Ժամանակով լինում ա մի թագավոր։ Սրան ունենում ա մինուճար մի աղջիկ։ Էս աղջիկը շատ սիրուն ա լինում։ Շատ խելոք ու շատ նամուսով, բայց միշտ փախչելիս ա լինում աշխարհքի վայելքից։—Միտք չունեմ,— ասում ա, — աշխարհ մտնելու։ Իմ սիրտը երկնային աստծուն եմ տվել։Թագավորի տեղը շատ նեղում են.—Աղջկանդ մարդու տուր, որ մահիցդ հետո աշխարհքը անտեր չմնա։Թագավորի աղջիկն ասում ա.—Այ հեր, դե որ էդպես զոռում են, ես էսպես պայման եմ դնում. Ես կուզեմ էն տղին, որ կհամաձայնվի տարին մենակ մի անգամ իմ անկողինը գալ։Էս բանը հայտնում են աշխարհի բոլոր կողմերին, ամա բոլոր թագաժառանգներն ու իշխանները հրաժարվում են էդ չլսված պայմանից։ Ոչ ոք չի ուզում էդ աղջկան առնել։Գալիս ա մի նախրչու տղա, ասում ա.—Ես կուզեմ։ Թե որ թագավորի աղջիկը էդքան համբերող ու նամուսով կլինի՝ ես էլ կլինեմ։ Ես էդ պայմանին համաձայն եմ, ախպեր, ես դրան կուզեմ։Թագավորի աղջիկը էս տղի խոսք ու զրույցից հասկանում ա, որ սա համ շատ խելոք ա, համ էլ շատ դիմացկուն ու համբերող։ Բերում են սրանց պսակում։ Թագի տակին երդվում են՝ տարին մենակ մի անգամ իրար հետ անկողին մտնեն.—ով որ մեզանից,—ասում են,—էս պայմանը քանդի, աստված էն րոպեին նրա մեջքը կոտրի։—Ասում են ու իրանց խոսքին հաստատ մնում։