացքում։ Բազմաթիվ սեռական խնդիրներ իրենց ակունքում ունեն մանկության կամ վաղ պատանեկության տարիներին տեղ գտած սեռական տրավմատիկ փորձառություններ։Խնդիրն այստեղ այն է, որ այդ կանայք ամաչելու ոչ մի լուրջ հիմքեր չունեն, քանի որ սեռական բռնության զոհ դառնալը իրենց մեղքով չի եղել։Աշխատելով սեռական տրավմաներ տարած բազում կանանց հետ՝ ինչ-որ մի պահ սկսեցի նկատել ու հետագայում նաև համոզվեցի, որ բռնություն տարած կանայք մի շատ առանձնահատուկ հատկություն ունեն։ Նրանք հենց ամենասկզբից հավատում են տղամարդու՝ մարդ լինելուն։ Այդպիսի կանայք նախ և առաջ տղամարդու մեջ տեսնում են մարդկային էություն, արժանապատվություն ունեցող էակի, ով չի կարող բռնություն գործադրել երեխայի հանդեպ։ Ու հենց այս վերաբերմունքն է, որ աղջիկներին դարձնում է սեռական բռնության զոհ, քանի որ բռնարարը չարաշահում է  աղջնակի հավատը և բռնարարի անձի հանդեպ վստահությունը: Այն աղջիկները, ովքեր ի սկզբանե թերահավատ են տղամարդու նկատմամբ, սեռական բռնության զոհ ավելի քիչ են դառնում, որն այս աղջիկներին առավել իմաստուն չի դարձնում նախորդ խմբի համեմատ, մի գուցե նաև՝ ճիշտ հակառակը։