Առաջին հայացքից ցավն ու օրգազմը իրար հետ բոլորովին կապ չունեցող երկու առանձին երևույթներ են: Սակայն օրգազմ ապրելու պահին դեմքի ցավ արտահայտող պատկերը հուշում է այլ բան: Ինչպես վկայում են նեյրոանատոմիայի և նեյրոֆիզիոլոգիայի ոլորտներում կատարած ուսումնասիրությունները, ցավի ու օրգազմի վերահսկումը կատարվում է գլխուղեղի և ողնուղեղի սերտ հարևանությամբ գտնվող հատվածների օգնությամբ: Այս հարևանությունն այնքան սերտ է, որ հաճախ մի երևույթի դրսևորումները դառնում են մյուսինը՝ նյարդային գրգիռների տարածման և մի կենտրոնից մյուսին անցնելու հետևանքով: Հավանաբար, կենտրոնների այս հարևանությունն այն էվոլյուցիոն իմաստն ունի, որ իջեցնում է ցավի շեմը: Ապացուցված գիտական փաստ է, որ կնոջ հեշտոցային պատերի գրգռման շնորհիվ և հատկապես՝ օրգազմ ապրելու պահին, ցավի նկատմամբ կնոջ զգայունությունը կիսով չափ նվազում է, այսինքն՝ կինը դառնում է ցավի հանդեպ ավելի դիմակայուն, որը բնության տեսակետից նպատակահարմար է՝ ծննդաբերության ցավերին դիմանալու առումով:
Գիտությունը հնարավոր է համարում, որ գլխուղեղի այդ երկու բաժինները ընդհանուր ենթաբաժին ունեն, որը պատասխանատու է հուզական արձագանքման ուժգնության համար: Հնարավոր է, որ ցավ և հաճույք առաջացնող նյարդային գրգիռները մինչև որոշակի պահ նյարդային համակարգում միասին են ընթանում, իսկ հետո՝ վերջնական գնահատականի համար անջատվում իրարից: Քանի դեռ այդ երկու տարաբնույթ երևույթների նյարդային ուղիները համընդհանուր են, նրանց արտաքին դրսևորւմները նման կլինեն, ահա թե ինչու օրգազմի պահին ցավ արտահայտող դեմքը կարող է թվացյալ ցավի նշան լինել: