ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


Առաջին ծննդաբերությունից հետո երկար ժամանակ է, երևի մի քանի ամիս, ինտիմ հարաբերություններում դադար եղավ: Կարծում էի, որ գիրացել եմ ու հրապուրիչ չեմ: Դրան գումարվում էր հետծննդային սթրեսը, անքուն գիշերները: Գրեթե ամեն գիշեր մղձավանջային երազներ էի տեսնում: Ահավոր հոգեվիճակում էի: Հետո չեմ էլ հիշում ինչպես, բայց մեր քիչ թե շատ ջերմ հարաբերությունները վերականգնվեցին: Մի անգամ զրուցելիս նա ասեց, որ դադարի պատճառը , իբրև թե, ծննդաբերությունից հետո իմ ունեցած կարերն էին: Հիմա՝ երկրորդ ծննդաբերությունից հետո, կարեր չունեմ, ավելի թեթև եմ տանում քնի պակասը, ընդհանուր առմամբ տրամադրությունս վատ չի, մեր միջանձնային փոխհարաբերությունները կարծես թե լավ են: Քաշիցս դժգոհ չեմ, նույնիսկ փորձում եմ մեր սեռական կյանքը վերականգնել, բայց անօգուտ: Մի անգամ, իմ նախաձեռնությամբ, ունեցանք հարաբերություն, բայց ես շատ զղջացի այդ նախաձեռնության համար, քանի որ զգացմունքի ոչ մի նշույլ չկար նրա կողմից: Ուրիշ կին նրա կյանքում կարծես թե չկա: Ամեն դեպքում ես կասկածելու հիմքեր չունեմ: Չեմ հասկանում ինչու՞ է նա սովորականից ավելի սառը ու անտարբեր: Հաճա՞խ է պատահում, որ տղամարդիկ հետաքրքրությունը կորցնում են նոր ծննդաբերած կնոջ նկատմամբ: Ինչպե՞ս կարելի է վարվել այս իրավիճակում: Ինչպե՞ս կարելի է ինչ-որ կայծ առաջացնել: Կամ միգուցե ավելի ճիշտ կլինի նրան հանգսիտ թողնել:

show more

Ցավալի է, բայց տղամարդիկ մայրացած կանանց հանդեպ հաճախ են կորցնում սեռական հետաքրքրությունը, այդ երևույթը նկարագրված է իբրև «Մադոննայի և մարմնավաճառի» բարդույթ: Տղամարդը կնոջ մեջ տեսնում է կամ սրբության արժանի մոր կերպարը կամ մարմնական–զգայական հաճույքի համար նախատեսված պոռնկուհուն և չի կարողանում համատեղել այդ երկու կերպարները միևնույն կնոջ մեջ: Սա շատ բարդ խնդիր է տղամարդու համար և շատ քիչ տղամարդիկ են կարողանում հաղթահարել այն: Սեռական հետաքրքության կորուստը չի նշանակում, որ նա այլևս զգացմունք չի տածում ձեր նկատմամբ, բոլորովին ոչ, անգամ հակառակը՝ նա շատ ավելի խորը և լուրջ զգացմունքով է կապվել ձեր հետ, որպես իր երեխաների մայրիկի, դուք մարմնավորում եք մայր հասկացությունը նրա պատկերացումներում, իսկ մոր հետ սեռական հարաբերություն չեն ունենում: Սա ավելի շուտ պլատոնական սիրո պես մի բան է, որն ավելի վեհ զգացմունք է, քան զգայական սերը՝ մարմնականը: Սովորաբար նման խնդիր ունենում են այն տղամարդիկ, ովքեր ունեն զարգացման խնդիրներ իրենց մոր հետ կապված, հիմնականում նման երևույթի հանդիպում ենք մոր կողմից ոչ ճիշտ՝ անձնական շահախնդրությամբ թաթախված ծնողական սիրո դրսևորման դեպքերում, երբ մայրը ոչ թե անաչառ ծնողական վերաբերմունք է դրսևորում, այլ անձնական նկատառումներով չարաշահում է երեխային: Երեխայի մոտ զարգանում է մոր հանդեպ թաքնված թշնամանքի զգացում, որից էլ ծագում է անգիտակից մեղքի զգացում և այս պատճառով երեխայի հոգեսեռական զարգացման մեջ տեղ է գտնում սևեռման երևույթը, երեխան չի կարողանում անկախանալ մորից և իր ազատագրված զգացմունքները ուղղել չեզոք ներկայացուցչի: Իրականում ձեր նկարագրած խնդրի լուծումը ձեր համատեղ այցելության կարիքն ունի։

show less