Վստահության խնդիրը մարդկային փոխհարաբերությունների մեջ ամենակարևոր և հիմքային սյուներից է: Ոչ մի համագործակցություն չի կարող հաջողությամբ պսակվել, եթե գործընկերները չեն վստահում միմյանց, ընդ որում առանց վերապահումների: Վստահել ինչ-որ մեկին՝ նշանակում է հույս դնել և ապավինել նրան: Սա ունակություն է, որը բնորոշ է ուժեղ մարդկանց, քանի որ վստահությունը համարձակություն է, անորոշության վախի հաղթահարում:Ահա թե ինչպիսի բնույթով է վստահության խնդիրը բարձրաձայնվում կին-տղամարդ փոխհարաբերություններում: «Ինչպե՞ս նորից վստահեմ, երբ բռնացրել եմ, որ ամուսինս դավաճանում է ինձ»:Սկսենք նրանից, որ շատ կանանց հուզող այս հարցն ունի երկու կողմ, նախ՝ պետք է ընդունել, որ տեղի ունեցածը իրոք մեծ ցավ է պատճառել ու այդ տառապանքը պետք է գիտակցված ապրել: Ուղղակի տառապելն անթույլատրելի է, մարդը միշտ պետք է հասկանա իր տառապանքը և գիտակցաբար վերափոխի այն: Դրա համար կարևոր է, որ զույգը ստեղծի ներընտանեկան այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավոր է առանց կաշկանդվելու արտահայտել ու ապրել այդ ցավը: Ոչ մի դեպքում չի կարելի խեղդել, ճնշել, արտամղել, անզգայանալ այդ ցավից: Կարևոր է, որ ամուսինը ընդունի, որ իր քայլը ցավ է պատճառել, բայց սա չի նշանակում թե նա պետք է մեղավոր զգա իրեն ու պատժվի, բնավ: Իր կատարած քայլի հետևանքների գիտակցումը թույլ է տալիս որակապես նոր ու ավելի ինտիմ հարաբերություններ կառուցել, ուրեմն՝ փոխանակ մեղքի զգացումով ծանրաբեռնվելու, ավելի կառուցողական է պատասխանատվություն ստանձնել նոր հարաբերությունների կառուցման համար, ինչի երաշխիքը կլինի նախորդ քայլի հետևանքերի շտկումը: