Սիրելն ու սիրվելը մարդու ամենախորքային, հիմքային պահանջներից են: Դա կենսաբանական, հոգեբանական, հուզական և հոգևոր պահանջ է, որի բավարարումը խիստ կարևոր է լիարժեք մարդ լինելու համար: Կին-տղամարդ սիրային կապի միջոցով բավարարվում է այդ կարևոր պահանջմունքը, ու միանգամայն բնական է, որ ցանկություն ունենք ինտիմ հարաբերություններ կառուցել ինչ-որ մեկի հետ, ով կդառնա մեր կյանքի ուղեկիցը: Ոչ ոք չի ուզում մենակ մնալ, մենակ ապրող կնոջը անվանում են «տանը մնացած», մենակ տղմարդուն՝ «ծեր ամուրի»: Նույն վերաբերմունքը կա ամուսնալուծված մարդկանց հանդեպ, նրանց համարում են սխալ մարդիկ, պակասորդ ունեցող մարդիկ: Սա խոսում է այն մասին, որ մենակ մարդկանց հանդեպ հասարակությունը չունի հանդուրժող վերաբերմունք: Ցավոք, շատերը ձգտում են գտնել իրենց կողակցին, որպեսզի չարժանանան նման պիտակի, ու եթե տարիքն անցել է ու դեռ ամուսնացած չեն, ներքին տագնապի զգացում է հայտնվում, կարծես թե կյանքը զուր գնաց ու այդպես էլ չիրագործեցին կյանքի ամենագլխավոր նպատակը՝ չգտան իրենց լրացնող կեսին:Ռոմանտիկ-սիրային հարաբերություններ փափագելը լիովին բնական է, սակայն խնդրահարույց է, երբ այդ տեսակ սիրո միջոցով փորձում ենք լուծել մեր կյանքի բոլոր խնդիրները` մտածելով, որ ռոմանտիկ սերը կոչված է լրացնելու մեզ, ամբողջացնելու մեր էությունը: Ընդհանրապես, պետք է ընդունել, որ ռոմանտիզմն իրոք երջանկացնելու հատկություն ունի: Սիրահարված մարդուն աշխարհը թվում է թեթև ու վարդագույն` ինչպես բարի հեքիաթներում է: Ընդ որում, ռոմանտիզմի հակված մարդիկ նման վերաբերմունք են տածում ոչ միայն իրերի ու երևույթների, այլ անգամ հիվանդությունների հանդեպ՝ հավատալով և հուսալով, որ որևէ լուրջ բան չի կարող պատահել, եթե անգամ ախտորոշվել է լուրջ հիվանդություն: