Սերը կարող է կոկայինային կախվածության պես կպչուն լինել…- Արդյոք, սերը հիվանդությո՞ւն է:- Սերը ուրիշի հետ միանալու ուժգին տենչանք է: Սերը հուզական վիճակ է եւ, ինչպես ցանկացած հույզ, կարող է լինել ռացիոնալ եւ իռացիոնալ: Ողջամտության եւ բանականության սահմանները հատող սերը կարող է դիտարկվել իբրեւ իռացիոնալ հույզ եւ հիվանդագին երեւույթ: Թեեւ սերը չի ընդգրկված հոգեկան հիվանդությունների ամերիկյան հոգեբույժների դասակարգման մեջ (սա համարվում է հոգեկան առողջության խանգարումների միջազգային ուղեցույց), այնուհանդերձ, սիրո քիմիան մեծ նմանություն ունի տագնապային եւ կպչուն-սեւեռուն խանգարումների նյարդահորմոնալ շեղումների հետ:Գիտական փաստերը վկայում են, որ սիրով խանդավառված անձի օրգանիզմում բարձրանում է նյարդային մեդիատոր դոպամինի քանակությունը եւ իջնում է սերոտոնինի քանակը: Դոպամինը այն նյարդային մեդիատորն է, որը դրդում է կրկին անգամ ձեռնարկել այնպիսի վարքային ակտիվություններ, որոնց ավարտին ի հայտ է գալիս խորը բավարարման զգացողություն: Ահա թե ինչու է սեքսուալ բավարարման զգացողությունը բերում սեռական ցանկության բորբոքման:Գիտական հետազոտությունները վկայում են, որ կախյալության հակվածությամբ օժտված անձանց մոտ, օրինակ` նիկոտինային կախյալությամբ տառապող անձի դեպքում, դոպամինի նյութափոխանակությունը այնպես է խաթարված, որ կախյալություն առաջ բերող նյութը, տվյալ դեպքում` նիկոտինը, զգալիորեն ուժեղ հաճույք է հարուցում տվյալ անձի մոտ, քան նրանց, ովքեր չունեն կախյալության հակվածություն: Նմանապես «կպչուն-սեւեռուն» սիրո դեպքում, սիրված անձնավորությունը դառնում է կախյալության օբյեկտ եւ առաջացնում այնպիսի ուժեղ հաճույքի զգացողություն, որն ամրապնդում է այդ ախտի ձեւավորումը:


ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
ու մտորումներ
ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
ու մտորումներ
Հայտնի է այն փաստը, որ մեծ թվով կանայք դիմում եմ սեռական ինքնաբավարարման: Եթե հաշվի առնենք, որ կնոջ սեքսուալության հիմնասյունը վերարտադրման նպատակով տղամարդուն գրավելու և ներթափանցման ենթարկվելու ձգտումն է, ապա ինքնաբավարարումը, որը չի ծառայում վերարտադրմանը, կարող է դիտարկվել իբրև հավելյալ բաղադրիչ, որը համալրում է կնոջ սեքսուալությունը: Ո՞րն է այդ հավելյալ նշանակությունը:Ժամանակակից սեռագիտության հավաստի փաստերը վկայում են, որ կանայք` ի տարբերություն տղամարդկանց, տարբերվում են սեռական հաճույքին էական կարևորություն տալու իրենց մոտեցմամբ: Ուրեմն կարելի է կասկածի տակ առնել այն ենթադրությունը, որ կանանց ինքնաբավարարումից ստացված հաճույքը տղամարդկանց պես էռոտիկ զգայունության և հեշտանքի վերապրումն է, թեև չի բացառվում նաև այս տարբերակը:Երբ կինը պարզում է, որ ինքնուրույն կարող է հասնել հաճույքի և հեշտանքի, երբ գիտի, որ ինքն է խաղի հեղինակը և գործում են իր իսկ սահմանած խաղի կանոնները, ապրում է մի տեսակ ամենակարողության զգացում, որի շնորհիվ հեղաշրջվում է իգական սեռի մասին թույլ, թերի, կիսատ լինելու իր պատկերացումը:Բացի այդ ձեռնաշարժությունը թույլ է տալիս մեջտեղից հանել տղամարդուն, վանել նրա կողմից հարուցվող բոլոր հավանական վախերը: Ինքնուրույն հեշտանքի հասնելու հնարավորությունը կանանց համար դառնում է կախվածությունից խուսափելու միջոց: Այսպիսով ինքնաբավարարումը տալիս է ամբողջականության, ապահով ինքնուրույնության, անկախության և հավերժության զգացում: Ահա թե ինչու` երբեմն այդքան դժվար է դառնում ձեռնաշարժությունից հեշտորեն հրաժարվելը:Եվ եթե չլիներ կնոջ սեքսուալության հիմնական առանցքը, այն է վերարտադրման բնազդը, ապա մարդկությունը կկանգներ բնաջնջման եզրին: Ուստի երբ ձեռնաշարժությունը դառնում է սեռական կարիքի բավարարման և հաճույք ստանալու միակ ձև, ի հայտ է գալիս ներքին կոնֆլիկտ սեփական սեքսուալության հետ և այստեղ է, որ ծնվում են հեշտոցային անզգայությունը, սեռական գրգռման խանգարումը և կնոջ անօրգազմիան:
Անկանոն սեռական կյանքը` բազմակի զուգընկերների հերթափոխմամբ, համարվում է սեռական վարքի խանգարում և սեքսոլոգիայում հայտնի է «պրոմիսկուիտետ» անվամբ: Այս խանգարումը հաճախ հանդիպում է աղջիկների մոտ և արտահայտվում բազմաթիվ սեռական զուգընկերների առկայությամբ, ում հետ չկա հուզական կապվածություն, հաճախ դրանք այսպես կոչված «մի գիշերվա» տղամարդիկ են, սեռական հարաբերությունը նրանց հետ առաջինն ու վերջինն է: Խոսքը չի վերաբերում մարմնավաճառությանը, որովհետև սեռական այս վարքի հիմքում, ոչ մի դեպքում, ընկած չէ նյութական օգնություն ձեռք բերելու դրդապատճառը: Նրանց չի առաջնորդում նաև սեռական հաճույքի անհագ մղումը, ընդհակառակը` հիմնական դեպքերում այս աղջիկները տառապում են անօրգազմիայով և խորը հոգեսեքսուալ անբավարարվածությամբ:Սեռական վարքի այս խանգարումը անպատասխանատվության մեծ բեռ է կրում իր մեջ, քանի որ այս աղջիկները հաճախ ձեռք են բերում սեռավարակներ և տարածում իրենց զուգընկերների շրջանում: Նույնիսկ այն դեպքերում, երբ կինը դիմում է բժշկին, իր անպատասխանատվության պատճառով հաճախ մնում է թերի բուժված, և սեռավարակը շարունակում է թաքուն ապրել նրա օրգանիզմում` ձեռք բերելով քրոնիկական ընթացք: Շատ դեպքերում այս աղջիկները հետագայում ունենում են անպտղության խնդիր, հատկապես, եթե ընդհատել են չնախատեսված հղիությունները: Բարձր է ալկոհոլիզմով հիվանդանալու հավանականությունը, երբեմն նույնիսկ դիմում են թմրանյութերի օգտագործմանը: Կարելի է ասել, որ պրոմիսկուիտետը նաև սոցիալական չարիք է, բացի առողջական խնդիր լինելուց, քանի որ հասանելի լինելով իբրև սեռական օբյեկտ, այսպիսի աղջիկները ստեղծում են կանացի սեքսուալության այնպիսի պակերացումներ, որտեղ կինը հանդիսանում է լոկ հաճույքի առարկա։
Առնանդամի չափսը մեր պրակտիկայում հաճախակի հանդիպող գանգատ է: Բժշկական օգնության տեսանկյունից կարելի է տարբերակել երեք խումբ տղամարդիկ: Առաջին խումբը` առնանդամի նորմալ չափս ունեցող տղամարդիկ են, որվքեր պարզապես ունեն սխալ պատկերացումներ և սպասումներ` կապված առնանդամի չափսի և սեռական մերձեցման իրականացման հետ: Սա խորը իմաստով գալիս է նրանից, որ տղամարդու ինքնությունը սոցիալ-մշակութային հրամայականներով նույնացվում է այդ օրգանի չափսի հետ, և անատոմիական այս միավորը, փաստորեն, դառնում է տղամարդկության սոցիալ-մշակութային նշանակության ողջ ծանրությունը իր վրա կրող անարդարացիորեն չարաշահված օրգան: Այս տեսակի տղամարդիկ կարիք ունեն ռացիոնալ հոգեթերապևտիկ օգնության, որը արմատապես կլուծի նրանց անհանգստությունը:Երկրորդ խումբ տղամարդիկ ունեն ավելի լուրջ` հոգեբուժական խնդիրներ` դիսմորֆոֆոբիկ համախտանիշ` կապված առնանդամի չափի հետ: Այստեղ երբեմն պահանջվում է հոգեբուժական խորհրդատվություն և բուժական օգնության կազմակերպում այս դաշտի շրջանակներում:Երրորդ խումբը իրոք միկրոպենիսով տղամարդիկ են, այստեղ չափի պատճառով իրոք առաջանում են ներթափանցման լուրջ խնդիրներ և սեռական դիրքերի անհարմարություն: Կանայք, ովքեր սեռական հաճույք են ապրում վուլվայի գրգռումից, ներթափանցման կարիք չունեն և միկրոպենիսը այս դեպքերում խնդիր հանդիսանալ չի կարող: Այլ է այն կանանց դեպքում, երբ ներթափանցումը պարտադիր անհրաժեշտություն է սեռական հաճույք ապրելու համար: Կարելի է ենթադրել, որ ամենամեծ դժգոհությունը չափսից արտահայտում են այն կանայք, ովքեր ընդհանրապես սեռական գրգռում և հաճույք չեն ապրում, քանի որ այստեղ տուժում են իրենց էմոցիոնալ կարիքները, կանացի ինքնությունը:
Ձեռնաշարժությունը (մաստուրբացիա, ինքնաբավարարում, օնանիզմ) ձեռքի օգնությամբ ինքնագրգռման հասնելն է, որն ավարտվում է սերմնաժայթքումով` տղամարդկանց մոտ և հեշտանքի զգացումով` երկու սեռերի մոտ: Կան ձեռնաշարժության մի քանի ձևեր: Նախ և առաջ դա պատանեկան ձեռնաշարժությունն է: Սա պատանեկան տարիքում տղաների սեռական հասունացման բնորոշ դրսևորումներից է: Ձեռնաշարժության այս տեսակը պայմանավորված է ֆիզիոլոգիական և սոցիալական գործոններով: Ֆիզիոլոգիական գործոնն այս տարիքում առաջացող նեյրոհորմոնալ բուռն տեղաշարժերն են:Պատանեկության շրջանում կտրուկ բարձրանում է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի քանակությունը, որը երկու ճանապարհով խթանում է ձեռնաշարժության երևույթը: Նախ, տեստոստերոնի աճող քանակը արագացնում է ամորձիների զարգացումը և սերմի արտադրության պրոցեսը: Արագ տեմպերով կուտակվող սերմնահեղուկը լարում է առաջացնում սերմնատար ուղիներում` ճնշում գործադրելով այդ ուղիների պատերում տեղակայված մեխանոռեցեպտորների վրա: Այս ճնշումը ընկալվում է իբրև ֆիզիոլոգիական դիսկոմֆորտի վիճակ, որից ամեն կերպ ազատվելու ձգտումը դառնում է գերիշխող շարժառիթ:
Հաճախ միջսեռային հարաբերություններում դժվարություն ունեցեղ մարդիկ չեն կողմնորոշվում` ով ավելի օգտակար խորհուրդ կտա իրենց` հոգեբա՞նը, թե՞ բժիշկ-սեռաբանը, այսինքն` սեքսոլոգը: Սովորաբար ընդունված է, որ բժշկին այցելում են այն դեպքերում, երբ, կոպիտ ասած, ինչ-որ տեղդ ցավում է: Սեռական խնդիրների և սեռային հարաբերությունների հարցում պատկերը մի փոքր այլ է: Քանի որ միջսեռային դժվարությունները մարդուն հոգեկան տառապանք են պատճառում, նա հաճախ մտածում է, որ իր խնդիրը հոգեբանական է և օգնության է դիմում հոգեբանին: Եվ իրոք, շատ դեպքերում հոգեբանը մեծ արդյունավետությամբ օգնում է հաղթահարել անինքնավստահությունը, անլիարժեքությունը, օգնում է բարձրացնել ինքնագնահատականը:Սակայն, գոյություն ունի այն սխալ պատկերացումը, որ եթե միջանձնային հարաբերություններում ամեն ինչ կարգին է, այսինքն՝ զույգի միջև առկա է փոխադարձ հասկացողություն, սեր և հարգանք, ապա նրանց սեռական կյանքում ամեն ինչ կարգին է:
Սեքսից հետո լացելու անզուսպ պահանջը և ինքնաբուխ դուրս հորդող արցունքները որոշ կանանց և աղջիկների սեռական կյանքի դրսևորումներից է: Եզակի դեպքերում դրանք երջանկության արցունքներ են` պայմանավորված սեռական հաճույքի ժամանակ մեծ քանակությամբ հորմոնների ձերբազատմամբ: Մեծ մաս դեպքերում այս դրամատիկ գանգատը ընդամենը «լողացող սառցալեռան գագաթն է հիշեցնում», և խորը հոգեսեռական վերլուծությունը բացահայտում է այդ գանգատի ողջ լրջությունը: Սովորաբար նման գանգատ ներկայացնող կինը սեռական մերձեցման ժամանակ տագնապի մեջ է ընկնում և դիսկոմֆորտի զգացում ապրում, որի պատճառով, երբ կենակցումն ավարտվում է` կուտակված բացասական էմոցիաները մեծ ճնշման տակ դուրս են գալիս լացի տեսքով: Տագնապի զգացումը, որը թույլ չի տալիս թուլանալ և սեռական հաճույք ապրել, կապված է անցյալի բացասական փորձի, տարած հոգեսեռական տրավմայի և հորմոնների հետ:Լացը խոսում է այն մասին, որ մերձեցման ժամանակ կնոջ ինտիմ ապրումները հակասության մեջ են մտնում իր ունեցած հարաբերության և իր իսկ հետ: Հարաբերությունը տղամարդու հետ չունի հուզական այն հագեցվածությունը, որին սովոր է կինը` իր անցյալ փորձի հիշողությամբ, ուստի սեքսը բախում է նրան իրականության հետ, որը ցավ է պատճառում և բերում լացի: Կնոջը կարող է թվալ, որ նա չի սիրում տղամարդուն, ում հետ ինտիմ մերձեցման մեջ է և դա բերում է խորը դժբախտության: Երբեմն կանայք լացում են, քանի որ անգիտակցաբար սպասում են, որ իրենց պիտի լքեն սեքսից հետո: Այսպսիսի կանայք չեն հավատում, որ տղամարդու դրսևորած հոգատարությունն ու քնքշանքը ճշմարիտ են: Իրենց անարժան են համարում և անգիտակցաբար քանդում իրենց կապը, որը խոստումնալից է և վերջապես կարող է իրական երջանկություն բերել: Անցյալում լքված լինելու փորձառության ցավը նրանք հաղթահարում են նրանով, որ իրենք են դառնում լքողներ և դրանով իսկ կանխում հավանական լքման հնարավորությունը: Անկախ այն բանից, …
Շատ կանանց համար սեռական ցանկությունը և սեռական գրգռումը միահյուսված են, այսինքն կինը սեռական ցանկություն է ապրում այն դեպքերում, երբ ունենում է ներքին էրոտիկ գրգռման զգացողություն, որն անպայման չէ, որ ուղեկցվի հեշտոցի խոնավությամբ: Ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեռական ցանկության «օբյեկտը» խիստ տարբեր կարող է լինել: ՈՒստի երբ կինը գանգատվում է սեռական ցանկության պակասից, հարց է առաջանում, թե հատկապես ինչի պակաս է նա ապրում:Գիտական փաստերը վկայում են, որ կնոջ սեռական ցանկությունն է «ցանկալի լինելը», համենայն դեպս այդպես է շատ կանանց համար: Այս տիպի կնոջ համար սեռական մերձեցման ներքին խթան է հանդիսանում ցանկալի տղամարդու համար ցանկալի լինելու մղումը: Այլ կանանց համար սեռական ցանկությունը սեռական հաճույք զգալու պահանջն է, ինչպես տղմարդկանց մոտ է: Չի բացառվում, իհարկե, որ այս երկուսը միասին հանդես գան միևնույն կնոջ մոտ:Կնոջ սեռական ցանկությունը կարող է ի հայտ գալ ինքնաբուխ` այսինքն ներսից` անկախ այն բանից, թե որն է ցանկության մոտիվացիան` ցանկալի լինելը, թե՞ հաճույք զգալը: Այլ կանանց սեռական ցանկությունը արտաքին գրգիռներին տրված արձագանք է, այն առաջնում է ի պատասխան տղամարդու սեռային նախաձեռնության և խթանող գրգիռների: Հնարավոր է նաև միևնույն կնոջ մոտ պարբերաբար դրսևորվի սեռական ցանկության առաջացման թե մեկ, թե մյուս աղբյուրը:Այսպիսով կնոջ սեռական ցանկությունը միատարր չէ, սեռական ցանկության խանգարումներն էլ բազմապիսի են և բազմաբնույթ:
Իբրև ելման կետ վերցնենք այն փաստը, որ սեռական ակտիվությունը պարտադիր պայման չէ առողջության պահպանման համար, քանզի շատ թվով կանայք ապրում են երկար տարիներ և իմաստալից կյանք` առանց սեռապես ակտիվ լինելու, այպես կոչված ասեքսուալ կանայք: Մյուս կողմից սեռական ակտիվությունը վերարտադրման կարևոր նախապայման է և կան բազում թվով կանայք և տղամարդիկ ովքեր սեռային հարաբերություններին տալիս են կենտրոնական և առաջնային տեղ իրենց կյանքում, թեև սեռապես ակտիվ լինելը դեռևս չի նշանակում, որ նրանք բավարարված են իրենց սեռական կյանքից:Եվ այսպես, կանանց համար սեռակապես ակտիվ լինելը կարող է «շահեկան լինել» մի քանի տեսանկյունով: Նախևառաջ, ամենամեծ պարգևն իհարկե երեխա ունենալն է: Վերարտադրությունից բացի, սեռական հարաբերությունը կնոջը կարող է տալ այլ տեսակի «ցանկալի պտուղներ»: Դրանք են` սիրելի անձնավորության հետ էմոցիոնալ խորը մտերմության վերապրումը (որն ի վիճակի չէ տալու ցանկացած այլ ֆիզիկական ակտիվություն), ցանկալի լինելու զգացումը և սիրած մարդուն հաճույք պարգևելու հնարավորությունը: Այս տիպի կանայք սիրով ընդգրկվում են սեռային մերձեցման մեջ, սակայն հուզական մտերմության վերապրումը չի ուղեկցվում սեռային գրգռումով և նրանք չեն ապրում սեքսուալ-էրոտիկ հաճույք և հեշտանք, ինչը թերևս չի էլ հուզում նրանց, ուստի և սեքսոլոգիական տեսանկյունից նրանք չեն կարող համարվել խանգարում ունեցող և բուժման ենթակա անձիք, թեև հնարավոր է, որ իրենց սեքսուալ զգայունությունը մեծ խնդիր է հանդիսանում զուգընկերոջ (ամուսնու) համար:Կանանց այլ տեսակը կարևորում են բուն սեքսուալ գրգռումը, սեռական հաճույքը և հեշտանքի վերապրումը: Այս կանանց համար սեռային մերձեցումը հենց այս նպատակին է ծառայում և նրանք խիստ վհատվում են, երբ չեն կարողանում հասնել գրգռման և հեշտանքի: Այս կանայք թեև կարևորում են հուզական մտերմությունը, ցանկալի լինելու և տղամարդուն հաճույք տալու հնարավորությունները, բայց չեն ապրում լիարժեք հոգեսեքսուալ բավարարում, երբ իրենք անձամբ չեն …