ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


սեռական առողջություն

17 Փետրվարի, 2014

Ճակատագրի բերումով նրան վիճակված էր հաշմանդամություն ունենալ: Ինձ մոտ գալուց առաջ խնդրեց, որպեսզի այնպիսի ժամի հանդիպենք, որ տարածքում ոչ ոք չլինի, որպեսզի որևէ մեկը չնկատի սեքսոլոգիական կլինիկա իր գալը: Նա ամաչում էր այն փաստից, որ ինքը սեռական կյանքի մասին է մտածում, «ի՞նչ կմտածեն մարդիկ». սարսափով ասում էր նա ու շատ հաճախ էին մեր հանդիպումները սկսում ինքնաարդարացման երկար-բարակ նախաբաններով: Նա օգտվում էր սայլակից, իսկ մեր կլինիկայի մուտքը բարձր է գետնի մակարդակից ու թեքահարթակ էլ չունենք: Այնպես որ ամոթը մի կողմ, հարկ կար նախ և առաջ հաղթահարելու ամենապարզունակ տեխնիկական դժվարություններ:Բնությունից օժտված անզուգական հմայքով այդ կինը խելացի էր և գրավիչ: Նրա մարմնի վերին վերջույթները, դեմքի մկանները, պարանոցը շարժունակ էին և արտացոլում էին իրենց շարժողի ողջ գեղեցկությունն ու նրբագեղությունը: Պատահել էր այնպես, որ իր կյանքում հայտնվել էր մի տղամարդ, ով գնահատել էր իր արժանիքները և խորը հարգանք էր տածում իր նկատմամբ: Հաշմանդամությունը խոչընդոտ չէր հանդիսացել սիրո մեջ ապրելուն և նրանք ամուսնացել էին: Սակայն կար մի խնդիր, որը թույլ չէր տալիս ապրել սեռական կյանքով, դա կնոջ մոտ առկա վագինիզմն էր: Երկարատև ու համառ բուժումից հետո, հաղթհարելով բազում դժվարություններ` մեզ հաջողվեց հաղթահարել հիվանդությունը: Հիմա նրանք ունեն մի շատ գեղեցիկ բալիկ:

23 Սեպտեմբերի, 2011

Մտահոգիչ փաստ է, որ «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանն առաջին տեղն է գրավում համացանցում (armenianherald.com): ՈՒշագրավ են նաև մեր դիտարկումներն այն մասին, որ բազում տղամարդիկ և կանայք ունենալով այս կամ այն սեքսուալ խնդիրը և այդ խնդրի լուծման պոտենցիալ հնարավորությունը, այնուհանդերձ շարունակում են ապրել այդ խնդրով: Սեռական խանգարումներով այցելուների դիմելիությունը Հայաստանում շատ հեռու է առաջին հորիզոնականում լինելուց: Ավելին` շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց սեռական կյանքում կա իրական խնդիր, որը հղի է ընդհանուր առողջությանը վնասելու վտանգով: Մի գուցե մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ է սեռական առողջությունը՝ դրա տակ պարզունակորեն հասկանալով միայն սեռական օրգանների ֆիզիոլոգիական գործունեությունը և այդ գործունեության հաճույքաբեր կողմը:«Սեռական» բառը, էլ չենք ասում «սեքսը», անմիջապես այնպիսի բուռն և ոչ ադեկվատ հակազդեցության է հանդիպում մեր հայ իրականության մեջ, որ հաճախ մենք ստիպված ենք լինում օգտագործել ամենատարբեր հոմանիշներ, որ այլևայլ ձևերով բացատրենք մեր միտքը, որպեսզի լսարանի կողմից չարժանանանք «այլասերվածների բժիշկ» լինելու պիտակին: