Սերը կարող է կոկայինային կախվածության պես կպչուն լինել…- Արդյոք, սերը հիվանդությո՞ւն է:- Սերը ուրիշի հետ միանալու ուժգին տենչանք է: Սերը հուզական վիճակ է եւ, ինչպես ցանկացած հույզ, կարող է լինել ռացիոնալ եւ իռացիոնալ: Ողջամտության եւ բանականության սահմանները հատող սերը կարող է դիտարկվել իբրեւ իռացիոնալ հույզ եւ հիվանդագին երեւույթ: Թեեւ սերը չի ընդգրկված հոգեկան հիվանդությունների ամերիկյան հոգեբույժների դասակարգման մեջ (սա համարվում է հոգեկան առողջության խանգարումների միջազգային ուղեցույց), այնուհանդերձ, սիրո քիմիան մեծ նմանություն ունի տագնապային եւ կպչուն-սեւեռուն խանգարումների նյարդահորմոնալ շեղումների հետ:Գիտական փաստերը վկայում են, որ սիրով խանդավառված անձի օրգանիզմում բարձրանում է նյարդային մեդիատոր դոպամինի քանակությունը եւ իջնում է սերոտոնինի քանակը: Դոպամինը այն նյարդային մեդիատորն է, որը դրդում է կրկին անգամ ձեռնարկել այնպիսի վարքային ակտիվություններ, որոնց ավարտին ի հայտ է գալիս խորը բավարարման զգացողություն: Ահա թե ինչու է սեքսուալ բավարարման զգացողությունը բերում սեռական ցանկության բորբոքման:Գիտական հետազոտությունները վկայում են, որ կախյալության հակվածությամբ օժտված անձանց մոտ, օրինակ` նիկոտինային կախյալությամբ տառապող անձի դեպքում, դոպամինի նյութափոխանակությունը այնպես է խաթարված, որ կախյալություն առաջ բերող նյութը, տվյալ դեպքում` նիկոտինը, զգալիորեն ուժեղ հաճույք է հարուցում տվյալ անձի մոտ, քան նրանց, ովքեր չունեն կախյալության հակվածություն: Նմանապես «կպչուն-սեւեռուն» սիրո դեպքում, սիրված անձնավորությունը դառնում է կախյալության օբյեկտ եւ առաջացնում այնպիսի ուժեղ հաճույքի զգացողություն, որն ամրապնդում է այդ ախտի ձեւավորումը: