Մտահոգիչ փաստ է, որ «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանն առաջին տեղն է գրավում համացանցում (armenianherald.com): ՈՒշագրավ են նաև մեր դիտարկումներն այն մասին, որ բազում տղամարդիկ և կանայք ունենալով այս կամ այն սեքսուալ խնդիրը և այդ խնդրի լուծման պոտենցիալ հնարավորությունը, այնուհանդերձ շարունակում են ապրել այդ խնդրով: Սեռական խանգարումներով այցելուների դիմելիությունը Հայաստանում շատ հեռու է առաջին հորիզոնականում լինելուց: Ավելին` շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց սեռական կյանքում կա իրական խնդիր, որը հղի է ընդհանուր առողջությանը վնասելու վտանգով: Մի գուցե մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ է սեռական առողջությունը՝ դրա տակ պարզունակորեն հասկանալով միայն սեռական օրգանների ֆիզիոլոգիական գործունեությունը և այդ գործունեության հաճույքաբեր կողմը:«Սեռական» բառը, էլ չենք ասում «սեքսը», անմիջապես այնպիսի բուռն և ոչ ադեկվատ հակազդեցության է հանդիպում մեր հայ իրականության մեջ, որ հաճախ մենք ստիպված ենք լինում օգտագործել ամենատարբեր հոմանիշներ, որ այլևայլ ձևերով բացատրենք մեր միտքը, որպեսզի լսարանի կողմից չարժանանանք «այլասերվածների բժիշկ» լինելու պիտակին: