Հաճախ են բժիշկ-սեքսոլոգին հարցնում, թե արդյոք վնասակար չէ՞ սեռական կյանքի բացակայությունը կնոջ կյանքում: Նմանատիպ հարցեր ուղղում են հատկապես այն կանայք, ովքեր գտնվում են հասուն տարիքում և դեռ ամուսնացած չեն: Ինչո՞ւ են ծագում այսպիսի հսրցեր, մի՞թե այդ կանայք տանջվում են սեռական ցանկությունից, թե ուղղակի արգելված պտուղը քաղցր է թվում, որովհետև հասարակական անգիտակցականում նախաամուսնական սեռական հարաբերությունը համարվում է միայն տղամարդկանց տրված արտոնություն… Իսկապես, եթե չամուսնացած, սեռահասուն տարիքի կինը վերապրում է սեռական մերձեցման ուժգին պահանջ ու չի բավարարում այն, ապա վնասակա՞ր է արդյոք այդ պահանջի հետ մղումն ու սեքսուալ գրգռվածության դեմ պայքարը: Այս հարցին պատասխանելու համար հարկ է որոշակի պատկերացում ունենալ կնոջ սեքսուալության ֆիզիոլոգիայի վերաբերյալ: Սեքսուալ առողջ կնոջը բնորոշ է սեռական գրգռմանն ի պատասխան մարմնապես արձագանքելը: Այդ արձագանքը դրսևորվում է սեռական օրգանների արյունալեցմամբ, որի հիմնական արտաքին նշանը հեշտոցի խոնավացումն է: Գոյություն ունի նաև սեքսուալ գրգռման ներքին սուբյեկտիվ վերապրում, որը նորմայում զուգուրդվում է մարմնական պատասխանի հետ: Սակայն սեռական գրգռման վերապրումը դեռևս չի նշանակում, որ կինը պատրաստակամ է սեռական հարաբերություն ունենալ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կինը սեռական մերձեցման օգտին խոսող հիմնավոր մոտիվացիա ունենա: Եթե կողմ և դեմ մոտիվացիաների համադրումը խոսում է ի օգուտ առաջինի, սեռական մերձեցումը կայանում է: