ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


սեռականը և հոգևորը

20 Դեկտեմբերի, 2017

 Սեռական ցանկության մակարդակների անհամապատասխանությունը սեքսոլոգիական պրակտիկայում ոչ հազվադեպ հանդիպող խնդիրներից է: Բավական հաճախ այսպիսի գանգատով ներկայացող զույգերը նշում են, որ իրենք կորցրել են միմյանց նկատմամբ հոգևոր կապի զգացողությունը, որի տակ հասկանում են իրենց կրոնական պատկերացումները և այդ շրջանակներում ծագած անհամաձայնությունները:Այս դեպքի քննարկումը վերաբերում է մի զույգի, ովքեր իրենց խնդրի արմատները փորձում են գտնել քրիստոնեության ակունքներում։ Կինը գանգատվում է սեռական զզվանքից, բայց մերժել չի կարողանում, քանի որ իրեն քրիստոնյա է համարում, իսկ Սուրբ գրքում գրված է, թե կնոջ պարտականությունն է իր ամուսնուն չմերժելը, ու որ կինն իր մարմնի տերը չէ և իրարից հեռու պետք չէ մնալ։ Քրիստոնեական այս հրահանգները կնոջ համար օրենք են և նա չի կարող իրեն թույլ տալ մերժել իր ամուսնուն, չնայած այն հանգամանքին, որ դադարել է սեռական գրգռում ապրել, օրգազմը բացակայում է և ոչինչ չի զգում սեռական մերձեցումից, նույնիսկ վերջին ժամանակներում սեռական զզվանք է ապրում։Պետք է նշեմ, որ կնոջ այս մեջբերումները կատարվել են Նոր Կտակարանից, բայց մեջբերված հատվածը կիսատ է ու իր ամբողջությունից կտրված։ Ամբողջացնենք Պողոս Առաքյալի խոսքը. «Ամուսինը թող իր պարտականությունը կատարի կնոջ հանդեպ. նմանապես՝ կինը տղամարդու հանդեպ։ Կինն իր մարմնի տերը չէ, այլ՝ ամուսինը. նմանապես՝ ամուսինն իր մարմնի տերը չէ, այլ՝ կինը։ Իրարից հեռու մի՛ մնացեք, այլ միայն՝ փոխադարձ համաձայնությամբ և կարճ ժամանակով, աղօթքի նվիրվելու նպատակով, ապա վերադարձեք իրար» (1 Կորնթ 7։3-5)։ Ինչպես տեսնում էք, ուսուցանվում է կատարյալ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ։ Կնոջ իրավունքները ֆեմինիստները չեն ձեռքբերել 20րդ դարում, այլ Քրիստոնեությունը 2000 տարի առաջ։ Բավական է, որ ամուսիններն ԻՐՈՔ ապրեն այդ Քրիստոնեությունը, փոխադարձաբար, այլ ո՛չ թե միակողմանի։