Սեռական թուլության գանգատ ներկայացնող տղամարդկանց հաճախ նշանակվում է արյան քննություն՝ տեստոստերոնի քանակությունը որոշելու նպատակով: Նրանք ովքեր չգիտեն ինչ է տեստոստերոնը (Տ), նշեմ՝ դա կենսաբանորեն ակտիվ քիմիական մոլեկուլ է, որն արտադրվում է տղամարդու ամոձիներում և պատասխանատու է տղամարդու սեռական և վերարտադրողական ֆունկցիայի համար: Տեստոստերոնը ուղղակի և անուղղակի ձևերով պայմանավորում է առնանդամի սեռական գրգռումը՝ էրեկցիայի առաջացումը, սերմնաժայթքման գործընթացը, սերմնարտադությունը: Սակայն առավել քան էրեկցիան, տեստոստերոնը սերտ կապի մեջ է գտնվում մարդու իմացական գործունեության և տրամադրության կարգավորման մեխանիզմների հետ, պայմանավորում է սեքսուալ բովանդակությամբ մտքերի մշակումն ու ու սեռավարքային մոտիվացիաների առաջացումը:Ամեն օր տղամարդու ամորձիները արտադրում են 5-10 մգ տեստոստերոն, ևս 25 մգ պահեստավորված է ամորձիներում: Որպեսզի տեստոստերոնը կարողանա դրսևորել իր կենսաբանական ակտիվությունը, նա պետք է բավարար քանակությամբ հասնի թիրախ օրգաններ՝ գլխուղեղ և առնանդամ: Տեստոստերոնի միայն 2%-ն է ազատ շրջանառում արյան հունում, պատկերավոր ասած՝ ոտքով տեղ հասնում թիրախ օրգաններ, 40%-ի տեղափոխման խնդիրը լուծվում է հատուկ տրանսպորտային միջոցի օգնությամբ, որի անունն է ալբումին: Տեստոստերոնը ազատ կապվում է ալբումինի հետ և հասնելով իր ազդեցության վայր՝ արձակվում է ալբումինից ու ներս թափանցում թիրախ բջիջ: Արյան հունի մեջ հայտնված տեստոստերոնի մնացած 58%-ը կապնված է մեկ այլ տրանսպորտային միջոցի հետ, որի կրճատ անունը դնենք Գլոբուլին (Սեռական հորմոնը կապող գլոբուլին): Գլոբուլինի հետ Տ-ի կապն այնքան ամուր է ստացվում, որ տեստոստերոնի ազատ արձակումն անհնար է դառնում, այսինքն՝ Գլոբուլինը չեզոքացնում է իր հետ կապնված տեստոստերոնի ակտիվությունը: