Այլ

17 Փետրվարի, 2014

Ճակատագրի բերումով նրան վիճակված էր հաշմանդամություն ունենալ: Ինձ մոտ գալուց առաջ խնդրեց, որպեսզի այնպիսի ժամի հանդիպենք, որ տարածքում ոչ ոք չլինի, որպեսզի որևէ մեկը չնկատի սեքսոլոգիական կլինիկա իր գալը: Նա ամաչում էր այն փաստից, որ ինքը սեռական կյանքի մասին է մտածում, «ի՞նչ կմտածեն մարդիկ». սարսափով ասում էր նա ու շատ հաճախ էին մեր հանդիպումները սկսում ինքնաարդարացման երկար-բարակ նախաբաններով: Նա օգտվում էր սայլակից, իսկ մեր կլինիկայի մուտքը բարձր է գետնի մակարդակից ու թեքահարթակ էլ չունենք: Այնպես որ ամոթը մի կողմ, հարկ կար նախ և առաջ հաղթահարելու ամենապարզունակ տեխնիկական դժվարություններ:Բնությունից օժտված անզուգական հմայքով այդ կինը խելացի էր և գրավիչ: Նրա մարմնի վերին վերջույթները, դեմքի մկանները, պարանոցը շարժունակ էին և արտացոլում էին իրենց շարժողի ողջ գեղեցկությունն ու նրբագեղությունը: Պատահել էր այնպես, որ իր կյանքում հայտնվել էր մի տղամարդ, ով գնահատել էր իր արժանիքները և խորը հարգանք էր տածում իր նկատմամբ: Հաշմանդամությունը խոչընդոտ չէր հանդիսացել սիրո մեջ ապրելուն և նրանք ամուսնացել էին: Սակայն կար մի խնդիր, որը թույլ չէր տալիս ապրել սեռական կյանքով, դա կնոջ մոտ առկա վագինիզմն էր: Երկարատև ու համառ բուժումից հետո, հաղթհարելով բազում դժվարություններ` մեզ հաջողվեց հաղթահարել հիվանդությունը: Հիմա նրանք ունեն մի շատ գեղեցիկ բալիկ:

28 Հուլիսի, 2013

Ճամփորդության ժամանակ այդ հատվածը մենակով ես անցնում՝ ապավինելով սեփական ուժերիդ, վստահելով ինքդ քեզ ու քո մարմնին: Կյանքի իրական զգացողությունը կախված է այդ հատվածից ու թե ինչպես կհաղթահարես այն:Ես գնում էի մենակ, ինքս էի իմ աշխարհի հեղինակը և պատասխանատուն, գործում էին իմ օրենքները և կանոնները, որոնցով առաջնորդվում, բացվում ու ծավալվում էի այդ տարածքներում: Ազատության լիակատար վերապրում էր: Ու մի պահ թվաց, թե լքել եմ ընկերոջս, թողել եմ նրան հեռու հեռվում: Մտածեցի. մի՞թե օգտագործում եմ նրան: Մեղքի զգացումի ուժեղ հորձանուտը սկսեց հարվածել ու ներծծել հոգիս, հիասթափություն զգացի ինձնից, մտածում էի, որ այդ պահին ապրածս զգացողությունն ու հաճույքը անձնասեր են, որևէ կապ չունեն նրա հետ, իմն են բացառապես, բայց կար մի այլ զգացողություն ևս, որ հուշում էր, թե դա այդպես չէ, ուրիշ բան կա: Այդ մենակությունն անձնասեր առանձնության պես չէր, քանի որ հիմքում կար մերձավորիս հանդեպ տածած խորը վստահություն, առանց որի հնարավոր չէր էլ լինի հայտնվել այդտեղ, որտեղ կարող ես ազատ լինել ու չվախենալ, այդ մենակությունը շնորհիվ նրա սիրո էր, քանի որ գնում էի մի տեղ, որտեղից գալիս էի հույսով ու սիրով լցված: Մտածեցի, որ սիրելու համար պետք է թողնել միմյանց, միայն հեռանալով կարելի է իսկական սեր տալ, առանց այդ տարանջատումի չկա այդ սերն ու չկա հարաբերություն, կա ծանրություն, կցորդություն, միաձուլում, ու դու պասիվ կրկնող ես, վերադարձնում ես այն՝ ինչ ստանում ես, եթե ոչ պակասած, չկա քոնը, թվում է դու ես, բայց նրա արտացոլումն ես: Ես սա խորապես հակաբարոյական եմ համարում, քանի որ այստեղ դու ոչնչացնում ես ինքդ քեզ ու եթե համոզված ես, որ հաճույք ես զգում, ապա դա ինքնախաբեություն է կամ ստրկամիտ …

30 Օգոստոսի, 2012

Հայտնի է, որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր ավանդույթներից և մտակաղապարներից ծնված առասպելներ: Տրվելով այդ առասպելներին՝ կանայք ու տղամարդիկ իրենց սեռականության մասին ձևավորում են իրականությանը չհամապատասխանող սպասումներ, որոնք էլ հետագայում կարող են տարբեր սեռական խանգարումների պատճառ հանդիսանալ:Հայկական իրականության մեջ ամենատարածված սեռական առասպելներից մեկն այն է, որ կնոջը սեռական հաճույք պարգևելու մենաշնորհը պատկանում է տղամարդուն: Մինչդեռ գիտական փաստերը վկայում են, որ սեռական հաճույք վերապրելու կարողությունը մեծապես կախված է հենց իրենից՝ կնոջից: Այսպես, եթե կինը ունի որևէ ներանձնային կոնֆլիկտ, փսիխոսեքսուալ զարգացման հապաղում, սեքսուալ “ես”-ի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նյարդային, հորմոնալ հիվանդություններ, տեղային բորբոքային երևույթներ, ապա ոչ մի տղամարդ, նույնիսկ սեքսուալ ուժեղ տիպի, ի վիճակի չէ այդ կնոջը սեռական հաճույք պատճառել:

26 Հուլիսի, 2012

Սերը կարող է կոկայինային կախվածության պես կպչուն լինել…- Արդյոք, սերը հիվանդությո՞ւն է:- Սերը ուրիշի հետ միանալու ուժգին տենչանք է: Սերը հուզական վիճակ է եւ, ինչպես ցանկացած հույզ, կարող է լինել ռացիոնալ եւ իռացիոնալ: Ողջամտության եւ բանականության սահմանները հատող սերը կարող է դիտարկվել իբրեւ իռացիոնալ հույզ եւ հիվանդագին երեւույթ: Թեեւ սերը չի ընդգրկված հոգեկան հիվանդությունների ամերիկյան հոգեբույժների դասակարգման մեջ (սա համարվում է հոգեկան առողջության խանգարումների միջազգային ուղեցույց), այնուհանդերձ, սիրո քիմիան մեծ նմանություն ունի տագնապային եւ կպչուն-սեւեռուն խանգարումների նյարդահորմոնալ շեղումների հետ:Գիտական փաստերը վկայում են, որ սիրով խանդավառված անձի օրգանիզմում բարձրանում է նյարդային մեդիատոր դոպամինի քանակությունը եւ իջնում է սերոտոնինի քանակը: Դոպամինը այն նյարդային մեդիատորն է, որը դրդում է կրկին անգամ ձեռնարկել այնպիսի վարքային ակտիվություններ, որոնց ավարտին ի հայտ է գալիս խորը բավարարման զգացողություն: Ահա թե ինչու է սեքսուալ բավարարման զգացողությունը բերում սեռական ցանկության բորբոքման:Գիտական հետազոտությունները վկայում են, որ կախյալության հակվածությամբ օժտված անձանց մոտ, օրինակ` նիկոտինային կախյալությամբ տառապող անձի դեպքում, դոպամինի նյութափոխանակությունը այնպես է խաթարված, որ կախյալություն առաջ բերող նյութը, տվյալ դեպքում` նիկոտինը, զգալիորեն ուժեղ հաճույք է հարուցում տվյալ անձի մոտ, քան նրանց, ովքեր չունեն կախյալության հակվածություն: Նմանապես «կպչուն-սեւեռուն» սիրո դեպքում, սիրված անձնավորությունը դառնում է կախյալության օբյեկտ եւ առաջացնում այնպիսի ուժեղ հաճույքի զգացողություն, որն ամրապնդում է այդ ախտի ձեւավորումը:

23 Հուլիսի, 2012

Անկանոն սեռական կյանքը` բազմակի զուգընկերների հերթափոխմամբ, համարվում է սեռական վարքի խանգարում և սեքսոլոգիայում հայտնի է «պրոմիսկուիտետ» անվամբ: Այս խանգարումը հաճախ հանդիպում է աղջիկների մոտ և արտահայտվում բազմաթիվ սեռական զուգընկերների առկայությամբ, ում հետ չկա հուզական կապվածություն, հաճախ դրանք այսպես կոչված «մի գիշերվա» տղամարդիկ են, սեռական հարաբերությունը նրանց հետ առաջինն ու վերջինն է: Խոսքը չի վերաբերում մարմնավաճառությանը, որովհետև սեռական այս վարքի հիմքում, ոչ մի դեպքում, ընկած չէ նյութական օգնություն ձեռք բերելու դրդապատճառը: Նրանց չի առաջնորդում նաև սեռական հաճույքի անհագ մղումը, ընդհակառակը` հիմնական դեպքերում այս աղջիկները տառապում են անօրգազմիայով և խորը հոգեսեքսուալ անբավարարվածությամբ:Սեռական վարքի այս խանգարումը անպատասխանատվության մեծ բեռ է կրում իր մեջ, քանի որ այս աղջիկները հաճախ ձեռք են բերում սեռավարակներ և տարածում իրենց զուգընկերների շրջանում: Նույնիսկ այն դեպքերում, երբ կինը դիմում է բժշկին, իր անպատասխանատվության պատճառով հաճախ մնում է թերի բուժված, և սեռավարակը շարունակում է թաքուն ապրել նրա օրգանիզմում` ձեռք բերելով քրոնիկական ընթացք: Շատ դեպքերում այս աղջիկները հետագայում ունենում են անպտղության խնդիր, հատկապես, եթե ընդհատել են չնախատեսված հղիությունները: Բարձր է ալկոհոլիզմով հիվանդանալու հավանականությունը, երբեմն նույնիսկ դիմում են թմրանյութերի օգտագործմանը: Կարելի է ասել, որ պրոմիսկուիտետը նաև սոցիալական չարիք է, բացի առողջական խնդիր լինելուց, քանի որ հասանելի լինելով իբրև սեռական օբյեկտ, այսպիսի աղջիկները ստեղծում են կանացի սեքսուալության այնպիսի պակերացումներ, որտեղ կինը հանդիսանում է լոկ հաճույքի առարկա։

18 Հունիսի, 2012

Ձեռնաշարժությունը (մաստուրբացիա, ինքնաբավարարում, օնանիզմ) ձեռքի օգնությամբ ինքնագրգռման հասնելն է, որն ավարտվում է սերմնաժայթքումով` տղամարդկանց մոտ և հեշտանքի զգացումով` երկու սեռերի մոտ: Կան ձեռնաշարժության մի քանի ձևեր: Նախ և առաջ դա պատանեկան ձեռնաշարժությունն է: Սա պատանեկան տարիքում տղաների սեռական հասունացման բնորոշ դրսևորումներից է: Ձեռնաշարժության այս տեսակը պայմանավորված է ֆիզիոլոգիական և սոցիալական գործոններով: Ֆիզիոլոգիական գործոնն այս տարիքում առաջացող նեյրոհորմոնալ բուռն տեղաշարժերն են:Պատանեկության շրջանում կտրուկ բարձրանում է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի քանակությունը, որը երկու ճանապարհով խթանում է ձեռնաշարժության երևույթը: Նախ, տեստոստերոնի աճող քանակը արագացնում է ամորձիների զարգացումը և սերմի արտադրության պրոցեսը: Արագ տեմպերով կուտակվող սերմնահեղուկը լարում է առաջացնում սերմնատար ուղիներում` ճնշում գործադրելով այդ ուղիների պատերում տեղակայված մեխանոռեցեպտորների վրա: Այս ճնշումը ընկալվում է իբրև ֆիզիոլոգիական դիսկոմֆորտի վիճակ, որից ամեն կերպ ազատվելու ձգտումը դառնում է գերիշխող շարժառիթ:

24 Մայիսի, 2012

Հաճախ միջսեռային հարաբերություններում դժվարություն ունեցեղ մարդիկ չեն կողմնորոշվում` ով ավելի օգտակար խորհուրդ կտա իրենց` հոգեբա՞նը, թե՞ բժիշկ-սեռաբանը, այսինքն` սեքսոլոգը: Սովորաբար ընդունված է, որ բժշկին այցելում են այն դեպքերում, երբ, կոպիտ ասած, ինչ-որ տեղդ ցավում է: Սեռական խնդիրների և սեռային հարաբերությունների հարցում պատկերը մի փոքր այլ է: Քանի որ միջսեռային դժվարությունները մարդուն հոգեկան տառապանք են պատճառում, նա հաճախ մտածում է, որ իր խնդիրը հոգեբանական է և օգնության է դիմում հոգեբանին: Եվ իրոք, շատ դեպքերում հոգեբանը մեծ արդյունավետությամբ օգնում է հաղթահարել անինքնավստահությունը, անլիարժեքությունը, օգնում է բարձրացնել ինքնագնահատականը:Սակայն, գոյություն ունի այն սխալ պատկերացումը, որ եթե միջանձնային հարաբերություններում ամեն ինչ կարգին է, այսինքն՝ զույգի միջև առկա է փոխադարձ հասկացողություն, սեր և հարգանք, ապա նրանց սեռական կյանքում ամեն ինչ կարգին է:

23 Սեպտեմբերի, 2011

Մտահոգիչ փաստ է, որ «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանն առաջին տեղն է գրավում համացանցում (armenianherald.com): ՈՒշագրավ են նաև մեր դիտարկումներն այն մասին, որ բազում տղամարդիկ և կանայք ունենալով այս կամ այն սեքսուալ խնդիրը և այդ խնդրի լուծման պոտենցիալ հնարավորությունը, այնուհանդերձ շարունակում են ապրել այդ խնդրով: Սեռական խանգարումներով այցելուների դիմելիությունը Հայաստանում շատ հեռու է առաջին հորիզոնականում լինելուց: Ավելին` շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց սեռական կյանքում կա իրական խնդիր, որը հղի է ընդհանուր առողջությանը վնասելու վտանգով: Մի գուցե մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ է սեռական առողջությունը՝ դրա տակ պարզունակորեն հասկանալով միայն սեռական օրգանների ֆիզիոլոգիական գործունեությունը և այդ գործունեության հաճույքաբեր կողմը:«Սեռական» բառը, էլ չենք ասում «սեքսը», անմիջապես այնպիսի բուռն և ոչ ադեկվատ հակազդեցության է հանդիպում մեր հայ իրականության մեջ, որ հաճախ մենք ստիպված ենք լինում օգտագործել ամենատարբեր հոմանիշներ, որ այլևայլ ձևերով բացատրենք մեր միտքը, որպեսզի լսարանի կողմից չարժանանանք «այլասերվածների բժիշկ» լինելու պիտակին:

16 Սեպտեմբերի, 2011

Գիտականորեն հաստատված է, որ սեռական խամգարումների առաջացման գործում նախատրամադրող դեր են խաղում սեռական կոնստիտուցիան և անձնային առանձնահատկությունները: Սովորաբար ուժեղ սեռական կոնստիտուցիայով տիպի մոտ սեքսուալ խանգարում առաջանալու համար հարկավոր են ուժեղ և երկարատև ախտածին ազդակներ, թույլ տիպի մոտ անգամ կենցաղային խնդիրները կարող են բերել սեռական ախտանիշների դրսևորման։ Մյուս կողմից, ուժեղ սեռական կոնստիտուցիայով անձի մոտ սեռական խանգարում կարող է զարգանալ նաև թույլ սթրեսային իրավիճակում, եթե կան որոշակի անձնային առանձնահատկություններ (շեշտվածություն, փսիխոպաթիա), և հակառակը` թույլ կոնստիտուցիանալ տիպի մոտ անգամ ուժգին սթրեսից սեռական խանգարում կարող է չառաջանալ, եթե չկան անձնային նախատրամադրող գործոններ և գործի են դրվում հզոր հարմարողական բնույթի հակազդեցություններ:Սեռական խանգարման առաջացման մեխանիզմները գործում են հիմնականում երկու ուղղությամբ՝ պայմանական ռեֆլեքսների առաջացում և վեգետատիվ կարգավորման խանգարում։ Ըստ բարձրագույն նյարդային համակարգի գործունեության Պավլովյան տեսության` պայմանական գրգիռներն առաջացնում են տագնապ, որն էլ ըստ էության կարող է անմիջականորեն բերել սեռական խանգարման, քանի որ արգելակում է ողնուղեղային կենտրոնների գործունեությունը, որի հետևանքով էլ չեն առաջանում նյարդաանոթային ռեֆլեքսներ:

  • 1
  • 2