Ես կրքոտ եմ, իսկ ամուսինս այդքան էլ չէ: Ի՞նչ անեմ, որ իր մոտ էլ լինի ցանկություն:
show more
Սեռական կրքի ուժգնությունը տղամարդկանց և կանանց մոտ տարբեր գործոններով է պայմանավորված, տղամարդկանց մոտ այն հիմնականում նյարդահումորալ հիմքեր ունի և գենետիկորեն կանխասահմանված է: Սեռական կրքի ուժգնությունը կանանց և աղջիկների մոտ առավել պայմանավորված է հոգեսեքսուալ գործոններով: Սեռական կրքի ֆիզիոլոգիայում կա մի օրինաչափություն` որքան հեռու է գտնվում սեքսուալ մղման օբյեկտը և որքան այն անհասանելի է, այնքան կիրքն ուժեղ է: Մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ տակտիկան տղաների և աղջիկների կողմից ենթագիտակցաբար օգտագործվող այն զենքն է, որով տղաները կամ աղջիկները հասնում են նրան, որ միշտ մնում են սեռապես ցանկալի: Եվ կա ևս մեկ հանգամանք’ աղջկա կողմից սեռական ցանկության և կրքի դրսևորումը հիմնականում վախեցնում է տղամարդկանց և հեռու վանում նրան աղջկանից: Ինչն է սեռական կրքի անհամապատասխանության պատճառը կոնկրետ ձեր դեպքի համար դժվար է ասել, հարկավոր է հանդիպել ձեզ և մանրակրկիտ զրուցել, գուցե պարզվի, որ պատճառը բոլորովին անսպասելի տեղում է, օրինակ’ որևէ հորմոնալ խնդրի առկայություն ամուսնու մոտ, կամ թաքնված դեպրեսիա, ի վերջո ոչ ստանդարտ սեռական նախընտրություններ, գերծանրաբեռնված աշխատանքային առօրյա, գերհոգնածություն և այլն:
show less
«Բարև Ձեզ: Սիրելի բժշկուհի ես Ձեզ եմ դիմում մի հարցով, որը վաղուց արդեն քայքայում է մեր նորաստեղծ ընտանիքի հանգստությունն ու համերաշխությունը: 2 տարի է, ինչ ամուսնացել ենք, սկզբում ամեն ինչ հրաշալի էր, մեր առաջնեկի ծնվելուց հետո գնալով ամեն ինչ փոխվում էր: Չնայած, որ ես վստահ եմ ամուսնուս կյանքում մեկ այլ կին չկա, բայց նրա անտարբերությունը ինձ հունից հանում է, ես ամեն ինչում միշտ ինձ եմ մեղադրել, փորձել եմ ամեն ինչ, բայց իզուր են. էլ ոչինչ առաջվանը չի: Ես էությամբ կենսուրախ, էմոցիոնալ ու կրքոտ կին եմ ու ամեն բան փորձել եմ ամուսնուս մեջ կայծ առաջացնելու համար, բայց նրա համար սեռական հարաբերություններն ամենավերջին տեղում են, նա ինձ մոտ չի գալիս, ու երբ ես փորձում եմ զրուցել նրա հետ, միշտ խուսափում ու փոխում է թեման, մենք ամսվա մեջ ընդամենը 1 կամ 2 անգամ ենք միասին լինում: Արդեն հուսահատվել եմ ու չգիտեմ ինչ անել խնդրում եմ խորհուրդ տվեք, թե ինչպես դուրս գամ այս անտանելի վիճակից: Նախապես շնորհակալություն»:
show more
Հարգելի հարցադրող, Ձեր հուսահատությունը միանգամայն զուր է և անիմաստ, քանի որ ձեր բարեկեցության հույսը կապում եք մի բանի հետ, որը գոյություն չունի և բնականաբար այն չի կարող իրականություն դառնալ: Հարաբերությունների սկզբում դուք ունեցել եք զգացողություններ, որոնց հաշվին ձեր տրամադրությունը և կանացի ինքնագնահատականը միշտ եղել է բարձր կետում: Սխալը սկսվել է հենց այստեղից, քանի որ կին-տղամարդ հարաբերությունների մասին ձեր պատկերացումները հիմնվել են այս զգացողությունների վրա: Դուք միշտ ձեզ ցանկալի կին եք զգացել, հետո հաջորդել են հղիության և մայրության բերկրանքը, կրծքով կերակրման երանությունը, որոնք է՛լ ավելի են բարձրացրել ձեր կանացի ինքնագնահատականը: Այժմ դուք հայտնվել եք կյանքի մի շրջանում, երբ այլևս արտաքինից որևէ խթանիչ ազդեցություն տեղի չի ունենում, որպեսզի դուք ձեզ բարձունքում զգաք: Չկան արտաքինից հարուցվող ոգևորիչ զգացողություններ և այդ պատճառով առաջանում է ներքին դատարկության վերապրում, անիքնավստահություն, ցածր ինքնագնահատական և, ինչպես նշում եք, անտանելի հոգեվիճակ: Դուք այս ամենը կապում եք ամուսնու սեռական անտարբերության հետ, բայց դա այդպես չէ: Ճշմարտությունն այն է, որ ձեր կյանքում եկել է այն պահը, երբ դուք պետք է վերանայեք կին-տղամարդ հարաբերության ձեր պատկերացումները:
Ներքին դատարկությունը, որից տառապում են ամուսինները, երբ անցնում է կրքի առաջին մեծ ալիքը, որևէ կապ չունի զուգընկերոջ/ուհու վարքի և պահվածքի հետ: Այդ դատարկությունն անշուշտ պետք է լցվի, բայց դրա համար պատասխանատու անձը ձեր ամուսինը չէ: Մեր պատկերացումներում գերիշխում է այն համոզումը, որ երբ ամուսնանանք ու գտնենք մեր սիրելի կեսին, ապա մեր բոլորը խնդիրները միանգամից կլուծվեն, իսկ նվիրական երազանքներն ի կատար կածվեն: Մենք հավատատում ենք սրան ու այս պատկերացմամբ ապրում մինչև կյանքի այն պահը, երբ կյանքը մեզ դեմ է տալիս բոլորովին ուրիշ իրականություն:
Ներքին դատարկությունը հարկավոր է լցնել ներսից, ընդ որում ոչ թե կանացի սեռային զգացողություններով, այլ էության գիտակցումով: Կարևոր չէ, թե ամսվա մեջ քանի անգամ է տեղի ունենում սեռական մերձեցում, քանի որ քանակը չի, որ տալիս է կին լինելու և կանացի բավարարման զգացողոթյուն: Կարևորը էության ներկայությունն է սեռական կյանքում, որով Դուք կարող եք բացահայտել ձեր սեռականության նորանոր տարածքներ ու հետաքրքիր դարձնեք այն թե ձեր, թե ձեր ամուսնու համար: Էրոտիզմը սնուցվում է էությամբ, սեռական ցանկությունը սնուցող հորմոնի՝ տեստոստերոնի արտադրությունը խթանվում է էրոտիզմի ապրումով միայն: ՄԻայն էրոտիզմի շնորհիվ է հնարավոր խուսափել սեռական ձանձրույթից, որովհետև միայն այս պարագայում կարելի է հանգիստ շեղվել հիմնական ուղուց, որով ընթանում են իրար հարմարված ամուսինները: Այս հարցում ձեզ կարող է օգնել բժիշկ-սեքսոլոգը, գտնելու էրոտիզմի իսկական և ճշմարիտ ուղիներ, որոնք կախում չունեն արտաքին պայմաններից և հիմնվում են միայն յուրաքանչյուրի ներքին ապրումների և բացահայտումների վրա:
show less
Կարող եմ արդյոք սեքսից հասկանալ՝ դավաճանում է ամուսինս ինձ, թե պարզապես մեծացել է։ Հիմա նա 39 տարեկան է, իսկ ես՝ 28, զբաղվում ենք սեքսով շաբաթը մեկ անգամ։ Եվ ընդհանրապես ինչ խորհուրդ կտաք անել, որպեսզի ամուսինս նորից առաջվանը լինի։ Ասեմ, որ հիմա նա չի ջանում բավարարել ինձ և ես վաղուց օրգազմ չեմ ապրել։
show more
Ամուսնու դավաճանությունը հնարավոր չէ գուշակել անկողնում նրա պահվածքից, քանի որ այդ պահվածքի մեջ փոփոխություն կարող է մտնել բազում պատճառներով, որոնք ոչ մի կապ չունեն դրսում ուրիշին ունենալու հետ, այդ թվում բժշկական լուրջ պատճառներ: Ասեմ, որ ձեր ամուսինը երբեք էլ չի դառնա առաջվանը, քանի որ սա անիրատեսական ցանկություն է: Ձեր ամուսինը այնպիսին է, ինչպիսին որ կա: Խնդիրը նրանումն Է, արդյո՞ք դուք նրան լավ եք ճանաչում, համոզվա՞ծ եք, որ գիտեք, թե ում հետ եք ամուսնացել:
Հարաբերությունների սկզբում, երբ սիրահարվածության զգացումը մթագնում է գիտակցությունը, մենք հաճախ աղավաղված ենք ընկալում մեր ապագա զուգընկերոջը/ուհուն: Համատեղ կյանքի ընթացքում այս ընկալումը փոխվում է, փաստորեն ստացվում է, որ փոխվել է ոչ թե նա, այլ ձեր ընկալումն այն բանից հետո, երբ հանդարտվել են հարաբերությունների սկզբին բնորոշ հիացմունքի, ոգևորության, կրքի և սպասումների ալիքները: Ձեր գիտակցությունը պարզվել է և հիմա դուք տեսնում եք այն, ինչը հնարավոր չէր տեսնել խառնաշփոթ ու քաոսային հույզերի մշուշի արանքից:
Չի բացառվում նաև, որ հարաբերությունների սկզբում նա անգիտակցաբար խաղացել է այն կերպարի դերը, որը «փաթաթել եք նրա վզին» ու դա նրա մոտ շատ հմտորեն ստացվել է, քանի որ կարողացել է հավատացնել ձեզ, իսկ հիմա նա հոգնել է այդ կերպարի մեջ լինելուց և ուզում է լինել այնպիսին, ինչպիսին որ ինքն է, իսկ դուք այդ փոփոխությունից հիասթափություն եք ապրում, բարկանում և դժգոհում, կորցնում հույսը, որ նա կփոխվի:
Ձեր ապրումները միանգամայն հասկանալի են, քանի որ դուք ամուսնացել եք բոլորովին ուրիշ մարդու հետ, անցել է ժամանակ ու ձեր առջև կանգնել է նոր մարդ, ում երբևէ չեք ճանաչել ու չեք էլ ուզում ճանաչել:
Եթե անգամ նրա կյանքում կա ուրիշ մեկը, գուցե հենց այս պատճառով, որ այդ մեկն ընդունում և սիրում է նրան այնպիսին, ինչպիսին որ ինքը կա և նա ստիպված չէ լարվել ու ինչ-որ դեր խաղալ:
Իսկ սեռական հաճույք և օրգազմ չապրելը ձեր հոգեսեռական դժվարությունն է և այստեղ պատասխանատուն դուք եք: Եթե կնոջ սեռական կիրքը բավարար հասուն է, ապա միայն թեթևակի ներհրումը տալիս է խորը բավարարման զգացողություն, անգամ չես մտածում օրգազմի մասին ու հենց այդ ժամանակ է, որ օրգազմի ռեֆլեքսը անարգել մեկնարկվում է:
Ամուսինը առաջվանը չի կարող լինել և պետք էլ չի, այլ հարկավոր է, որ ձեր հարաբերությունները խորություն ստանան և նոր բովանդակություն ձեռք բերեն, ինչը կնպաստի սեռական կյանքում բավարարվածության աճին: Հիշեք, մարդը դինամիկ, այսինքն՝ անընդհատ կայացող էակ է, մարդու առջև խնդիր է դրված անընհատ ինքնակատարելագործվել և մոտենալ իր նախակերպարին: Խորքային են այն հարաբերությունները, որտեղ երկկողմանիորեն զույգը նպաստում է միմյանց կերպարանափոխմանը և այդ նախակերպարի ընդունմանը: Իսկական էրոտիզմը ծնվում է հենց այս ակունքից, իսկ սեռական կյանքի մյուս դրսևորումները ստվերային խաբկանքներ են:
show less
Բարև սիրելի բժշկուհի: Ինձ թվում է, որ ամուսինս ինձ այլևս չի սիրում: Նախկինում մեր սեռական կյանքում ամեն ինչ նորմալ էր, լինում էր շաբաթ, որ ամեն օր զբաղվում էինք սիրով: Հիմա լինում է հազիվ ամիսը մեկ անգամ, այն էլ իմ կողմից գործադրած ճնշման և ջանքերի շնորհիվ: Երեխա ունենալուց հետո մարմինս փոքր ինչ փոխվել է, բայց չեմ կարծում, որ կորցրել է իր գրավչությունը: Ինձ մտահոգում է մեր հարաբերությունների ընթացքը, այն` որ մեր սեռական կյանքում հայտնվել է սառնություն: Ամուսինս պնդում է, որ սիրում է ինձ և չի պատկերացնում իր կյանքն առանց մեզ: Իսկ ես չեմ պատկերացնում սերն առանց սեռական կյանքի, չեմ կարողանում ելք գտնել այս իրավիճակից, խնդրում եմ օգնեք ինձ:
show more
Հարգելի նամակագիր, ամուսնությունն ունի հզոր ազդեցություն զույգի սեռական ցանկությունների վրա: Ամուսնական մտերմության աճին զուգընթաց սեռական ցանկության մակարդակները հաճախ են տարամիտվում: Այս օրինաչափությունը կապված չէ սիրո զգացմունքի վերացման հետ, ոչ էլ դեր են խաղում Ձեր մարմնի տեսքի փոփոխությունները: Ձեր ամուսնու սեռական ցանկության կորուստը նրա և Ձեր միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների բնույթից է կախված։ Հարկ չկա, որ Դուք դիմեք տարբեր հնարների’ Ձեր ամուսնու ցանկությունը հետ բերելու կամ բորբոքելու համար, քանի որ նրա սեռական հետաքրքրությունն է՛լ ավելի կսառի Ձեր ակտիվ քայլերից, նախատինքներից, սպառնալիքներից և տարբեր տեսակի ճնշումներից: Ինչպես նաև անհեթեթ է սեռական սառնությանը վերագրել սիրո բացակայության կամ մարմնի տեսքի փոփոխության հանգամանքները: Դրանով Դուք իզուր կեղեքում եք ինքներդ Ձեզ և նրան: Պետք է նշել, որ սեռական ցանկության վերականգնումը երկարատև հարաբերություններում ամուսիններից յուրաքանչյուրի անհատական աճի միջոցով է հնարավոր, որը գնալով խորացնում է հարաբերությունը՝ էլ ավելի մերձեցնելով զույգին։ Լճացման դեպքում, երբ չկա զարգացում, չկա աճման ձգտում, սեքսն ամուսնական կյանքում դառնում է կաղապարային ստերեոտիպ՝ ամուսնու ներքին ֆիզիոլոգիական պահանջով թելադրված որոշակի ռիթմով։
show less
Ինչպե՞ս անեմ, որ ընկերս առաջվա պես կրքոտ ցանկանա ինձ: Նախքան սեռական կյանքով ապրելը նա համարյա անընդհատ ուզում էր ինձ, հիմա մենք հանդիպում ենք շաբաթական մեկ կամ երկու անգամ, իր կյանքում հայտնվել են այլ աղջիկներ և ես կորցրել եմ երբեմնի հույսը, որ մի գեղեցիկ օր կամուսնանամ իր հետ: Չեմ կարող դադարել մտածել նրա մասին, դժվարանում եմ կենտրոնացնել ուշադրությունս որևէ գործի վրա, դրանից տուժում են դասերս, տանը ոչ ոքի հետ չեմ խոսում, դարձել եմ ներամփոփ, նյարդային և դյուրագրգիռ: Նիհարել եմ համարյա 10 կգ վերջին մեկ ամսվա ընթացքում: Մտածում եմ, որ ընկերուհիներս ճիշտ են վարվում, որ նախքան ամուսնանալը պահում են իրենց կուսությունը, որովհետև տղամարդիկ խորը հիասթափություն են ապրում իմ տեսակի աղջիկներից:
show more
Հարգելի նամակագիր Դուք կախվածության մեջ եք հայտնվել այդ տղայից և ծանր սթրես եք տանում։ Նկարագրված սիմպտոմները խոսում են նյարդային համակարգի ծայրահեղ լարվածության և անգամ հյուծվածության մասին: Հարկավոր է նախ և առաջ ազատվել այդ կախվածությունից, նյարդերը վերականգնող և ամրացնող բուժում ստանալ, դա ճիշտ նման է թմրանյութերից կախման մեջ գտնվող թմրամոլի վիճակին, ով զրկվել է իր թմրանյութից։ Ամուսնության միտքը Ձեզ համար դարձել է գերարժեքային միտք և իրեն է ենթարկեցնում Ձեր ողջ հոգեկանը։ Կուսության կորուստն ապրվում է իբրև ինքնության կորուստ, այսինքն Ձեզ փորձում եք նույնացնել կուսաթաղանթի հետ, որն ընդամենը շարակցական հյուսվածքի կտոր է։ Այն միտքը, թե լավ է հետևել ընկերուհիների վարքին և չթուլանալ նախքան ամուսնությունը, կատարյալ հիմարություն է, որովհետև պահպանելով կուսաթաղանթը, այդ աղջիկները միևնույնն է կորցնում են իրենց կուսությունը։ Սակայն հիմարություն է նաև Ձեզ պես վարվելը, այսինքն` կախվածության մեջ ընկնել տղամարդուց, ով կուսազրկել է Ձեզ։ Կարճ ասած, Դուք հայտնվել եք մի այնպիսի վիճակում, որտեղ գնալով խորանում է Ձեր ինքնանվաստացման գործընթացը, սեռային թերարժեքության զգացումը և այս վիճակից Ձեզ հանել կարող է միայն կողմնակի ուժը’ Դուք կարիք ունեք մասնագիտական միջամտության: Մտածում եմ, որ հիմա ավելի լավ է հեռու մնաք սեռական կյանքով ապրելուց և լավ կլինի, որ ձեր խնդիրները լուծելու համար որոշ ժամանակ հեռանաք այդ տղայից: Հավատացեք, որ լուծում տալով այդ խնդիրներին, Դուք ինքներդ չեք ցանկանա այդ ընկերոջը և Ձեր կյանքում կհայտնվի բոլորովին նոր, ավելի հասուն տղամարդ։
show less
Արդեն 3 տարի է ամուսնացած եմ, բայց շատ քիչ եմ ապրում սեռական կյանքով։ Ամուսինս պատճառաբանում է, որ հոգնած է։ Չեմ ժխտում՝ շատ ծանր է նրա աշխատանքը, բայց ընդամենը 29 տարեկան է։ Հնարավո՞ր է հոգնծությունը բերի նրան, որ շատ ուշ–ուշ սեքս ուզենա։ Շնորհակալություն։
show more
Այո, հնարավոր է, որ հոգնածությունը սեռական ցանկության անկման պատճառ դառնա, բայց կարծում եմ մասնագիտական հետազոտման անհրաժեշտություն կա, քանի որ հավանական է, որ նրա մոտ լինի որևէ առողջական խնդիր, որի մասին նա չգիտի և վերագրում է իր գերհոգնածությանը։ Հնարավոր է նաև, որ խնդիրը ոչ թե նրա մեջ է, այլ ձեր հարաբերություններում առկա է ինչ–որ «չարտասանված կամ չարտահայտված» վիրավորանք, հիասթափություն, որը «ասում է իրենը» անկողնային կյանքում։ Այսպիսի դեպքերում քիչ չեն նաև ամուսնու կյանքում իրական կամ վիրտուալ այլ զուգընկերոջ հայտնվելը, որն, իր հերթին, է՛լ ավելի է խորացնում ամուսնական անջրպետը։ Ի վերջո հնարավոր է, որ սեռական թույլ արտահայտված ցանկությունը իր տեսակից է, այսինքն՝ մարմնակազմվածքի առանձնահատկությունն է, որի պատճառով նա պարզապես քիչ սեռական պահանջ է զգում, իսկ դա գենետիկորեն է պայմանավորված։
show less
Բարև Ձեզ բժշկուհի ջան: Շնորհակալ կլինեմ պատասխանի համար: Ես արդեն երեք տարի է ամուսնացած եմ և ինձ անհանգստացնում է իմ սեռական կյանքը, որը շատ անկանոն է: Իմ ամուսինը պատճառաբանում է, որ իր մոտ խնդիր չկա, պարզապես ցանկություն քիչ է զգում, ինչի պատճառով էլ հաճախ կոնֆլիկտներ ենք ունենում: Այս ամենը բացասական է անդրադարձել իմ նյարդային համակարգի վրա: Խնդրում եմ ինձ ասեք, սա խնդիր է նրա կողմից, թե ուղղակի իր տեսակն է այդպիսին: Ես նրա հետ բազմիցս խոսել եմ, նա ասում է, որ հասկանում է ինձ և որոշ ժամանակ նորմալանում է ամեն ինչ, սակայն նորից, չգիտեմ ինչու կանգնում ենք նույն խնդրի առաջ: Մենք ունենք մեկ տարեկան երեխա, խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք, ի՞նչ անել: Շնորհակալություն:
show more
Բարև հարգելի նամակագիր: Սեռական ցանկությունների անհամապատասխանությունը մեր պրակտիկայում հաճախակի հանդիպող սեռական աններդաշնակություն է: Հնարավոր են հետևյալ պատճառները` ա) Ձեր ամուսինը որևէ հիվանդություն ունի, որի մասին նա տեղյակ չէ, իսկ սեռական ցանկության ցածր լինելը այդ թաքնված հիվանդության առաջին, իսկ գուցե նաև` միակ նշանն է, բժիշկը կարող է ժամանակին ախտորոշել և կանխել լուրջ հիվանդության առաջացումը և դրանով կվերականգնվի սեռական ցանկությունը: բ) Ամուսինը թույլ սեռական կոնստիտուցիա ունի (իր տեսակն է այդպես), իսկ դուք ուժեղ կոնստիտուցիայի կին եք, ուրախությամբ պետք է նշեմ, որ այս խնդիրը լուծելի է, այս դեպքում բուժումն ուղղված է ամուսինների միջև սեքսուալ հարաբերման նոր ձևերի մշակմանը, նոր մոդելի ստեղծմանը: Բժիշկ-սեքսոլոգի օգնությամբ դուք կարող եք հաղթահարել բոլոր այն խնդիրները, որոնք խոչընդոտում են հարաբերման այդ նոր մոդելի կառուցմանը, դրանք են` սեքսուալ բարդույթները, անգիտակից հոգեսեքսուալ կոնֆլիկտները: գ) Ամուսնու մոտ կա արական սեռական հորմոնի` տեստոստերոնի պակաս, որը պահանջում է մանրակրկիտ հետազոտություն և պատճառային բուժում: դ) Գործ ունենք հոգեսեքսուալ խնդրի հետ, որի անունն Հիպոակտիվ սեռական ցանկության խանգարում է, այս դեպքում խնդիրը Ձեր ամուսնունը չէ, այլ ձեր համատեղ խնդիրն է: Կին-տղամարդ հարաբերությունը ձեր ամուսնական կյանքում այնպիսի բնույթ ունի, որից մարում է Ձեր ամուսնու կիրքը, որում կա պատասխանատվության նաև Ձեր բաժինը: Եթե Դուք Ձեր բաժին «մեղքը» վերացնեք, ապա ինքնաբերաբար կփոխվի նաև ամուսնու սեռական ցանկության մակարդակը: Դրանից հետո դուք պետք է նոր ձևով շարունակեք ապրել և այլևս նման խնդրի առջև չեք կանգնի: Խնդիրը որի առջև կանգնել եք այնքան էլ թեթև ու հասարակ խնդիր չէ: Այս խնդիրը սեքսոլոգների գիտաբժշկական հանրության մեջ իր դժվար լուծելիությամբ արժանացել է առաջին տեղը հավակնելու տիտղոսին: Սակայն ի ուրախություն մեզ, այսօր կան բազում արդյունավետ սեքսոլոգիական մեթոդներ, որոնք հատուկ մշակված են այս խնդրի լուծման համար:
show less
Ես արդեն 10 տարի է ամուսնացած եմ: Մինչև վերջին 3 տարին ամուսինս գրեթե ամեն օր ցանկություն էր ունենում: Վերջին 3 տարին նա բավարարվում է շաբաթը 2 կամ 3 անգամ: Նա 30 տարեկան է: Ուզում եմ իմանալ խնդիրն ինչում է:
show more
Միևնույն կնոջ հետ կանոնավոր սեռական կյանքի առկայությունը ժամանակի ընթացքում իջեցնում է տղամարդու սեռական ակտիվությունը մինչև այն մակարդակի, որը նրա օրգանիզմի ֆիզիոլոգիական հնարավորությունն է: Դա այսպես կոչված ֆիզիոլոգիական սեռական ռիթմն է՝ պայմանավորված տվյալ տղամարդու սեռական հորմոնների մակարդակով: Ինչքան երիտասարդ է տղամարդը, այնքան հորմոնալ բարձր մակարդակը նրան տալիս է ավելի հաճախակի սեռական կյանքի հնարավորություն, 30 տարեկանից սկսած այդ մակարդակը սկսում է անկում ապրել և տղամարդը ի վիճակի չէ պահպանել սեռական կյանքի իր նախկին ռիթմը, առավել ևս միևնույն կնոջ հետ, ում հանդեպ նրա մարմինը ձեռք է բերել հարմարում և հարաբերական անտարբերություն: Ձեր անհանգստութան մեջ զգացվում է սեփական ինքնագնահատականի հետ կապված մտահոգություն, հանգիստ եղեք, նրա սեռական իջած ակտիվությունը չի գալիս նրանից, որ նա այլևս Ձեզ չի սիրում կամ Դուք նրան այլևս դուր չեք գալիս կամ նրա կյանքում կա մեկ ուրիշը: Փորձեք սեռական հարբերությունների իջած հաճախությունը լրացնել սեռական ավելի խորը բավարարման զգացումով և Դուք բոլորովին չեք զգա սեռական հաճույքի պակաս, ավելի խորը բավարարում Ձեզ կտա հեշտոցային օրգազմի ապրումը։
show less
Բարև Ձեզ: Ես 28 տարեկան եմ և ամուսինս չի ցանկանում ինձ հետ սեռական հարաբերություն ունենալ ամուսնության հենց սկզբից և տարբեր պատճառաբանություններով: Երբեմն լինելու դեպքում ցավեր եմ ունենում, և առնանդամն էլ մինչև վերջ չի մտնում: Կցանկանայի իմանալ պատճառը ինձնից է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
show more
Տղամարդու սեռական ցանկության բացակայությունը մի քանի պատճառ կարող է ունենալ: Պատճառների մի խումբը գտնվում է հենց իր մեջ, մյուս խումբ պատճառները պայմանավորված են ձեր միջանձնային հարաբերություններով, վերջապես երրորդ խումբ պատճառները կապված են միայն Ձեզ հետ: Դուք նշում եք, որ առնանդամը մինչև վերջ չի թափանցում հեշտոց և Դուք ցավեր եք զգում, հնարավոր է, որ Ձեր ամուսինը չուզենալով ցավեցնել, խուսափում է սեռական կյանքից, այն, որ թափանցումը մինչև վերջ չի լինում և դուք փաստորեն լիարժեք սեռական հարաբերություն չեք ունենում, նրան կարող է անբավարարության զգացում պատճառել, որից խուսափելու համար, նույնպես կարող է հեռու մնալ Ձեզանից: Կարծում եմ, որ դրանից տուժում են նաև ձեր միջանձնային հարաբերությունները, ձեր միջև չի առաջանում այն խորը կապը և ինտիմության վերապրումը, որը զգում են լիարժեք սեռական կյանք ունեցող ամուսինները: Կին-տղամարդ հարաբերությունը ամուսինների համար շատ կարևոր է ընտանեկան մյուս ոլորտներում իրար կես բերանից հասկանալու և միմյանց փոխադարձ աջակցելու համար: Հնարավոր է, որ Ձեր ամուսինը նույնպես ունենա որոշակի հոգեսեռական ցավոտ խնդիրներ, որոնց պատճառով նա խուսափում է ձեր միջև սեռական ներդաշնակության հաստատման պայքարից: Նա ընտրել է խուսափողական ուղի, որտեղ գտել է սեռական թվացյալ խաղաղություն: Կարծում եմ, որ դուք զույգով բժիշկ-սեքսոլոգին դիմելու անհրաժեշտություն ունեք, քանի որ ինքնահոսով այս խնդիրը չի լուծվի:
show less
Առաջին ծննդաբերությունից հետո երկար ժամանակ է, երևի մի քանի ամիս, ինտիմ հարաբերություններում դադար եղավ: Կարծում էի, որ գիրացել եմ ու հրապուրիչ չեմ: Դրան գումարվում էր հետծննդային սթրեսը, անքուն գիշերները: Գրեթե ամեն գիշեր մղձավանջային երազներ էի տեսնում: Ահավոր հոգեվիճակում էի: Հետո չեմ էլ հիշում ինչպես, բայց մեր քիչ թե շատ ջերմ հարաբերությունները վերականգնվեցին: Մի անգամ զրուցելիս նա ասեց, որ դադարի պատճառը , իբրև թե, ծննդաբերությունից հետո իմ ունեցած կարերն էին: Հիմա՝ երկրորդ ծննդաբերությունից հետո, կարեր չունեմ, ավելի թեթև եմ տանում քնի պակասը, ընդհանուր առմամբ տրամադրությունս վատ չի, մեր միջանձնային փոխհարաբերությունները կարծես թե լավ են: Քաշիցս դժգոհ չեմ, նույնիսկ փորձում եմ մեր սեռական կյանքը վերականգնել, բայց անօգուտ: Մի անգամ, իմ նախաձեռնությամբ, ունեցանք հարաբերություն, բայց ես շատ զղջացի այդ նախաձեռնության համար, քանի որ զգացմունքի ոչ մի նշույլ չկար նրա կողմից: Ուրիշ կին նրա կյանքում կարծես թե չկա: Ամեն դեպքում ես կասկածելու հիմքեր չունեմ: Չեմ հասկանում ինչու՞ է նա սովորականից ավելի սառը ու անտարբեր: Հաճա՞խ է պատահում, որ տղամարդիկ հետաքրքրությունը կորցնում են նոր ծննդաբերած կնոջ նկատմամբ: Ինչպե՞ս կարելի է վարվել այս իրավիճակում: Ինչպե՞ս կարելի է ինչ-որ կայծ առաջացնել: Կամ միգուցե ավելի ճիշտ կլինի նրան հանգսիտ թողնել:
show more
Ցավալի է, բայց տղամարդիկ մայրացած կանանց հանդեպ հաճախ են կորցնում սեռական հետաքրքրությունը, այդ երևույթը նկարագրված է իբրև «Մադոննայի և մարմնավաճառի» բարդույթ: Տղամարդը կնոջ մեջ տեսնում է կամ սրբության արժանի մոր կերպարը կամ մարմնական–զգայական հաճույքի համար նախատեսված պոռնկուհուն և չի կարողանում համատեղել այդ երկու կերպարները միևնույն կնոջ մեջ: Սա շատ բարդ խնդիր է տղամարդու համար և շատ քիչ տղամարդիկ են կարողանում հաղթահարել այն: Սեռական հետաքրքության կորուստը չի նշանակում, որ նա այլևս զգացմունք չի տածում ձեր նկատմամբ, բոլորովին ոչ, անգամ հակառակը՝ նա շատ ավելի խորը և լուրջ զգացմունքով է կապվել ձեր հետ, որպես իր երեխաների մայրիկի, դուք մարմնավորում եք մայր հասկացությունը նրա պատկերացումներում, իսկ մոր հետ սեռական հարաբերություն չեն ունենում: Սա ավելի շուտ պլատոնական սիրո պես մի բան է, որն ավելի վեհ զգացմունք է, քան զգայական սերը՝ մարմնականը: Սովորաբար նման խնդիր ունենում են այն տղամարդիկ, ովքեր ունեն զարգացման խնդիրներ իրենց մոր հետ կապված, հիմնականում նման երևույթի հանդիպում ենք մոր կողմից ոչ ճիշտ՝ անձնական շահախնդրությամբ թաթախված ծնողական սիրո դրսևորման դեպքերում, երբ մայրը ոչ թե անաչառ ծնողական վերաբերմունք է դրսևորում, այլ անձնական նկատառումներով չարաշահում է երեխային: Երեխայի մոտ զարգանում է մոր հանդեպ թաքնված թշնամանքի զգացում, որից էլ ծագում է անգիտակից մեղքի զգացում և այս պատճառով երեխայի հոգեսեռական զարգացման մեջ տեղ է գտնում սևեռման երևույթը, երեխան չի կարողանում անկախանալ մորից և իր ազատագրված զգացմունքները ուղղել չեզոք ներկայացուցչի: Իրականում ձեր նկարագրած խնդրի լուծումը ձեր համատեղ այցելության կարիքն ունի։
show less
Երեք տարի է ամուսնացած եմ: Մինչ ամուսնանալը չորս տարի ընկերություն ենք արել: Ընկերության ընթացքում ամուսինս մեծ սեռական և հոգեկան տարվածություն և կապվածություն ուներ դեպի իմ անձը. գնում էինք այնպիսի վայրեր, որ առանձին լինեինք. ինձ խնդրում էր,որ նույնիսկ մերկապարեմ: Նշանադրությունից հետո ասաց,որ քչացնենք մեր շփման այդ ձևը, ես չմերժեցի, չնայած, որ մի քիչ տխրեցի: Ամուսնական առաջին գիշերից հետո երեք ամիս սեռական հարաբերություն չունեցանք, չնայած որ շատ էինք ուզում երեխա ունենալ, ես նախաձեռնությունը վերցրեցի ինձ վրա. կարելի է ասել օրեր էին լինում, որ համոզում էի սեռական հարաբերություն ունենալ: Չեմ կարծում, որ նա խնդիր ունի կապված իմպոտենցիայի հետ: Երեխայից հետո էլ չեմ զգում իր կողմից սեռական հակվածությունը, չնայած, որ միշտ հոգատար է, կատարում է իմ բոլոր պահանջները: Ապրում ենք իր ծնողների հետ: Սեռական հարաբերություն ունեցել ենք վեց ամիս առաջ:
show more
Նման է նրան, որ Ձեր ամուսնու մոտ սեռական ցանկության սեքսուալ բաղադրիչի ոչ հասունություն կա, այսինքն’ նրան գրավում և հետաքրքրում է սեքսուալ-էրոտիկ բնույթի վարքը, որի մեջ տեղ չունի հեշտոցային ներհրումը: Հնարավոր է, որ էրոտիկ բաղադրիչի գերարտահայտված լինելը նրա մոտ հարուստ սեքսուալ երևակայության, զգայականության բազմերանգության և էսթետիկ հակումների դրևորում լինի, իսկ սեքսուալ բուն գործողությունը նրա մոտ ընկալվում է իբրև բնազդային պրիմիտիվ շարժումներ՝ զրկված ամեն տեսակի էսթետիկ վերապրումներից և հարուստ զգացականությունից: Հնարավոր է, որ նրա սեռական պասիվության պատճառը բոլորովին այլ հիմքեր ունենա, ասենք՝ նախընտրության հետ կապված խնդիրներ լինեն, որոնք կոնֆլիկտի մեջ են դասական սեռական հարաբերման ձևի հետ: Չի բացառվում, որ իրեն խանգարում է ձեր միջև միջանձնային հարաբերությունների ոչ բարերար ընթացքի արգելակող ազդեցությունը: Մի խոսքով դժվար է գուշակել ինչ է կատարվում Ձեր ամուսնու հետ՝ առանց նրան տեսնելու և իր հետ զրուցելու, քանի որ մարդու հոգեսեռական աշխարհը շատ խորն է և չի կարելի պարզունակացնել այն մեկ երկու բացատրություններ տալով, էլ չեմ ասում, որ այստեղ մեծ դեր են խաղում մարմնական հիվանդությունները նույնպես, որոնք կարող են վճռորոշ դեր խաղալ մարդու մոտ նմանատիպ սեռական խնդրի առաջացման գործում:
show less
Բարև Ձեզ: Մինչ ամուսնանալը ամուսնուս հետ սեռական կյանքով ապրել ենք 3 տարի: Մենք շատ սիրել ու շարունակում ենք սիրել իրար, գրեթե չէր լինում մի օր, որ սեռական հարաբերություն չունենայինք: Կարող էինք անվերջ սիրել իրար, կենակցումը լինում էր մի քանի անգամ: Հետո ամուսնացանք: Մենք բալիկի էինք սպասում և հիմա ծննդաբերությունից հետո շատ է փոխվել մեր սեռական կյանքը: Շաբաթվա մեջ մեկ կամ մի քանի անգամ է մեր մեջ կենակցում լինում: Զգում եմ, որ ընթացքում ինքնաբավարարմամբ է զբաղվում, այն ինչ` այդ ժամանակը կարող է ինձ հետ անցկացնել: Չգիտեմ ինչ անեմ, որ ամեն ինչ առաջվանը լինի: Եթե կարող եք օգնեք Ձեր խորհրդով:
show more
Ամուսնական կյանքը տղամարդու մոտ ստեղծում է որոշակի սեռական ռիթմ, ըստ նրա մարմնի ներքին պահանջի և հնարավորությունների, դա կոչվում է պայմանական ֆիզիոլոգիական ռիթմ: Միշտ էլ մինչամուսնական սեռական կյանքն ավելի բուռն է լինում, քանի որ կա հեռավորության զգացում, իսկ ամուսնության ընթացքում համատեղ կենցաղը և չափից շատ մոտիկությունը սպանում է կիրքը: Կարծում եմ դժգոհելու տեղիք չկա, ի վերջո կարևոր է ոչ թե սեռական հարաբերությունների քանակը, այլ որակը և չի կարելի սեռական կյանքից սպասումներ ունենալ մինչամուսնական շրջանի հիշողություններով, քանի որ մինչամուսնական շրջանը և կյանքի այս շրջանը բովանդակային շատ տարբեր են իրարից ու հիմա պետք է, որ առաջնային դառնան այլ խնդիրներ: Պետք չէ կառչել անցյալի հաճելի ապրումներից, այլ առաջ ընթանալով գտնել նորն ու կարևորը, զարգանալով դեպի կատարյալ սիրո իդեալը: Իսկ ինքնաբավարարման մասին դատողություն անելու համար հարկավոր է զրուցել նրա հետ, քանի որ կան ինքնաբավարարման մի քանի տեսակներ և շարժառիթներ, հարկավոր է հասկանալ որն է գործում այս դեպքում։
show less
Բարև Ձեզ Հարգելի նարինե Ներսիսյան: Ես 21 տարեկան եմ ամուսինս` 29: Ամուսնուս մոտ սեռական ցանկություն դիտվում է ամիսը մեկ անգամ (ճիշտ է ոչ միշտ այդքան ուշ, բայց հիմնականում), ես ավելի ակտիվ եմ: Մի քանի անգամ խոսել ենք, թե ինչու է այդպես. երբ ես ցանկություն եմ ունեցել՝ նրան ասել եմ և մերժում ստացել կամ տարբեր պատճառաբանումներ: Ամուսնացել ենք սիրով: Նախքան ամուսնանալը ամեն ինչ լավ էր, զգում էի ամեն րոպե նրա ցանկությունը: Մեկ տարի է ամուսնացած ենք և արդեն նրա մոտ նվազել է սեռական ցանկությունը: Նրան հետաքրքրում է տարբեր կայքերում սեռական ակտեր դիտելը: Համոզված եմ, որ ինձ սիրում է, ես չեմ ուզում նրան ճնշել թե ինչու ցանկություն չկա, այլևս չեմ ուզում առաջարկել սեռական ակտ ունենալ, որովհետև գիտեմ, որ հավանական է չուզենա: Ես դեռ օրգազմ չեմ ունեցել, սեռական ակտը տևում է կարճ, երբեմն շատ կարճ: Իսկ երբ տևել է երկար, միևնույն է ինձ մոտ ոչինչ չի ստացվել, չեմ էլ կողմնորոշվում՝ ես հաճույք ստանում եմ, թե ոչ: Բայց ամեն ինչ այդքան տխուր չէ՝ մենք ներդաշնակ զույգ ենք, իրար հետ անկեղծ ազատ: Նամանավանդ սեռական ակտի ժամանակ. ես նրա համար պարում եմ, որպեսզի ցանկություն առաջանա: Դա շատ արդյունավետ է: Ի՞նչ եք մտածում, խնդիրն իմ մեջ է: Ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:
show more
Դուք նկարագրում եք սեռական առողջության մի քանի խնդիրներ՝ ամուսնու կողմից այլ կայքերում սեռական ակտեր դիտելը, սեռական ակտի կարճատևությունը, ձեր օրգազմի բացակայությունը և այն հանգամանքը, որ դուք մինչև հիմա չեք հասկանում՝ ինչ է սեռական հաճույքը, բոլորն էլ խնդիրներ են, որոնք լուծման ենթակա են: Կարծում եմ որ էական չէ, թե որ խնդրից սկսել լուծումը, արդյունքում սեռական աններդաշնակությունը բոլոր իր դրսևորումներով պետք է անհետանա: Ձեր հանդուրժողությամբ, Դուք ավելի շուտ խուսափում եք, քան թե լուծում տալիս այս խնդիրներին: Հարաբերության մեջ լինել, նշանակում է կառուցել այդ հարաբերութունը, այլ ոչ թե պասիվ հայեցողությամբ հետևել դեպքերի ինքնահոս ծավալմանը: Իհարկե, ձեր պարելը նմանատիպ ակտիվ գործունեություն է, որով դուք փորձում եք փրկել իրավիճակը, բայց միայն դա բավարար չէ, այսինքն այստեղ հարկավոր է ավելի կտրուկ և բճռական քայլեր անել, կարող եմ ասել, որ միանշանակ մասնագիտական օգնության կարիք կա և հնարավոր չէ խնդրին լուծում տալ առանց հատուկ հոգեսեռական կարգավորման մեթոդների, թե ձեր, թե ամուսնու խնդիրների լուծման պարագայում:
show less
Բարև Ձեզ սիրելի Նարինե: Ես չեմ կարողանում հասկանալ իմ խնդրի բնույթը. ամուսնուս արած ամեն ինչը շատ ծանր եմ տանում: Օրինակ, եթե այնքան էլ ջերմ չի իմ հանդեպ կամ մեր սեռական հարաբերություններում պասիվ է լինում, սկսում եմ մտածել, որ այլևս դուր չեմ գալիս նրան, չեմ ձգում, որ գիրացել եմ՝ էլ չի ձգտում ինձ ու նման անկապ բաների: Բայց գիտեմ նաև, որ ինձ սիրում է, օրալ սեքսից պարտադիր օգտվում ենք, բայց որ նեղվում եմ ամեն ինչի մեջ էլ վատն եմ տեսնում, նույիսկ մտածում եմ այդ սեքսն էլ պարտականություն է, կատարում է, ուղղակի ինքն էլ ալարկոտություն ունի, որ հոգնում է՝ էլ վերջ: Չգիտեմ ինչու եմ այսպիսի բաներ մտածում, ինձ թվում է շատ եմ ողբերգական դարձնում ամեն ինչ: Երևի նորմալ չի, որ ես նրանից անընդհատ ջերմություն եմ ուզում: Վերջերս նա ծանր աշխատանք է կատարում, որի պատճառով շատ ուշ-ուշ ենք հարաբերություն ունենում: Դա ազդում է մեր հարաբերությունների վրա, ինձ անընդհատ թվում է՝ նա սառել ու փոխվել է իմ հանդեպ: Չգիտեմ, երևի խնդիրը նրանում է, որ իմ ինքնագնահատականը խիստ ընկած է: Բժշկուհհի ջան գուցե և հարցս այքան էլ Ձեր ոլորտի մեջ չէ, բայց խնդրում եմ օգնեք գոնե խորհրդատվությամբ: Շնորհակալ եմ նախորոք:
show more
Նախ ասեմ, որ սեռական կրքի բնույթն այնպիսին է, որ այն մարում է երկարատև հարաբերություններում: Իհարկե կան հնարներ, որոնք թույլ են տալիս պահպանելու կիրքը, անգամ տասնյակ տարիներ տևող ամուսնական հարաբերություններում, բայց այս հնարների կիրառումը պահանջում է վերին աստիճանի կազմակերպված հոգեկան ներաշխարհի առկայություն, թե՛ ձեր, թե՛ ձեր ամուսնու մոտ: Նախ և առաջ հարկավոր է, որ դուք ինքներդ անընդհատ աշխատեք ձեր անձնային աճի ու ներքին զարգացման վրա, դրանով դուք ավելի քիչ կախված կլինեք նրա ուշադրությունից և գնահատումներից: Նրա ամեն շարժումը, ամեն քայլը ազդում է ձեր վրա, որովհետև դուք կարծես միաձուլված լինեք նրա անձի հետ և կորցրած լինեք ձեր սեփականը: Ասես, նրա հայելային արտացոլանքը լինեք, նրա ածանցյալը կամ կցորդը: Դա անթույլատրելի է զույգային հարաբերության մեջ, քանի որ կասեցնում է զուգընկերեներից յուրաքանչյուրի անհատական զարգացումը և առաջընթացը: Փորձեք տարանջատվել նրանից և գտնել ձեր սեփական աշխարհը, ձեր սեփական ցանկություններն ու զգացողությունները, որոնք անկախ են նրանից և պատկանում են ձեզ: Դուք կդադարեք նրան դուր գալու մասին մտածել, երբ սկսեք ինքներդ ձեզ դուր գալ և ինքնավստահ կին դառնալ: Այդ դեպքում կփոխվի նրա վերաբերմունքը ձեր նկատմամբ, նոր կիրք կառաջանա, որն ի տարբերություն հարաբերության սկզբում առկա կրքի, որակապես ավելի խորը և կայուն բնույթ ունի:
show less
Հարգելի բժշկուհի, ես երկար եմ մտածել, բայց չեի համարձակվում, ոչ ոքի հետ խոսել այս մասին: Ես ամուսնացած եմ արդեն 8 տարի, 17 տարեկանում եմ անուսնացել, հիմա 25 տարեկան եմ, ունեմ երկու բալիկ և ես չեմ կարողանում գտնել իմ հանգիստը ընտանեկան կյանքում: Ամուսինս 30 տարեկան է, դրսի, շրջապատի, ընկերության տղա, երբեք չի հասկացել՝ ինչ է ընտանիքը, միասին ճաշելը կամ զբոսնելը: Դեռ ամուսնության սկզբում ես ոչինչ չէի հասկանում սեռական կյանքից: Հետո առաջին բալիկիս ծնվելուց հետո, ընկերուհիներիցս մեկի հետ զրուցելիս հասկացա, որ սեռական ակտից հետո կինը նույնպես պետք է հաճույք զգա: Հիմա ՝մեր ամուսնության ութերորդ տարում, ես զգում եմ անտարբերություն, սառնություն ամուսնուս կողմից (նկատի ունեմ սեռական կյանքում): Ինձ թվում էր, որ նա մեկ ուրիշին ունի, բայց ոչ մի կերպ չէի կարողանում հավաստի տվյալ ունենալ: Միշտ ուղղակի ակնարկ էի անում, իսկ նա թեման փակում էր իր սառնությամբ: Անկողնում սկսել էր պատճառաբանել, որ հոգնած է և ուզում է քնել: Հետո մի քանի անգամ, երբ փորձում էր մոտենալ՝ իր մոտ ոչինչ չեր ստացվում, իսկ ես չեմ հասկանում դրա իրական պատճառը: Մի անգամ համարձակվեցի հարցնել, թե ինչ է կատարվում, միգուցե մեկ ուրիշը կա իր կյանքում, նա բացառեց այդ տարբերակը՝ ասելով, որ շատ նյարդային վիճակում է և քիչ է քնում, դրանից է: Ասեմ, որ նա ֆիզիկական աշխատանք երբեք չի անում: Նա ինձ չի մերժում ոչինչ, ֆինանսական առումով, առիթներին նույնպես ուշադիր է, երեխաների հանդեպ նույնպես՝ դպրոց ուղեկցել, փոքրին մանկապարտեզ, ինձ աշխատանքի, հետո տուն: Վերջին խոսակցությունն եղավ այն ժամանակ, երբ նրա մոտ էլի ոչինչ չստացվեց, նա պատճառաբանեց, որ ինձ երեխայի պես է սիրում, որ երբ ես հպվում եմ նրան՝ չի հասկանում՝ ինչ է կատարվում իր մոտ: Ես նույնպես չեմ հասկանում, նա միշտ ուշ է վերադառնում տուն, բայց երբեք հեռախոս չի անջատում, առաջին զանգից պատասխանում է ինձ: Իմ կյանքը մղձավանջի է վերածվել այս ծագած հարցերից: Կասկածներ են առաջանում, չգիտեմ՝ արդյո՞ք արդիական են դրանք:
show more
Ձեր ամուսնու մոտ առկա է սեռական առողջության խնդիր, որը մենք մեր լեզվով անվանում ենք իրավիճակային էրեկցիայի թուլություն: Չարժե կեղեքել ինքներդ ձեզ կասկածներով կամ անիմաստ երևակայություններով: Երեխայի պես է սիրում արտահայտությունը, շատ հետաքրքիր պատճառաբանում է, քանի որ իրոք, երբ ամուսնացել է ձեր հետ, դուք իրոք երեխա եք եղել և հնարավոր է մինչև հիմա ըստ սովորության շարունակում է վերաբերվել ձեզ նույն կերպ: Այստեղ շատ կարևոր է նրան հասկացնել, որ դուք արդեն երեխա չեք, բայց դա անել, ոչ թե խոսքերով այլ գործերով: Դուք ինքներդ ձեր մեջ պետք է տեսնեք կնոջը, որովհետև միայն այդ դեպքում կկարողանաք այդ կնոջ օգնությամբ հարաբերություն ստեղծել տղամարդու հետ: Առանց հուսահատվելու և համբերությունը հատելու, հետևողականորեն, արեք քայլեր, որով կստեղծեք սիրո և ջերմության մթնոլորտ, որտեղ նա կարող է գտնել իր բոլոր պահանջների՝ այդ թվում սեռական, բավարարումը: Իհարկե կարծում եմ հարկ կլինի նրա խնդրի մասնագիտական կարգավորման դիմել, բայց նա ինքը պետք է ուզենա դիմել մասնագետին, այլ ոչ թե սպառնալիքի ազդեցությամբ կամ որևէ տիպի ճնշման հարկադրումով: Ասեմ, որ ձեր խնդիրը հեշտագույններից չէ։
show less
Բարև Ձեզ բժշկուհի ջան: Խնդրում եմ օգնեք ինձ: Ես ունեմ շատ ուժեղ սեռական ցանկություն ու անբավարարվածություն: Ի՞նչ անեմ, հնարավո՞ր է հորմոնի խնդիր ունեմ: Այդ ցանկության ժամանակ կրծքիս պտուկները դուրս են գալիս, բայց երբ չեմ ունենում՝ ներս են քաշվում: Ի՞նչ անեմ, օգնեք:
show more
Բարև, նախևառաջ շատ ուժեղ սեռական ցանկություն ունենալուց պետք չէ վախենալ, դրանից այն ավելի է ուժեղանում: Սեռական կարիք ունենալը մեր մարմնի ֆիզիկական կարիքներից է, որը մենք հաճախ անվանում ենք բնական կարիք։ Ինչպես և մյուս բնազդային կարիքները այն ստիպում է մեզ, որ բավարարենք և երբ դա չի լինում, գալիս է ֆիզիկական դիսկոմֆորտի զգացում, որին հաճախ սեռական անբավարարվածություն ենք ասում։ Սակայն ցանկությունը անձի արժեքային համակարգից բխող հոգեկան երևույթ է, այլ կերպ ասած, ցանկությունը դուք եք առաջացրել ձեր որոշակի մտածելակերպով և եթե դուք չմտածեք այդ կերպ, այլ ուրիշ, ապա նմանատիպ ցանկություն չի առաջանա: Գոյություն ունեցող այն կարծիքը, որ սեռական ցանկությունը հորմոն կախյալ դրսևորում է, սուտ է: Մեր սեռական ցանկությունը չի պայմանավորվում հորմոններով, այլ մեր արժեքային համակարգով, մեր դաստիարակությամբ, մեր աշխարհընկալմամբ: Մեր սեռական բնազդի գոյությունը կամ մեր սեռական կարիքները միշտ չէ, որ սեռական ցանկություն են դառնում, շատ անձանց մոտ վերարտադրողական այդ բնազդը այդպես էլ դրսևորման ելք չի ստանում ու այդ անձիք միանգամայն առողջ են մնում՝ կենսական իրենց ուժերը կենտրոնացնելով այլ արժեքների ձեռք բերման և ստեղծման ուղղությամբ: Հասկանալի է, որ ինքնուրույն ուժերով դժվար է հասկանալ սեռական ցանկությունը, քանի որ մեր մտածողությունը շատ հաճախ օբյեկտիվ չէ, այլ կանխապաշարված է սուբյեկտիվ ընկալումներով և հուզական ապրումներով: Պտուկների հետ կապված դրսևորումը սեռական գրգռման նշան է և ոչ մի արտառոց բան այստեղ չկա։ Ձեզ անհրաժեշտ է դիմել մասնագիտական օգնության նշված հոգեվիճակից ազատվելու համար։
show less
Բարև Ձեզ: Ինձ մի հարց է տանջում: Արդյո՞ք վտանգավոր բան կա, երբ խոսում ես սեքսի մասին և մոտդ ցանկություն է առաջանում զբաղվել դրանով: Եվ ես 17 տարեկան եմ: Նախապես շնորհակալություն:
show more
Բարի օր: Սեքսի մասին խոսելը այս տարիքում բնական հետաքրքրություն է՝ պայմանավորված տարիքային հասունացման հետ։ Ինչպես նաև բնական է սեռական կարիք ապրել, երբ միտքդ կենտրոնացնում ես այդ ուղղությամբ։ Սակայն ինչպես և հավանաբար զգացել եք, սեռական կարիք ապրելը տարերային ուժի հետ շփման զգացողություն է տալիս, որը թվում է սեփական ուժերից վեր հզորություն ունի։ Սեռական ցանկության վտանգը հենց դրանում է, որ այն գործողության կատարման դրդող պատճառ է դառնում և կարող է անպատասխանատու սեռական վարք հարուցել։ Առողջ մնալու համար ցանկալի է սեռական ցակությանն այս տարիքում տեղի չտալ, այլ կենտրոնանալ ավելի շատ ընդհանուր զարգացման վրա, խոսել ոչ թե սեքսից, այլ մշակութային արժեքներից, գրականությունից, սպորտով զբաղվել, թատրոն հաճախել, որպեսզի սեռական կիրքը չդառնա գերարժեքային և դոմինանտ հոգեվիճակ։ Կամ էլ պարզապես հարկավոր է ապրել սեռական կյանքով, եթե պատրաստ եք կրել սեռական կյանքի բոլոր պատասխանատվությունները, ինչը, սակայն, այս տարիքում ավելի շուտ անհնար է՝ պայմանավորված նյարդային ֆիզիոլոգիայի անավարտ զարգացմամբ, ինչպես նաև հոգեսոցիալ և հոգեսեռական հասունացման թերի լինելով։
show less
Բարև ձեզ հարգելի Նարինե: Ես 20 տարեկան եմ: Արդեն 2 տարի է, ինչ անընդհատ սեռական ցանկություն եմ ունենում: Երբեմն էրոտիկ ֆիլմեր եմ նայում` ինձ բավարարելու համար, սակայն լրիվ հակառակն է ստացվում, խնդրում եմ, ասացեք` ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ազատվեմ այդ ցանկությունից:
show more
Բարև, դուք այն տարիքում եք որին բնորոշ են բուռն հորմոնալ տեղաշարժեր, ինչի հետևանքով էլ սեռական կարիքն իրեն դրսևորում է ողջ ուժգնությամբ։ Սակայն երկու բան հարկավոր է տարբերել իրարից՝ սեռական կարիք և սեռական ցանկություն: Սեռական կարիքը բնազդ է, որը հնարավոր չէ վերացնել, ինչպես հնարավոր չէ վերացնել և ցանկացած այլ բնազդ: Խոսքն այստեղ գնում է վերարտադրողական կամ տեսակի պահպանման բնազդի մասին, դա շատ ամուր նյարդային հիմքերով մեխանիզմ է, որը երաշխավորում է մարդկության գոյության պահպանումը Երկրի երեսին։ Սեռական ցանկությունը այդ բնազդի հիման վրա ստեղծվող հոգեվիճակ է, ներքին վերապրում, որի հեղինակը հենց ինքը՝ մարդն է: Ձեր կողմից ստեղծած սեռական ցանկությունը միայն մարմնական բավարարման ձգտում է, այն էլ հենց ձեր ջանքերով, դրա համար էլ այն դատապարտված է և չի կարող իրականություն դառնալ։ Նախ և առաջ բավարարման համար պարտադիր պայման է զուգընկերոջ/զուգընկերուհու ներկայությունը, իսկ հետո, այնպես է ստեղծված, որ մեր սեռական մարմնի ֆիզիոլոգիական հագեցումը միայն ժամանակավոր լինի, որպեսզի ամեն անգամ մենք բեղմնավորման նոր հնարավորություններ փնտրենք։ Այդ իսկ պատճառով, հերթական բավարարումից հետո գալիս է ներքին դատարկության-քաղցի վերապրում, ինչի շնորհիվ սկսվում է նոր սեռական ցիկլ։ Բավարարում է գալիս միայն այնպիսի սեռական ակտիվությունից, որի հիմքում կան հոգե-հուզական և հոգևոր արժեքներ, և եթե առաջինը նույնպես ժամանակավոր է, (թեև մի փոքր ավելի տևական, քան ֆիզիոլոգիականը), ապա հոգևոր արժեքների առկայության դեպքում վերապրումն այնքան խորն ու ակունքային է, որ երբեք չի մարում և տալիս է լիարժեք բավարարման զգացում։
show less
Մեր հարաբերության սկզբում իմ սեռական կիրքը շատ բարձր էր, անցել է 1,5 տարի և ես զգում եմ, որ սեռական կյանքը դադարել է ինձ հետաքրքրել, ես օգտագործված եմ զգում ինձ: Այսպես է եղել նաև իմ նախորդ հարաբերության ժամանակ, որը ընդհատվեց, քանի որ նախկին զուգընկերս առանց ինտիմ կյանքի չէր պատկերացնում շփումը: Գիտեմ, որ խնդիրը ինձանում է, ի՞նչ անեմ, որ այս հարաբերությունս նույն բախտին չարժանանա:
show more
Բավական տարածված սեքսոլոգիական խանգարում է, որը կոչվում է սեռական ցանկության անկում: Խնդիրն այստեղ միայն ձերը չէ, այլ հարաբերության ոչ ճիշտ կառուցման մեջ է, որին մասնակցում են երկու կողմերը հավասարապես։ Այլ կերպ ասած՝ ցանկության անկման խնդիրները հարաբերության կայացման խնդիրներ են։ Կառուցվում են այնպիսի հարաբերություններ, որոնք չեն նպաստում էրոտիկ կյանքի զարգացմանը, ընդհակառակը՝ գնալով հեռացնում են սեքսուալ բավականություն ապրելու հնարավորությունը։ Սովորաբար դրանք միջանձնային կոնֆլիկտներ ունեցող հարաբերություններն են, որտեղ կողմերից և ոչ մեկը կոնֆլիկտից դուրս գալու ելք չի գտնում։ Արդյունքում տեղի է ունենում խնդրի սառեցում և հարաբերության լճացում, որից էրոտիկ հոսքը կանգ է առնում, և սեռական կյանքում գրանցվում է ցանկության նվազում։
Հարաբերության զարգացմանը զուգընթաց օգտագործված լինելու զգացումը խոսում է այն մասին, որ իրեն օգտագործված զգացողը սեռական հաճույք չի ստանում։Հաճույքի բացակայության պատճառները տարբեր են, որոնց բոլորի հետևանքը մեկն է՝ սեռական կյանքի հանդեպ բացասական վերաբերմունքի ձևավորումը։ Երբ խոսում եք օգտագործված լինելու մասին, լավ կլիներ մտածել նաև այն ուղղությամբ, թե արդյոք չկան հարաբերության այնպիսի ոլորտներ, որտեղ ավելի խորքային հայացք նետելով կարելի կլիներ տեսնել, որ իրականում դուք եք օգտագործում տղամարդուն, օրինակ՝ ֆինանսա-տնտեսական բարեկեցության կամ հոգեբանական խորհրդատվությունների համար։ (իհարկե սա բացարձակ անգիտակից կերպով է կատարվում՝ սիրո անվան տակ)։
Սեքսոլոգիական լեզվով ասած՝ գործ ունենք սեքսուալության պլատոնական-էրոտիկ փուլում գտնվող կնոջ և ցանկության սեքսուալ փուլի գերակա դրսևորումներով տղամարդու հետ։ Տղամարդն իր անզուսպ սեքսուալ ցանկությամբ և սովորություններով կասեցնում է կնոջ սեռական ցանկության հասունացման գործընթացը, որն իր հերթին է՛լ ավելի է խորացնում տղամարդու սեքսուալ կրքի բորբոքումը։ Կարճ ասած՝ սեռական ցանկությունների տարբերությունը գնալով սրվում է, ինչքան մեկը չի ուզում, այնքան մյուսի մոտ ավելի շատ է խորանում ցանկությունը։ Կողմերից յուրաքանչյուրը նպաստում է մյուսի բևեռացմանը և կայացմանը այդ բևեռում։ Սեքսոլոգիական պրակտիկայում սա բավական հաճախ հանդիպող զույգային խնդիր է, որի կարգավորումը հնարավոր է միայն պրոֆեսիոնալ բժիշկ-սեքսոլոգի օգնությամբ։
show less
2. Հարգելի բժիշկ, ամուսինս ուզում է, որ մենք ամեն օր սեռական կյանք ունենանք: Բայց ես ինչ-որ պատճառով անընդհատ խուսափում եմ: Ինձ անհանգստացնում է այն միտքը, թե ինչու՞ հիմա չեմ զգում այն կիրքը, որ զգում էի նախքան ամուսնանալը և մտավախություն ունեմ, որ միգուցե մեր ամուսնական կյանքն ընդհատվի, քանի որ նա առանց սեռական կյանքի ամուսնություն չի պատկերացնում։
show more
Ամուսնական հարաբերություններում սեռական կիրքը բոլորովին այլ կերպ է առաջանում, քան ընկերության շրջանում է` սիրահարվածության ժամանակ: Դուք հավանաբար սպասում եք, որ պիտի ունենաք այն զգացողությունները, որ ունեցել եք նախկինում, այդպիսի սպասումը անհիմն ու անիրատեսական է, պետք չէ նման բանի սպասել։ Ամուսնական կյանքում սեռական ցանկությունն այլ կերպ է առաջանում և ոչ պակաս ուժգին կարող է լինել, քան նախքան ամուսնանալը: Այս վիճակին հասնելու համար դուք կարիք ունեք ձերբազատվելու բոլոր այն պատկերացումներից, որոնք չեն աշխատում երկարատև, նվիրման խոստումով հավատարմագրված հարաբերությունների ենթատեքստում։ Իհարկե զույգերի սեռական ցանկությունների անհամապատասխանությունը միայն մեկ կողմով չի պայմանավորված, այլ երկկողմանի դինամիկ գործընթաց է։ Ուստի ձեր խնդիրը լուծելի կլինի, եթե երկուսով այցելեք պրոֆեսիոնալ բժիշկ-սեքսոլոգի։
show less
3. Ես 24 տարեկան եմ, 2 տարի ամուսնացած եմ, ունեմ բալիկ, արդեն 7 ամսական: Հղիության ընթացքում` սկսած 6, 7 ամսականից, ես գրեթե չէի ձգտում սեռական կյանքի, թեպետ չեմ կարող ասել, որ ընդհանրապես, մինչ ծննդաբերությունը հարաբերություն չենք ունեցել: Հիմա նույնպես նույն իրավիճակում եմ հայտնվել, ավելին’ գրեթե ոչինչ ինձ չի տրամադրում սեռական հարաբերություն ունենալ, առաջվա պես չկա այն կրակը, կիրքն ու ցանկությունը, պարզ ասած, ես չեմ գրգռվում : Բայց հանուն ամուսնուս և մեր անձնական կյանքի փորձում եմ հաղթահարել, ինչը բավական դժվար է:
show more
Հարկավոր է իմանալ, որ հղիության վերջին ամիսներից սկսած մինչև երեխային կրծքով կերակրելու ավարտը կնոջ օրգանիզմում ակտիվորեն արտադրվում է պրոլակտին կոչվող հորմոնը, որի ազդեցությամբ իջնում է կնոջ սեռական հետաքրքրությունը։ Այս անկումը միանգամայն նորմալ է համարվում և կոչվում է ֆիզիոլոգիական սեռական սառնություն։ Մարդ տեսակի սերունդը ծնվում է լրիվ անպաշտպան ու անօգնական և չի կարող գոյատևել առանց մայրական ուշադրության և հոգատարության, այդ իսկ պատճառով բնության օրենքների թելադրանքով այս շրջանում տեղի են ունենում այնպիսի նեյրոբիոքիմիական փոփոխություններ, որոնք իջեցնում են կնոջ սեռական հետաքրքրությունը, ինչը կարող էր շեղել նրան երեխայի խնամքից։ Սակայն պետք է նշեմ, որ եթե սեռական հետաքրքության այս կորուստը երեխայի մեծանալուն զուգընթաց չի վերականգնվում, ապա պետք է անհանգստանալ, քանզի դա նշանակում է, որ օրգանիզմում այնպիսի կայուն բիոքիմիական վիճակ է հաստատվել, որից սեռական ցանկությունը անվերադարձելիորեն անկում է ապրել։ Իսկ սա արդեն սեքսոլոգիական խանգարում է համարվում և ենթակա է մասնագիտական օգնության: Սեռական ցանկության խնդիրներն այսօր բուժելի են, հնարավոր է վերականգնել սեռական ցանկությունը և ունենալ ներդաշնակ սեռական հարաբերություններ, որը ընտանիքի և ամուսնական ամուր հարաբերությունների կարևոր գրավականն է:
show less
4. Բարև ձեզ: Հարգելի Նարինե իմ խնդիրը տարիների պատմություն ունի: Ես 28 տարեկան եմ: Ամուսնուս հետ մինչ առաջին սեռական ակտը սիրախաղ ենք ունեցել, որը ինձ հաճելի էր, բայց հետո հոգեբանական խնդիրներ էի ունենում: Առաջին սեռական ակտի ժամանակ ինձ մոտ սեռական արգելակում էր, հետո ամեն ինչ ավելի վատացավ: Իմ բալիկի ծնունդից հետո բավականին գիրացա ու ինձ անհրապույր կին էի համարում: Այսպես ինձ լրիվ նվիրեցի իմ բալիկին` մոռանալով, որ կին եմ, որ ամուսին ունեմ: Ամիսներով սեքսով չենք զբաղվել, իսկ երբ դա եղել է, եղել է առանց օրգազմի: Մոտ 9 տարի է ամուսնացած եմ և ապրում եմ գրեթե առանց սեքսի: Հոգեբանական աշխատանքից հետո ինձ մոտ իսպառ վերացել է թերարժեքության զգացումը,ես հիմա ավելի ինքնավստահ եմ և փորձում եմ բարելավվել մեր սեռական կյանքը: Ես հիմա ամեն ինչի մասին խոսում եմ ամուսնուս հետ, բայց կարծում եմ մասնագետի օգնությունն անհրաժեշտ է: Ես հիմա էլ հեշտոցային օրգազմ չեմ ապրում, բայց ինքնաբավարարմամբ ծլիկային օրգազմ ստանում եմ: Շատ եմ ուզում, որ ամեն ինչ կարգավորվի ու բնականոն առողջ ընթացքի մեջ ընկնի: Ես դրա համար շատ դժվարություններ եմ հաղթահարել: Կներեք երկար շարադրանքիս համար, և նախապես շատ շնորհակալ եմ նամակս ընթերցելու համար: Օգնեք, խնդրում եմ:
show more
Հարգելի ընթերցող, դուք նկարագրում եք բազմապատճառանի և բարդ սեքսոլոգիական մի խնդիր, որի հիմքում կա թե’ հոգեբանական, թե’ մարմնական գործոն: Շատ գովելի է, որ Դուք գիտակցում եք, որ կա մասնագիտական միջամտության կարիք, իսկ ես կարող եմ վստահեցնել Ձեզ, որ խնդիրը լուծելի է և ցանկության դեպքում կվերականգվեն նաև հեշտոցային օրգազմները և Ձեր կյանքը կստանձնի իր բնականոն հունը: Թերարժեքության զգացումի վերացումը ավելի հաստատուն կլինի, երբ դուք ձեզ լիարժեք կին զգաք, քանի որ առանց այս զգացումի ինքնագնահատականը միշտ դատապարտված է անկումների: Ողջունելի է նաև, որ վերացել են հաղորդակցման խնդիրները և դուք կարող եք ազատ արտահայտվել ձեր ամուսնու ներկայությամբ։ Ձեզ լիարժեք օգնելու համար մանրակրկիտ սեքսոլոգիական հետազոտության կարիք կա, որը ներառում է ինչպես մարմնասեռական, այնպես էլ հոգեսեռական պատմությունների հավաքագրումը։ Շատ կարևոր է ուրվագծել սեքսուալության ամբողջական պատկերը, որի մեջ մտնում են ինչպես սեքսուալ ֆունկցիան ապահովող անատոմիական կառույցների, այնպես էլ սեռային ինքնության և սեռադերային վարքի առանձնահատկությունները: Հնարավոր է, որ խնդիրը թաքնված լինի հենց այս վերջին օղակներում, օրինակ պարզվի, որ ձեր սեռական անտարբերության պատճառը սեռային ինքնության կայացման խնդիր է։
show less
1.Բարև Ձեզ հարգելի Նարինե: Ես արդեն 1 ամիս է ինչ նշանվել եմ, դրանից առաջ 1 տարի ընկերություն ենք արել, բայց այս ամբողջ ընթացքում չեմ զգացել նրա կողմից ցանկություն իմ հանդեպ, երբեք չի ձգտում ինձ հետ մենակ մնալ, հազվադեպ է ինձ համբուրում: Վերջերս նրան հասկացրեցի, որ շատ սառն է իմ նկատմամբ, իսկ ինքը ինձ պատասխանեց, թե վախենում է, որ չի կարողանա իրեն տիրապետել, իսկ ինքը ուզում է, որ սեռական հարաբերություն ունենանք միայն ամուսնությունից հետո: Ես շատ եմ անհանգստանում: Հնարավոր է, որ ինչ-որ խնդիրներ ունի, նույնիսկ արդեն վախենում եմ ամուսնանալ: Չեմ կարողանում ոչ մի կերպ նրան հասկանալ: Խնդրում եմ օգնեք ինձ: Նախապես Շնորհակալություն:
show more
Հասկանում եմ Ձեր անհանգստությունը, որը բխում է այն պատկերացումից, թե հնարավոր չէ, որ առողջ տղամարդը կարողանա զսպել իրեն կնոջ հմայքների ներքո: Կանացի ինքնասիրությունը վիրավորվում է, երբ տղամարդը նրան չի ցանկանում, կինը ուզում է, որ տղամարդը միշտ ցանկանա իրեն ու եթե դա այդպես չէ, նա ոչ միայն վիրավորվում, այլ կարող է չարությամբ լցվել այդ տղամարդու հանդեպ, ագրեսիվ դառնալ, վրեժ լուծել կամ էլ պարզապես հուսահատվել ու քաշվել մի կողմ: Չբավարարված կինը վտանգավոր էակ է տղամարդու համար: Դուք պետք է հասկանաք, որ ինչքան շատ եք սպասում, որ նա ցանկանա Ձեզ, այնքան նա ավելի է սառում, այս օրինաչափությունը անխափան գործում է բոլոր զույգերի պարագայում: Այլ կերպ ասած՝ այդ Դուք եք նրան սեռապես անտարբեր դարձնում Ձեր ցանկությամբ ու սպասումներով: Ես չեմ մտածում, որ Ձեր ընտրած տղամարդը ինչ-որ լուրջ սեռական խնդիրներ ունի, քանի որ դա կնշանակի մտածել, որ նա խաբում է Ձեզ, թաքցնում է ինչ-որ մի բան։ Եթե ձեր մեջ անկեղծ և ազնիվ հարաբերություն է, ապա ի՞նչ հիմք ունեք կասկածելու։ Եթե նույնիսկ նա խաբում է և ունի սեռական խնդիր, որի մասին Ձեզ չի ասում, ուրեմն` դարձյալ պատճառը փնտրեք Ձեր մեջ, որովհետև խաբում են վախից, Դուք նրան վախ եք ներշնչում, նա վախենում է ձեզանից, Ձեր տված պատասխան ռեակցիայից, այսինքն Դուք այնպես եք Ձեզ պահում, որ մարդը չի վստահում իր ինտիմ գաղտնիքը, վստահություն չեք ներշնչում նրան: Այսպես լինում է, երբ անձնավորությունը ինքնախաբեության մեջ է և իրեն դրել է «սուրբի» տեղ։ Դժվար է որևէ գործնական խորհուրդ տալ ձեր դեպքում, մինչև հայտնի չլինեն ձեր պատմության մանրամասները, այդ պատճառով խորհուրդ կտամ այցելել:
show less
2.Բարև Ձեզ սիրելի բժշկուհի: Չգիտեմ ինչպես դիմել: Գուցե հարցս մի փոքր տարօրինակ թվա, բայց հույս ունեմ կհասկանաք: Խնդրում եմ օգնեք: Ինձ մի հարց է տանջում: Ընկերս շատ հավասարակշռված է: Երեք ամսից մեր հարսանիքն է, արդեն մեկ տարի է ինչ ապրում ենք սեռական կյանքով: Աշխատում ենք միասին, երբ մենակ ենք, նա շարունակում է զսպել իր ցանկությունները: Ինձ դա դուր չի գալիս: Երբեմն ես ուզում եմ, որ նա պոռթկա: Թեկուզ ուժով ինձ համբուրի ու տիրի: Բայց նա մնում է նույն հավասարակշռված անձը: Մեկ համբույր, դասկան սեքս և վերջ: Ես ավելի բուռն հարաբերություններ եմ ուզում: Ուզում եմ նա տենչա: Այրվի կրքից: Խնդրում եմ օգնեք ինձ: Խորհուրդ տվեք՝ ինչպե՞ս նրան հանեմ ուղեծրից, որ չզսպի իրեն:
show more
Հասկանում եմ ձեր տարօրինակ ցանկությունը և նյարդայնությունը, երբ բախվում եք նրա զսպվածության հետ։ Սակայն մխիթարողն այստեղ այն հանգամանքն է, որ ձեր ընկերը սիրում է Ձեզ և Դուք նրա համար ցանկալի կին եք։ Ուղղակի կարծում եմ, որ այստեղ մի փոքր աշխարհայացքի և սեռական խառնվածքի տարբերության խնդիր կա։ Այս ամենի մեջ դեր է խաղում մարդու ինտելեկտը, նրա արժեքային համակարգը, ստացած դաստիարակությունը։ Սեռական վարքը մարդու բարեկրթության և մշակույթի պտուղ է։ Ինչքան նա բարձր մշակույթի կրող է և բարեկիրթ, այնքան սեռականում նա զուսպ է։ Զուսպ չի նշանակում սահմանափակ կամ կաշկանդված, ընդհակառակը՝ սեռապես զուսպ անձնավորությունը ներքուստ իրեն ավելի ազատ է զգում, քան ձեր պատկերացրած պոռթկումներով տղամարդիկ։ Սեռական խառնվածքների այսպիսի տարբերությունը լուծում ունի, որը կպահանջի ժամանակ և միանշանակ այն ավելի հեշտ կլուծվի համատեղ կյանքի ընթացում։ Կարծում եմ, որ դուք մասնագիտական միջամտության կարիք ունեք։
show less
1.Բարև ձեզ, ինձ իսկապես Ձեր օգնությունն է անհրաժեշտ, շա~տ շնորհակալ կլինեմ որ հոգեպես աջակցեք ինձ… Ես 22 տարեկան եմ, ունեի ընկեր 19 տարեկանում, որին իսկապես սիրում էի ու նրա հանդպեպ շատ մեծ էր կիրքս ու սեռական ցանկություններս, սակայն մենք բաժանվեցինք, հիմա նրան մոռացել եմ, ու նշանված եմ, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում կիրք ու սեռական ցանկություններ ունենալ այս մյուս ընկերոջս հանդեպ, ես նրա հետ անկողին չեմ մտնում, դրա մասին չի խոսքը, բայց սովորական համբույր անգամ չեմ ուզում տալ նրան, երբևէ նրան համբուրելու ցանկություն չեմ զգում, բայց սիրում եմ իրեն: Մենք հանդիպում ենք արդեն 2 տարի, միակ բանը, որ ինձ խանգարում է, դա նրա հանդեպ կիրք չզգալն է: Խնդրում եմ, կասեք դա ինչի՞ հետ կարող է կապված լինել: Շնորհակալ եմ:
show more
Կիրք չզգալը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ դուք այդ տղայի հետ կապնված եք այլ կարգի սիրով, այսինքն՝ ձեր մեջ հավանաբար առկա է ռոմանտիկ սիրո և նվիրումի, քան թե սեռային սիրո ներկայությունը: Դուք նրան չեք դիտարկում իբրև սեռային օբյեկտ, իբրև ձեր սեռային կեսը, ում հետ կարող եք ամբողջանալ, այլ կապնվել եք ավելի ապահով՝ ընկերական կապով, քանի որ մի անգամ արդեն ճաշակել եք «սեռային» կապի ցավը։ Նա ավելի շատ ընկեր է, ում կարող եք ապավինել և հանգիստ վստահել, կարող եք կիսվել ձեր հոգեհուզական ապրումներով և ակնկալել հասկացողություն, փոխըմբռնում: Թե ինչու եք նրան այդպես ընկալում, բարդ հարց է: Գուցե նախորդ ընկերոջից հետո մնացել են հետքային տրավմատիկ արգելակումներ և դուք ճնշել եք ձեր սեռական կիրքը, որպեսզի երկրորդ անգամ տառապանքի մեջ չհայտնվեք: Գուցե և խնդիրը ձեր այս նոր ընկերոջ մեջ է, նա ինքը չի նպաստում ձեր կրքի դրսևորմանը՝ ելնելով իր անձնական հոգեսեռական խնդիրներից: Ավելի ստույգ պատասխան տալու համար երկուսիդ տեսնելու և զրուցելու կարիք կա։
show less
2.Բարև Ձեզ, ես 20 տարեկան եմ, ամուսնացած չեմ, բայց ընկեր էլ չունեմ ու ինձ մոտ սեռական ցանկություն երբեք չի առաջանում, անգամ էրոտիկ ֆիլմերից: Դա նորմա՞լ է:
show more
Սովորաբար այս տարիքում հոգեսեռական զարգացման նորմալ ընթացքի պարագայում թե’ աղջիկները, թե’ տղաներն ունենում են սեռական ցանկության վերապրում, այստեղ հավանաբար առկա է հոգեսեռական զարգացման հապաղում, որի պատճառները շատ տարբեր են, սկսած հորմոնալ թեթևակի շեղումներից մինչև հոգեսոցիալ, մշակութային և կրոնական արգելակումներ, քանի որ սեքսուալությունը մի ոլորտ է, որում համակցված գործում են բնությունը և սոցիալ-մշակութայինը:
show less
Հարգելի բժշկուհի, ես ամուսնացած եմ: Շատ է պատահում, որ չեմ ցանկանում ամուսնուս և անգամ մի ձեռքի հպումը տհաճ է: Իսկ եթե ցանկանում եմ՝ սկզբից ուժեղ ցավ եմ զգում, այնուհետև օրգազմից հետո նույնպես ցավ եմ ապրում և չեմ կարողանում շարունակել: Եվ դա վեճի պատճառ է հանդիսանում: Տանել չեմ կարողանում, երբ կրծքերիս է դիպչում, որքան էլ որ փորձում է՝ շատ ուշ եմ թուլանում և ցանկանում: Ընդհանրապես չեմ կարողանում թուլանալ, խնդրում եմ օգնեք:
show more
Խնդիրն այստեղ սեռական ցանկության խորը արգելակման մեջ է, որի պատճառով էլ ամուսնու շոյանքները և հպումները տհաճություն են առաջացնում: Ընդհանրապես կանանց սեռական գրգռումը մեծապես կախված է կնոջ ներքին հոգեբանական վիճակից, սեռական գրգռումը մի վիճակ է, որը ոչ թե առաջանում է մեխանիկական գրգիռներից, այլ տղամարդու հետ մտավոր ընդհանրության և հոգեհուզական ինտիմության վերապրումից: Եթե կինը դադարել է ներքին կապ զգալ ամուսնու հետ, ապա սեռական կյանքը նրա հետ դառնում է դժոխային տանջանք։ Ցավը պաշտպանական մեխանիզմ է, որը հեռու է պահում կարծեցյալ վտանգից, ինչպես նաև ահազանգում է, որ արդեն իսկ ինչ-որ բան վնասվել է։ Այստեղ խոսքը վերաբերում է թե՛ ֆիզիկական վնասմանը, թե՛ հարաբերության վնասմանը։ Կարճ ասած պատճառները բազում են, հնարավոր է՝ դուք ունեք անցյալից եկող ներքին հոգեհուզական կոնֆլիկտներ, ձեր մարմնի հանդեպ արգելակող բնույթի ընկալումներ, սեռական հաճույքից և մոտիկությունից անգիտակից վախեր, միջանձնային խնդիրներ ձեր ամուսնու կամ նրա ընտանիքի անդամների հետ։ Անկախ, թե ինչից է ձեզ մոտ նմանատիպ վիճակ ստեղծվել, հարկավոր է գիտակցել, որ այդ վիճակը նորմալ չէ և ունի իր բուժումը:
show less