ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


 

Այլասերված հաճույք

1. Բարև ձեզ ես ու ամուսինս գրեթե 15 տարի միասին ենք, մեր սեռական կյանքում ամեն ինչ գերազանց է, բայց արդեն մեկ տարի է ինչ ամուսինս ինձ համոզում է սեքս անել մի երրորդ տղայի հետ, իսկ ինքը մեզ նայի հետո միանա մեզ: Ես կտրականապես դեմ եմ, մեր վեճերը դարձել են ամենօրյա: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս նրան ետ կանգնեցնեմ այդ մտքից, կամ ինչու՞ է նա այդպես ուզում: Ի՞նչ կարող եք ասել: Ըստ ամուսնուս՝ դա իրեն գերագույն հաճույք կտա և նա երազում է դրա մասին:

show more

Այն, ինչ ցանկանում է Ձեր ամուսինը սեռական այլասերվածություն է, բժշկական լեզվով դրան անվանում են պերվերզիվ վարք: Դա հոգեկան առողջության խնդիր է, Ձեր ամուսինը բուժման կարիք ունի, Դուք նրան օգնել չեք կարող, նրան կարող է օգնել միայն մասնագետը, այն էլ երկարատև թերապիայի շնորհիվ: Պատճառները տարբեր են, չի բացառվում նաև գլխուղեղի օրգանական խնդրի առկայությունը, ուստի խորհուրդ է տրվում անպայման դիմել մասնագետի՝ համապատասխան հետազոտման և բուժման համար:

show less

Գրգռման դժվարություն

1. Հարգելի բժիշկ, ի՞նչ կարող եմ անել, որ սեռական հարաբերությունների ժամանակ ամուսինս ավելի երկար զբաղվի սիրախաղով, նա միշտ շտապում է անցնել բուն գործողությանը։ Ես հոգնել եմ ամեն անգամ նրան հիշեցնել, որ կանայք դրա կարիքը շատ ունեն։ Մի՞թե դա պարզապես էգոիստություն է նրա կողմից։ Կանխավ շնորհակալություն։

show more

Դուք ինքներդ կարող եք սիրախաղի հեղինակը լինել և չսպասել, որ նա իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը: Մյուս կողմից սիրախաղի նշանակությունը ամուսնական հարաբերությունների զարգացման հետ գնալով պակասում է, տևողությունը` կարճանում: Դա կապված է այն բանի հետ, որ զույգը սովորում է միմյանց արագ և արդյունավետ գրգռելու ձևերը: Եվ վերջապես սիրախաղի տևողությունը ինչքան էլ երկար լինի, կինը միևնույնն է չի գրգռվի, եթե նա գրգռման խանգարում ունի: Կինը պետք է հստակ իմանա, ինչը և ինչպես կարող է գրգռել իրեն, որպեսզի «հույսը չդնի» տղամարդու նախաձեռնության վրա, այլ ապավինի «սեփական ուժերին»: Հավանաբար ձեզ մոտ կա գրգռման դժվարության խնդիր, որը ամենևին ամուսնու անկողնային վարքի հետ չի կապված, այլ Ձեր ներքին խնդիրն է կամ ձեր հարաբերության մեջ տեղ գտած ինչ-որ կոնֆլիկտի հետևանք է։

show less

2. Բարև Ձեզ, ես 20 տարեկան եմ, 6 ամիս է ինչ ապրում եմ սեռական կյանքով: Սեքսով զբաղվում եմ 2 շաբաթը մեկ անգամ և ամեն առաջին անգամից հետո ցավ եմ զգում: Երբ ընկերս առնանդամը մտցնում է հեշտոցիս մեջ, ես ցավից սկսում եմ դողալ, իսկ երկրորդ անգամը արդեն հաճույք եմ ստանում և այսպես ամեն անգամ: Կարող եք ասել՝ ինչի՞ց դա կարող է լինել:

show more

Կարծում եմ ցավի առկայությունը սեռական մերձեցման առաջին փորձի ժամանակ կապ ունի այն հանգամանքի հետ, որ բավական ուշ ուշ եք ապրում սեռական կյանքով: Այս ենթադրության օգտին խոսում է այն, որ երկրորդ ակտի ժամանակ ցավը բացակայում է, նույնսիկ հաճույք եք ապրում: Խորհուրդ կտամ երկարեցնել սիրախաղի ժամանակահատվածը, որի ընթացքում մարմինը կհասցնի նախապատրաստվել առնանդամի ներս ընդունմանը: Հարկավոր է, որ հեշտոցը բավականաչափ խոնավ լինի և ներքին սուբյեկտիվ գրգռման զգացողություն ապրեք նախքան ներհրումը, որպեսզի ցավի զգացողություն չլինի:

show less

Գրգռման հեղուկներ

1. Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. ես նոր եմ ամուսնացել ու սեքսի ժամանակ տեսնում եմ հեղուկի առկայություն և համարյա թե ոչինչ չեմ զգում, ամուսնուս հետ փորձել եմ տարբեր դիրքերով, բայց փոփոխություն չեմ նկատում: Գուցե հետագայում երեխա չունենալու խնդիրներ լինի: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչու՞ է այդպես: Նախապես շնորհակալություն:

show more

Նախ սկսեմ հեղուկի առկայությունից։ Սեռական գրգռման ժամանակ սեռուղիներից, այսինքն՝ հեշտոցից, կնոջ մոտ և առնանդամի գլխիկից՝ տղամարդու, բնականոն ձևով արտազատվում են որոշակի քանակությամբ հեղուկներ: Դրանք հավելյալ գեղձերի գործունեության արդյունքն են, որի կենսաբանական նպատակը ներհրման գործընթացի հեշտացումն է: Բացի այս հեղուկից, կնոջ մոտ հեշտոցային գրգռման ժամանակ արտազատվում է նաև այլ հեղուկ, որը հեշտոցի ներքին պատերից արտամղվող հեղուկ է, դա հեշտոցի ներքին թաղանթի՝ լորձաթաղանթի արյունատար անոթներից արյան մեծ ճնշման շնորհիվ արտամղվող արյան պլազման է, այս հեղուկի նպատակը հեշտոցային խողովակի խոնավեցումն է, ինչը հեշտացնում և անցավ է դարձնում սեռական հարաբերության ընթացքը: Այլ տեսակի հեղուկներ ևս կան, որոնք արտազատվում են կնոջ մոտ օրգազմի ժամանակ, սակայն ձեր դեպքում խոսքը դրանց մասին չէ, քանի որ սեքսի ժամանակ ոչինչ չզգացող կնոջ մոտ այս հեղուկները ընդհանրապես չեն կարող արտազատվել: Ձեր անզգայության խնդիրը տարբեր պատճառներից կարող է լինել, որը հետազոտման կարիք ունի: Հղիանալու հետ կապված անհանգստանալու կարիք չկա, քանի որ հաճույքի և օրգազմի առկայությունը բոլորովին պարտադիր չեն կնոջ բեղմնավորման համար:

show less

Էրոգեն գոտիներ

1. Բարև Ձեզ հարգելի Նարինե: Ուրախ կլինեմ, եթե կարողանաք օգնել ինձ իմանալու հարցերիս պատասխանները: Արդյո՞ք հնարավոր է կնոջ էրոգեն գոտիները կորցնեն իրենց էրոգեն լինելը: Ես ունեմ ընկեր և ամենասկզբում նրա շոյանքներից գրգռվում էի, հատկապես հատուկ էրոգեն գոտիների դիպչելիս, ժամանակի ընթացքում ես զգում եմ մի տեսակ սովորական է դառնում, մի տեսակ էլ չեմ կարողանում նախկինի պես հաճույք ստանալ… ու վախ է առաջացել, մտածում եմ՝ հնարավոր է ժամանակի ընթացքում էլ ընդհանրապես հաճույք չզգամ, կամ դա ինչի՞ հետ կարող է կապված լինել:

show more

Կան մի շարք հիվանդություններ, որոնց դեպքում մենք նկատում ենք սեռազգայունության կորուստ, օր.՝ շաքարային դիաբետ, նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություններ, ցրված սկլերոզ, անոթային սնուցման խնդիրներ, տարբեր աուտոիմուն հիվանդություններ և այլն։ Սակայն կնոջ էրոգեն գոտիների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրենց զգայունությունը պայմանավորված է ոչ այնքան էրոգեն գոտու անատոմիական-ֆիզիոլոգիական կարգավիճակով, այլ այն տրամադրությամբ, որով կինը դիտարկում է տվյալ տղամարդուն: Եթե նա մեծ ուժով ցանկանում է այդ տղամարդուն, ապա էրոգեն գոտիների զգայունությունը շատ բարձր է, իսկ եթե դա սովորական և կանխատեսելի դարձած տղամարդ է, ապա հնարավոր է, որ էրոգեն գոտիներն ընդհանրապես չարձագանքեն: Վերարտադրողական բնազդը մեր մեջ այնպես է դրված, որ մեզ անընդհատ հետաքրքիր լինեն նոր գենային համադրումներ, ուստի և միևնույն սեռական զուգընկերը ֆիզիոլիգիական տեսանկյունից ճանաչվում է ոչ նպատակահարմար բեղմնավորման համար, իսկ եթե կան նաև թաքնված վիրավորանքի, խռովքի կամ ցանկացած այլ բացասական զգացմունքներ, ապա ոչ միայն ֆիզիոլոգիական տեսանկյունից, այլ նաև հոգե-հուզական տեսանկյունից զուգընկերը դառնում է ոչ ցանկալի։ Մյուս կողմից նյարդային ֆիզիոլոգիայի օրենքն է, կորցնել դրդվելիության ռեակցիան միևնույն գրգռի նկատմամբ պաշտպանական նկատառումներով։ Այդ իսկ պատճառով, եթե մենք միայն սպառում ենք հարաբերությունը և չունենք ստեղծագործական ներդրում ինքներս մեր և հարաբերության մեջ, ապա էրոգեն գոտիների զգայունակությունն աստիճանաբար մարում է։

show less

Ծննդաբերություն և հաճույք

1. Ես ունեմ 1 երեխա ու ինձ թվում է, թե ծննդաբերությունից հետո ես կապրեմ այդ հաճույքը, կզգամ, բայց սխալվեցի: Հնարավո՞ր է արդյոք հղիանամ ու երկրորդ ծննդաբերությունից հետո զգամ սեռական հաճույք: Շնորհակալություն:

show more

Իսկապես, շատ կանայք սեռազգայուն են դառնում ծննդաբերությունից հետո: Հղիությունը այնպիսի շրջան է, երբ կնոջ օրգանիզմում մի քանի անգամ ավելանում է սեռային հորմոնների մակարդակը, իսկ սեռազգայուն գոտիների արթնացման համար հորմոնները մեծ դեր են խաղում: Սակայն կնոջ սեքսուալության կայացումը միայն հորմոններով չի պայմանավորված, այստեղ մեծ դեր են խաղում կնոջ ներքին ապրումների բնույթը և հարաբերությունը ամուսնու հետ, որոնք կարող են կասեցնել սեռական հասունացումը և կնոջ կայացումը իբրև կին: Հնարավոր է, որ երկրորդ հղիությունը արթնացնի Ձեր մեջ սեքսուալ ապրումներ, եթե Դուք կարողանաք միջանձնային հարաբերություններում հաղթահարել Ձեր անձի ներսում արդեն արմատավորված այնպիսի հոգեվիճակներ, որոնք հաճախ պատճառ են դառնում սեռական հաճույքի բացակայության, քանի որ հանգցնում են սեռական գրգռման կրակը: Նշեմ մի քանիսը՝ ամոթ, մեղքի զգացում, զզվանք, կաշկանդվածություն, խռովք, հիասթափություն, բարկություն, հուսահատություն, անհամբերություն և մի շարք այլ նմանատիպ հոգեվիճակներ։ Հաճախ կանայք ենթագիտակցորեն պաշտպանվում են իրենց սեռական կարիքներից և պահանջմունքներից, քանի որ դրանք իրենց հոգեկանի խորքային շերտերում կապակցված են անթույլատրելիության, վտանգի և պատժի հետ: Սեռական սառնության խնդիրը բարդ և բազմակողմանի խնդիր է, որի լուծումը մասնագիտական օգնության կարիք ունի:

show less

Հաճույք տարօրինակ ձևով

1. Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Խնդրում եմ պատասխանեք, ես հաճախ եմ հաճելի զգացողություններ ունենում, երբ պահում եմ կղանքս: Ինչի՞ հետ կարող է այն կապված լինել և արդյո՞ք կարող է այն ինչ որ բացասական ազդեցություն ունենալ:

show more

Անատոմիական կառուցվածքն այնպիսին է, որ հետանցքի շուրջը կա զգայուն հյուսվածք, ինչն էլ կոշտ մակերեսի հետ շփումից ակտիվանում է՝ հարուցելով հաճելի զգացողություններ, դա է պատճառը, որ մեծ թիվ կանայք էրոտիկ գրգռման զգացողություն են ապրում անալային հարաբերության ժամանակ: Սակայն երկար պահել կղանքը խորհուրդ չի տրվում, քանի որ ուղիղ աղում ջրի հետներծծման հետևանքով կղանքային զանգվածը կարող է այն աստիճանի պնդանալ, որ դուրս գալուց վնասի ուղիղ աղու լորձաթաղանթը՝ բերելով ճաքերի առաջացման:

show less

Հաճույքի բացակայություն

1. Բարև Ձեզ: Ես 22 տարեկան եմ, սեռական կյանքով արդեն ապրում եմ 3 ամիս, սակայն հաճույք չեմ զգում: Կարելի է ասել ոչինչ չեմ զգում: Իմ ընկերը շատ սիրառատ է և կարողանում է ինձ գռգռել, սակայն հենց սկսվում են սեռական հարաբերությունները ես չեմ զգում ոչինչ: Ասեմ, որ ընկերս 28 տարեկան է, նրա մոտ խնդիրներ կարծես չկան: Նա իմ առաջին տղամարդն է: Ես զարմացա, երբ նույնիսկ մեր առաջին հարաբերության ժամանակ ես ոչինչ չզգացի, ոչ ցավ, ոչ հաճույք, չեմ խոսում արյան հետքերի մասին, որոնք բացակայում էին: Ես ասել եմ իմ ընկերոջը, որ ոչինչ չեմ զգում: Մենք նույնիսկ մի քանի անգամ փորձել ենք մոտ 40 րոպե և ես ոչինչ չեի զգում…. Նա այդ ժամանակ ինձ սկսեց շոյել ձեռքով և ես օրգազմ ապրեցի…. Հիմա մոլորության մեջ ենք, հնարավո՞ր է արդյոք դա կապված լինի առնանդամի չափսից, թե՞ խնդիրը ամեն դեպքում իմ մեջ է:

show more

Հաճույքի զգացման բացակայությունը հեշտոցային հարաբերման ժամանակ, հեշտոցային անզգայության նշան է։ Սա մի խնդիր է, որը կապված է կնոջ հոգեսեռական զարգացման հետ, հիմնականում հանդիպում է ոչ բավարար սեռահասուն կանանց մոտ։ Ֆիզիկապես հասուն լինելը դեռևս չի նշանակում կին լինել, դրա համար պետք է ոչ միայն մարմնի, այլ նաև մտքի հասունություն, որի պարագայում միայն հնարավոր է անհրաժեշտ հոգեհուզական ապրումները կապակցել մարմնի հետ։ Կնոջ էրոգեն զգայունությունը արթնանում է այն ժամանակ, երբ գրգռման հույզը մարմնավորվում է։ Պետք չէ տխրել և հուսահատվել այս խնդրի պատճառով, պարզապես անհրաժեշտ է այցելել կլինիկա և ստանալ համապատասխան բուժում: Ասեմ, որ առնանդամի չափը այստեղ բոլորովին կապ չունի, ինչպես նաև այդքան էական չէ սեռական ակտի տևողությունը, սրանք երկու տարբեր մոլորություններ են, որոնք տղամարդկանց սեռական թերարժեքության բարդույթից են բխում: Նաև կնոջ օրգազմի հետապնդումը տղամարդու կողմից, նունպես գործին խանգարում է։

show less

2. Բարև ձեզ, հարգելի բժիշկ, ես 23 տարեկան եմ, արդեն 1 տարի է ինչ ամուսնացած եմ և առաջին իսկ հարաբերության ժամանակից սկսած ես ոչինչ չեմ զգում, շուտ եմ գրգռվում ցանկություն ունեմ, իմ ամուսնուն էլ շատ եմ սիրում, բայց հարաբերության ժամանակ ոչինչ չեմ զգում: Շատ եմ խնդրում օգնեք, ասացեք՝ իմ հետ ինչը այն չի:

show more

Իհարկե հնարավոր չէ հակիրճ ներկայացնել թե ինչու դուք ոչինչ չեք զգում, ամեն դեպքում փորձեմ բացատրել- սեռական հարաբերության ժամանակ ոչինչ չզգալը խոսում է նրա մասին, որ դուք հոգեէմոցիոնալ բնույթի խնդիր ունեք կապված սեռական ցանկության հասունացման հետ, այսինքն` Ձեր սեռական զարգացման ժամանակ, Ձեր գիտակցության մեջ արմատավորվել են այնպիսի պատկերացումներ և համոզումներ, որոնք ներքին կոնֆլիկտ են ստեղծել սեռական զգացողությունների արթնացման հետ: Օրինակ, հաճախ նման անզգայություն լինում է, երբ արմատավորված համոզում կա, որ սեռական հաճույքը մեղք է, հարիր չէ բարոյական աղջիկներին, ամոթ է կամ վտանգավոր է և կարող է տանել կործանման: Կան նաև մի քանի հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնց պատճառով կարող է խախտված լինել զգացողական նյարդերի գործունեությունը, այս ամենը պետք է հետազոտել և բացառել: Մեծ նշանակություն ունի նաև Ձեր ամուսնական հարաբերությունների բնույթը, հայտնի փաստ է, որ կուտակված վիրավորանքը և հիշաչարության զգացումը կործանարար են ազդում սեռական հաճույքի և գրգռման կարողության վրա: Շատ կարևոր է միջանձնային փոխհարաբերություններում ձեր անձի էմոցիոնալ ինքնադրսևորման և ինքնատիրապետման կարողությունը: Միանշանակ խորհուրդ կտամ դիմել սեքսոլոգիայի կլինիկա, խնդրին լուծում տալու և հետագա ավելի լուրջ բարդություններից խուսափելու համար:

show less

3. Բարև Ձեզ: Ինձ շատ է անհանգստացնում մի հարց: Ես արդեն մոտ 4 ամիս է ամուսնացած եմ և համարյա ոչ մի անգամ հաճույք չեմ ստացել հարաբերությունից: Նախ ամուսինս շուտ է վերջացնում 3-ից 5 րոպե, կարող է ավելի շատ, փորձել ենք մի քանի անգամ իրար հետևից հարաբերություն ունենալ, բայց էլի բավարարված չեմ լինում: Ինքնաբավարարմամբ շատ արագ և շուտ վերջացնում եմ, անգամ դա եմ փորձել, ավելի շատ հաճույք եմ ստանում այդպես քան նորմալ հարաբերությունից: Այս ամենն ինչ-որ կապ ունի՞ ամուսնուս շուտ վերջացնելու հետ:

show more

Նախ ասեմ, որ 3-5 րոպեն շուտ վերջացնել չի համարվում: Շուտ է համարվում այն դեպքում, երբ ներհրման պահից մինչև սերմնաժայթքման պահը ընկած ժամանակահատվածը 1 րոպեից պակաս է: Իսկ մի քանի անգամ իրար հետևից սեռական գործողություն անելը և ոչինչ չզգալը վկայում է այն մասին, որ խնդիրն այստեղ ոչ թե ամուսնու, այլ հենց ձեր մեջ է, հատկապես, որ նշում եք, թե ինքնաբավարարման ժամանակ օրգազմի խնդիր չեք ունենում: Մեր լեզվով ասած, դուք ունեք մասնակի օրգազմի խանգարում, որը բերում է սեքսոլոգիական աններդաշնակության: Այս խնդրի պատճառները տարբեր են լինում և որպեսզի պարզվի, թե որն է կոնկրետ պատճառը ձեր դեքպքում, Դուք սեքսոլոգիական հետազոտման կարիք ունեք: Այդ հետազոտությունը մանրակրկիտ զրույց է, ուղղված Ձեր սեռական զգացողություններին և կյանքին, ինչպես նաև որոշ դեպքերում պահանջվում են հորմոնալ և նյարդաբանական քննություններ: Հիմնականում, այս խնդրի ամենատարածված պատճառներից մեկը միջանձնային հարաբերություններն են, որոնք տվյալ դեպքում թույլ չեն տալիս ինտիմ մոտիկության ժամանակ լրիվ թուլանալ և տրվել հաճելի զգացողություններին: Երբեմն էլ խնդիրը հենց ձեր անձի ներսում է, այսինքն ձեր ունեցած սխալ պատկերացումների, արգելակող հոգեսեռական բարդույթների հետևանք:

show less

4. Հարգելի բժիշկ, ես շատ եմ ցանկանում՝ ինձ օգնեք, քանի որ այս հարցիս շուրջ չեմ կարող ինչ-որ մեկի հետ զրուցել, որպեսզի կարողանա ինձ օգնել, վերջապես ինձ ընձեռնվեց հնարավորություն: Ունեմ մի խնդիր, որը չգիտեմ ինչից է, այն հետևյալն է. սեռական հարաբերության ժամանակ չեմ զգում ոչինչ, նույնիսկ հաճույքի մի փոքր նշույլ, որը և ազդում է հոգեբանությանս վրա: Եթե կարելի է խորհուրդ տվեք, թե ինչի՞ց կարող է լինել, և ինչպե՞ս շտկեմ դա: Շնորհակալություն:

show more

Այն գանգատը մեր լեզվով ասած կոչվում է սեռական անհեդոնիա, դա սեքսոլոգիական խնդիր է, որի հիմքում ընկած են հոգե-հուզական արգելակումներ: Այս արգելակումները գործում են սովորույթի ուժով, ամեն անգամ, երբ մարմինը պետք է սեքսուալ հակազդման արձագանքում տա, տագնապային լարվածությունը գործի է դնում նյարդային կենտրոնների այն շղթաները, որոնք բերում են նշված հոգե-հուզական բլոկների ակտիվացմանը և սեռական անզգայության առաջացմանը: Սեռական հաճույքի բացակայությունը ենթակա է բուժման, դուք մեղավոր չեք, որ Ձեզ մոտ նման խնդիր կա: Նաև հարկավոր չէ ամաչել կամ բարդույթավորվել այս պատճառով, քանի որ խնդիրն ի սկզբանե գալիս է մեր հասարակական, պատմա-մշակութային, ավանդական բարքերից և նաև կանանց սեռական օրգանների կառուցվածքային առանձնահատկությունից: Ինչպես տեսնում եք, նշված պատճառների մեջ ձեր հեղինակային դերը զրո է:

show less

Հաճույքի վայրկյաններ

1. Սեռական հարաբերության ժամանակ, կարելի է ասել, որ հաճույք չեմ ստանում, եթե լինում էլ է, շատ կարճ է տևում՝ 5-8վրկ: Սակայն ամուսնուս չեմ ասում այդ մասին, երբ ամեն անգամ հարցնում է.”լա՞վ է”, ասում եմ, որ այո: Չեմ ուզում, որ մտածի, թե իր պատճառով է, կամ ինքն ինձ չի բավարարում: Խնդրում եմ օգնեք, ի՞նչ կարելի է անել, ի՞նչը կօգնի ինձ:

show more

Սովորաբար, կանանց կողմից սեռական հաճույք չապրելը սերտորեն կապված է սեռական ցանկության բացակայության կամ սեռական անտարբերության հետ: Այս երկու սեռական դրսևորումները՝ ցանկությունը և հաճույքը փոխպայմանավորում են միմյանց, ինչքան ցանկալի է սեռական հարաբերությունը, այնքան արտահայտված է այդ մտերմության պատճառած հաճույքը, որն իր հերթին, է՛լ ավելի է խորացնում ցանկության ուժգնությունը: Այնուհանդերձ, եթե դուք զգում եք, որ սեռական ցանկության հետ կապված խնդիր չունեք, և անհանգստացնողը միայն հաճույքի բացակայությունն է, ապա այստեղ առավել հավանական է, որ չի կիրառվում բավարար սեռական գրգռում: Ձեր ասած կարճատև հաճույքը ստվերային զգացողություն է, որը չի կարող արթնացնել և բորբոքել սեռական կիրքը:
Խնդիրն ավելի է բարդանում, երբ կինն ամուսնու հանդեպ ունենում է մեղավորության և վախի զգացում` կարծելով՝ թե որպես կին թերի է և այդ մասին նախօրոք չի ասել ամուսնուն: Որոշ կանայք էլ բարդույթավորվում են այն ներթաքույց մտքից, որ իրենք դեռ պատրաստ չէին սեռական կյանքի և ամուսնական պարտավորություն են ստանձնել ստիպված՝ արտաքին հանգամանքների բերումով: Շփոթեցնող է նաև այն միտքը, որ սեռական հաճույքի բացակայությունն ընդհանրապես ամուսնուց կախված չէ և երբևէ պետք չէ պատճառը նրա մեջ փնտրել:
Պետք չէ մտածել, որ Ձեր ամուսինն իրեն վատ կզգա, երբ իմանա, որ Դուք լիարժեք հաճույք չեք ստանում սեքսից։ Ընդհակառակը, նա ուրախ կլինի Ձեր անկեղծության համար և ավելի բարձր ինքնագնահատական ձեռք կբերի, եթե իր և մասնագետի համատեղ օգնությամբ Ձեր սեռական խնդիրը լուծում ստանա: Ճշմարտությունն ասելով ու վախը հաղթահարելով` Դուք առաջին քայլը կատարած կլինեք խնդրի լուծման գործում, քանի որ Ձեր խնդրի ամենախորքային շերտերում ընկած է այն խնդիրը, որ դուք վախենում եք լինել ով կաք, այլ կաք, ով ՙՙպետք է՚՚ լինի: Եթե Ձեր կողմից սեռական հաճույքի բացակայության մասին իմանալով` նա նույնպես բարդույթավորվի, ուրեմն` հավանաբար նրա մոտ նույնպես առկա են որոշ խնդիրներ, քանի որ կնոջից սեռական ինքնագնահատական ակնկալող տղամարդիկ, իրականում ցածր ինքնավստահություն ունեցող տղամարդիկ են: Այս խնդիրը իր հերթին լուծման կարիք կունենա:

show less

Սեռական տհաճություն

1. Բարև Ձեզ հարգելի Նարինե: Օգնեք ինձ: Մի բան եմ ուզում հարցնել. ես ամուսնացած եմ ու ինձ համար տհաճ է դարձել սեռական կյանքը: Ոչինչ չեմ զգում, ուզում եմ ամիսը մեկ անգամ լինի, իսկ ամուսինս շատ կրքոտ է՝ ամեն օր է ուզում: Ես նյարդայնանում եմ դրանից: Ի՞նչ անեմ:

show more

Սեռական ցանկության նվազումը և տհաճության զգացումը սեքսոլոգիական խանգարումներ են համարվում, որոնք ունեն առաջացման հատուկ պատճառներ և զարգացման մեխանիզմներ: Ընդհանուր ասած այդ պատճառները խմբավորվում են երկու մեծ խմբում՝ հոգեբանական և ֆիզիկական: Ֆիզիկական պատճառներն են այս կամ այն հիվանդության կամ ախտաբանական վիճակի առկայությունը, որոնք այլ նշաններով չեն երևում և դուք չգիտեք այդ մասին, օրինակ՝ հորմոնալ շեղում կամ համակարդային հիվանդություններ, բայց ավելի հաճախ տհաճության առկայությունը լինում է նևրոտիկ բնույթի խանգարումների ժամանակ: Այս կարգի խանգարումները առաջանում են ամուսնական կյանքի փորձություններին չդիմակայելու դեպքում, իսկ դրանք շատ են և ամենօրյա ստեղծագործական լուծում են պահանջում։ Հակառակ դեպքում անձը կորցնում է իրականության զգացումը և չի կարող դրսևորել իրավիճակին համապատասխան հուզական հակազդումներ: Նմանատիպ վիճակներում զգայական շոյանքները, որոնք սովորաբար հաճույք են պատճառում, դառնում են տհաճ, ոչ ցանկալի: Հնարավոր է, որ նևրոտիկ խանգարման հետ մեկտեղ առկա լինի դեպրեսիվ տրամադրություն, որն էլ ավելի կխորացնի սեռական սառնությունը: Այս կարգի խնդիրները բժիշկ-սեքսոլոգի օգնությամբ լուծվող խնդիրներ են, ընդ որում խորհուրդ չի տրվում շատ հետաձգել բուժումը, քանի որ խնդիրը խորանալու միտում ունի:

show less