ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


ինքնություն

20 июня, 2018

Բազում անհատների և զույգերի հետ աշխատելով՝ շատ հաճախ եմ հանդիպել մի այսպիսի նկարագրության. «կարծես թե վանդակում լինեմ և չգիտեմ ինչպես ազատվել»։ Վանդակից դուրս պրծնելու այս ձգտումը, լինի կին, թե տղամարդ, շատ բնորոշ է մարդուն և հավանաբար ծանոթ է շատերին: Ամեն անգամ, երբ մարդը հուսահատորեն փորձում է ազատվել վիրավորանքից, խռովքից, տրավմաներից, անվստահությունից, հուզական ռեակտիվությունից, կախվածությունից, սպասումներից, կպչուն մտքերից, դեպրեսիայից, ցանկություններից, կրքերից, մոլուցքներից, մրցակցությունից, ինքնաքննադատությունից և հատկապես՝ վախերից, գործ ունենք ազատության տենչանքի հետ։ Բոլոր ժամանակներում, բոլոր տեսակի քաղաքակրթություններում ազատության ապրումը եղել ու մնում է մարդու ամենահիմնարար պահանջմունքներից մեկը՝ անկախ սեռային և ազգային պատկանելությունից, տարիքից, մասնագիտությունից, կրոնական դավանանքից, սոցիալական դիրքից, քաղաքական դիրքորոշումից, ամուսնական կարգավիճակից: Առանց ազատության չկա երջանկություն, միայն  ազատ մարդը կարող է լիակատար ինքնիրագործվել ու իրեն բավարարված զգալ այս կյանքում:  Սերը և ներդաշնակությունը անհնարին են առանց ազատության, ստրուկը չի կարող սիրել, սիրել կարող է միայն ազատ մարդը: Սակայն ի՞նչ է ազատությունը հարցին շատերը պատասխանում են՝ ազատ լինել նշանակում է՝ «ինչ կուզեմ, կանեմ», այսինքն՝ մի վիճակ, որը չի սահմանափակում իրականացնելու անձի ցանկությունները: Չենք կարող չընդունել, որ սա իրականում ոչ թե ազատություն, այլ ամենաթողություն է, քանի որ, եթե ամեն մեկն աներ իր ուզածը, ապա մի մեծ քաոս կտիրեր այս աշխարհում: Ամեն մարդ իր գաղափարն ունի, թե ինչ կարելի է ուզել այս կյանքում և եթե ինչ-որ մեկի ուզածը որոշ մարդկանց համար օգտակար է, ապա մյուսներին այն կարող է ի սպառ կործանել: Իհարկե, սրտի խորքում յուրաքանչյուր ոք գիտի, որ գործելու ազատություն նշանակում է անել այն, ինչն օգտակար կլինի բոլորին ու չի վնասի ոչ ոքի, այսինքն՝ ճշմարիտ և բարոյական է թե առանձին անհատի, թե ողջ համայնքի համար: …