ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


հանդուրժողություն

20 июня, 2018

Բազում անհատների և զույգերի հետ աշխատելով՝ շատ հաճախ եմ հանդիպել մի այսպիսի նկարագրության. «կարծես թե վանդակում լինեմ և չգիտեմ ինչպես ազատվել»։ Վանդակից դուրս պրծնելու այս ձգտումը, լինի կին, թե տղամարդ, շատ բնորոշ է մարդուն և հավանաբար ծանոթ է շատերին: Ամեն անգամ, երբ մարդը հուսահատորեն փորձում է ազատվել վիրավորանքից, խռովքից, տրավմաներից, անվստահությունից, հուզական ռեակտիվությունից, կախվածությունից, սպասումներից, կպչուն մտքերից, դեպրեսիայից, ցանկություններից, կրքերից, մոլուցքներից, մրցակցությունից, ինքնաքննադատությունից և հատկապես՝ վախերից, գործ ունենք ազատության տենչանքի հետ։ Բոլոր ժամանակներում, բոլոր տեսակի քաղաքակրթություններում ազատության ապրումը եղել ու մնում է մարդու ամենահիմնարար պահանջմունքներից մեկը՝ անկախ սեռային և ազգային պատկանելությունից, տարիքից, մասնագիտությունից, կրոնական դավանանքից, սոցիալական դիրքից, քաղաքական դիրքորոշումից, ամուսնական կարգավիճակից: Առանց ազատության չկա երջանկություն, միայն  ազատ մարդը կարող է լիակատար ինքնիրագործվել ու իրեն բավարարված զգալ այս կյանքում:  Սերը և ներդաշնակությունը անհնարին են առանց ազատության, ստրուկը չի կարող սիրել, սիրել կարող է միայն ազատ մարդը: Սակայն ի՞նչ է ազատությունը հարցին շատերը պատասխանում են՝ ազատ լինել նշանակում է՝ «ինչ կուզեմ, կանեմ», այսինքն՝ մի վիճակ, որը չի սահմանափակում իրականացնելու անձի ցանկությունները: Չենք կարող չընդունել, որ սա իրականում ոչ թե ազատություն, այլ ամենաթողություն է, քանի որ, եթե ամեն մեկն աներ իր ուզածը, ապա մի մեծ քաոս կտիրեր այս աշխարհում: Ամեն մարդ իր գաղափարն ունի, թե ինչ կարելի է ուզել այս կյանքում և եթե ինչ-որ մեկի ուզածը որոշ մարդկանց համար օգտակար է, ապա մյուսներին այն կարող է ի սպառ կործանել: Իհարկե, սրտի խորքում յուրաքանչյուր ոք գիտի, որ գործելու ազատություն նշանակում է անել այն, ինչն օգտակար կլինի բոլորին ու չի վնասի ոչ ոքի, այսինքն՝ ճշմարիտ և բարոյական է թե առանձին անհատի, թե ողջ համայնքի համար: …

17 мая, 2018

Դժվար է պատկերացնել իրար հակասող երկու գաղափարների համատեղ գոյությունը, օրինակ՝ մտնել ջուրը և չթրջվել, կամ ասենք՝ անկում ապրել դեպի վեր։ Մեր միտքն ի զորու չէ հաշտվել ու ընդունել երկիմաստությունը, այն չի կարող համաձայնվել հակասող դրույթների միատեղ գոյության հետ։ Սա խնդիր է, որը լուծում է ստացել մի պարզ հնարով՝ անորոշություն ստեղծող առարկան պարզապես կիսվում է երկու հակադիր մասերի, որից հետո համաձայնություն է հաստատվում մասերից մեկի հետ ու մերժվում է մյուսը: Այսպիսով, աշխարհը բաժանավում է բևեռների՝ լավ-վատ, ճիշտ-սխալ, գեղեցիկ-տգեղ, բարի-չար, այլ կերպ ասած՝ աշխարհը դառնում է սև ու սպիտակ: Տեխնիկական այս հնարի կիրառումը հաջողությամբ ազատում է մեզ տհաճ զգացողություններ ապրելուց և ստեղծում թվացյալ ներքին խաղաղություն: Հոգեբանության մեջ այս հնարը կոչվում է կիսում (անգլ. splitting) և համարվում է անձի պաշտպանական մեխանիզմ, այսինքն` անձը և նրա բարեկեցությունը պաշտպանող մեխանիզմ: Ընդհանրապես պաշտպանական մեխանիզմները այնպիսի գործիքներ են, որոնք պաշտպանում են մեր անձը տհաճ զգացողություններից՝ վախի, անորոշության և ամոթի ապրումներից: Պաշտպանական մեխանիզմները մեր անձի կողմից գործի են դրվում անգիտակցաբար, այսինքն՝ մենք նույնիսկ «գլխի չենք ընկնում», որ նման բան ենք անում: Կարելի է ասել մեր փոխարեն, առանց մեզ տեղյակ պահելու, մեր մեջ տեղի են ունենում որոշակի իրադարձություններ, ինչի արդյունքում հայտնվում ենք աղավաղված իրականության մեջ, որը սակայն չենք տեսնում ու շարունակում ենք վստահ լինել, որ պատրանքի մեջ չենք: Մենք հավատացած ենք, որ ճիշտ ենք ու վստահ շարժվում ենք առաջ՝ չհասկանալով, որ անիմաստ դեգերում ենք լաբիրինթում: Արդյունքում շարունակում ենք հեռու մնալ մեր խնդիրների լուծման հեռանկարից ու դատապարտվում դուրս գալ հերթական փակուղի: