ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


splitting

17 Մայիսի, 2018

Դժվար է պատկերացնել իրար հակասող երկու գաղափարների համատեղ գոյությունը, օրինակ՝ մտնել ջուրը և չթրջվել, կամ ասենք՝ անկում ապրել դեպի վեր։ Մեր միտքն ի զորու չէ հաշտվել ու ընդունել երկիմաստությունը, այն չի կարող համաձայնվել հակասող դրույթների միատեղ գոյության հետ։ Սա խնդիր է, որը լուծում է ստացել մի պարզ հնարով՝ անորոշություն ստեղծող առարկան պարզապես կիսվում է երկու հակադիր մասերի, որից հետո համաձայնություն է հաստատվում մասերից մեկի հետ ու մերժվում է մյուսը: Այսպիսով, աշխարհը բաժանավում է բևեռների՝ լավ-վատ, ճիշտ-սխալ, գեղեցիկ-տգեղ, բարի-չար, այլ կերպ ասած՝ աշխարհը դառնում է սև ու սպիտակ: Տեխնիկական այս հնարի կիրառումը հաջողությամբ ազատում է մեզ տհաճ զգացողություններ ապրելուց և ստեղծում թվացյալ ներքին խաղաղություն: Հոգեբանության մեջ այս հնարը կոչվում է կիսում (անգլ. splitting) և համարվում է անձի պաշտպանական մեխանիզմ, այսինքն` անձը և նրա բարեկեցությունը պաշտպանող մեխանիզմ:Ընդհանրապես պաշտպանական մեխանիզմները այնպիսի գործիքներ են, որոնք պաշտպանում են մեր անձը տհաճ զգացողություններից՝ վախի, անորոշության և ամոթի ապրումներից: Պաշտպանական մեխանիզմները մեր անձի կողմից գործի են դրվում անգիտակցաբար, այսինքն՝ մենք նույնիսկ «գլխի չենք ընկնում», որ նման բան ենք անում: Կարելի է ասել մեր փոխարեն, առանց մեզ տեղյակ պահելու, մեր մեջ տեղի են ունենում որոշակի իրադարձություններ, ինչի արդյունքում հայտնվում ենք աղավաղված իրականության մեջ, որը սակայն չենք տեսնում ու շարունակում ենք վստահ լինել, որ պատրանքի մեջ չենք: Մենք հավատացած ենք, որ ճիշտ ենք ու վստահ շարժվում ենք առաջ՝ չհասկանալով, որ անիմաստ դեգերում ենք լաբիրինթում: Արդյունքում շարունակում ենք հեռու մնալ մեր խնդիրների լուծման հեռանկարից ու դատապարտվում դուրս գալ հերթական փակուղի: