ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ու մտորումներ

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ու մտորումներ

9 Փետրվարի, 2017

Սեռական բռնության ենթարկված կանանց հիմնական մասը լռում են իրենց հետ տեղի ունեցածի մասին և կրում այդ փորձի ամոթալի հիշողությունը իրենց կյանքի ողջ ընթացքում։ Բազմաթիվ սեռական խնդիրներ իրենց ակունքում ունեն մանկության կամ վաղ պատանեկության տարիներին տեղ գտած սեռական տրավմատիկ փորձառություններ։Խնդիրն այստեղ այն է, որ այդ կանայք ամաչելու ոչ մի լուրջ հիմքեր չունեն, քանի որ սեռական բռնության զոհ դառնալը իրենց մեղքով չի եղել։Աշխատելով սեռական տրավմաներ տարած բազում կանանց հետ՝ ինչ-որ մի պահ սկսեցի նկատել ու հետագայում նաև համոզվեցի, որ բռնություն տարած կանայք մի շատ առանձնահատուկ հատկություն ունեն։ Նրանք հենց ամենասկզբից հավատում են տղամարդու՝ մարդ լինելուն։ Այդպիսի կանայք նախ և առաջ տղամարդու մեջ տեսնում են մարդկային էություն, արժանապատվություն ունեցող էակի, ով չի կարող բռնություն գործադրել երեխայի հանդեպ։ Ու հենց այս վերաբերմունքն է, որ աղջիկներին դարձնում է սեռական բռնության զոհ, քանի որ բռնարարը չարաշահում է  աղջնակի հավատը և բռնարարի անձի հանդեպ վստահությունը: Այն աղջիկները, ովքեր ի սկզբանե թերահավատ են տղամարդու նկատմամբ, սեռական բռնության զոհ ավելի քիչ են դառնում, որն այս աղջիկներին առավել իմաստուն չի դարձնում նախորդ խմբի համեմատ, մի գուցե նաև՝ ճիշտ հակառակը։

21 Նոյեմբերի, 2014

Այդ տղային ես չէի հավանում, բայց ամուսնացա, քանի որ ծնողներս ասացին, որ շատ լավ տղա է, ես էլ լսեցի նրանց ու ամուսնացա: Մինչդեռ սիրում էի ուրիշ տղայի, ով ֆինանսապես կայուն և ինքնուրույն չէր, դրա համար մերոնք չէին ուզում այդ տղայ հետ ամուսնանամ: Ծնողներս նրա առաջ պայման դրեցին, որ մեկ տարում ի վիճակի լինի ապահով ապագայի կայուն հիմքեր ստեղծել, մեկ տարին անցավ ու նա չհասցրեց, ես էլ վիրավորված նրանից ամուսնացա այս մեկի հետ:Ամուսնությունը շատ լուրջ պարտավորություն է, ամուսնական դաշինքի խորհուրդը շատ վեհ ու խորն է, ամուսնանալ ինչ-որ մեկին ինադու, դա անլրջության գագթնակետն է, նույն անլրջությամբ կարելի է քանդել այդ ամուսնությունը, կանայք ովքեր չեն գիտակցում ամուսնության խորհուրդը, խաղի են վերածում իրենց և ուրիշների կյանքը: Ինչ-որ մեկին ինադու ամուսնանալը վրեժխնդրություն է:Ամուսնանալու որոշումը կայացվել է վրեժխնդրության զգացումից ելնելով, շատ կարևոր է, թե ինչի վրա է կինը հիմնվում ամուսնանալու որոշում կայացնելիս: Բոլոր այն դեպքերում, երբ կյանքի՝ այդ ամենապատասխանատու որոշումը կայացվում է զգայական ապրումներից և հույզերից կազմված անհուսալի հիմքի վրա, ամուսնական կյանքը վտանգված է, ինչպես վտանգված է այն տան ամրությունը, որի հիմքը գցված է ավազին: Մեր զգայական ապրումները և հույզերը նման են բնության ժամանակավոր երևույթներին, տարերային ուժերի դրսևորումներին: Դրանք իրենց բնույթով զգայացունց են, կարող են մինչև հոգու խորքը ցնցել մարդուն, օրինակ՝ մեծ ալիքները օվկիանոսում, հրդեհված անտառը, ջրհեղեղի պատճառած ավիրածությունները, բայց դրանք մնայուն չեն, այդ երևույթների կյանքի տևողությունը շատ կարճ է: Դրանք գալիս են, բերում են իրենց հետևանքները և հեռանում, անհետանում են մեր կյանքից:Այո, բայց նա տղամարդու պես իրեն չդրսևորեց և ես գտա, որ արժանի չէ ինձ, ամուսնուս հանդեպ հարգանք էի զգում, համենայն դեպս սկզբում նա շատ …

25 Օգոստոսի, 2014

- Դա իմ առաջին փորձն էր, ես 21 տարեկան էի և մտածում էի, որ ժամանակն է հասուն ձևով բավարարելու պահանջս: Այդ ժամանակ բոլոր ընկերներս ապրում էին սեռական կյանքով, ու մենակ ես էի, որ դեռ չէի փորձել։ Որոշեցի գնալ մարմնավաճառի մոտ․ կատարյալ ձախողում, ոչինչ չստացվեց, լրիվ թույլ վիճակ էր։ Հետո փորձեցի գնալ մի ուրիշ մարմնավաճառի մոտ՝ մտածելով, որ խնդիրը մի գուցե աղջկանից է, բայց միևնույնն է՝ չստացվեց։ Հիմա ինձ շատ վատ եմ զգում, չեմ հասկանում՝ ինչու՞ բոլոր ընկերներիս մոտ ստացվում է, իսկ իմ մոտ՝ ոչ։-Նախ ասեմ, որ երիտասարդ տարիքում էրեկցիայի հետ կապված խնդիրները ավելի շուտ նյարդահոգեկան ծագում ունեն և կապված են հուզական լարման հետ։ Այնուհանդերձ, անկախ տարիքից, նման դեպքերում մենք նախևառաջ հերքում ենք խնդրի առաջացման օրգանական պատճառները՝ կատարելով համապատասխան հետազոտություններ։ Տարբերակիչ ախտորոշման համար բժշկին օգնում են նաև ձեռնաշարժության ժամանակ և առավոտյան ի հայտ եկող էրեկցիաները։ Սովորաբար, եթե դրանք պահպանված են, ապա քիչ հավանական է, որ խնդիրը լինի ֆիզիկական դաշտում։ Թեև դրանց բացակայությունն էլ միանշանակ չի վկայում խնդրի ֆիզիկական լինելու մասին։Հիմա փորձենք իրարից տարբերել երկու երևույթ՝ սեռական ցանկություն և սեռական գրգռում: Շատ հաճախ այս երկու՝ իրար հետ սերտորեն կապված, բայց միևնույն ժամանակ իրարից խիստ տարբերվող դրսևորումները՝ ցանկությունը և գրգռումը նույնացվում են, ինչի պատճառով էլ մարմնական դրսևորումները ոչ ճիշտ մեկնաբանության են արժանանում։ Պետք է իմանալ, որ Եթե տղամարդը տվյալ պահին չունի սեռական որևէ ցանկություն, ապա նրա մարմինը դժվար թե սեռական գրգռման արձագանք դրսևորի։ Կենցաղային մտածողության մեջ կա մի սխալ պատկերացում, որ եթե գնացել ես սեռական հարաբերություն ունենալու, ու դա է ենթադրում ստեղծված իրավիճակը, ապա մարմինն անկախ ամեն ինչից, պետք է մեխանիկորեն ծառայի: Բայց …

17 Փետրվարի, 2014

Ճակատագրի բերումով նրան վիճակված էր հաշմանդամություն ունենալ: Ինձ մոտ գալուց առաջ խնդրեց, որպեսզի այնպիսի ժամի հանդիպենք, որ տարածքում ոչ ոք չլինի, որպեսզի որևէ մեկը չնկատի սեքսոլոգիական կլինիկա իր գալը: Նա ամաչում էր այն փաստից, որ ինքը սեռական կյանքի մասին է մտածում, «ի՞նչ կմտածեն մարդիկ». սարսափով ասում էր նա ու շատ հաճախ էին մեր հանդիպումները սկսում ինքնաարդարացման երկար-բարակ նախաբաններով: Նա օգտվում էր սայլակից, իսկ մեր կլինիկայի մուտքը բարձր է գետնի մակարդակից ու թեքահարթակ էլ չունենք: Այնպես որ ամոթը մի կողմ, հարկ կար նախ և առաջ հաղթահարելու ամենապարզունակ տեխնիկական դժվարություններ:Բնությունից օժտված անզուգական հմայքով այդ կինը խելացի էր և գրավիչ: Նրա մարմնի վերին վերջույթները, դեմքի մկանները, պարանոցը շարժունակ էին և արտացոլում էին իրենց շարժողի ողջ գեղեցկությունն ու նրբագեղությունը: Պատահել էր այնպես, որ իր կյանքում հայտնվել էր մի տղամարդ, ով գնահատել էր իր արժանիքները և խորը հարգանք էր տածում իր նկատմամբ: Հաշմանդամությունը խոչընդոտ չէր հանդիսացել սիրո մեջ ապրելուն և նրանք ամուսնացել էին: Սակայն կար մի խնդիր, որը թույլ չէր տալիս ապրել սեռական կյանքով, դա կնոջ մոտ առկա վագինիզմն էր: Երկարատև ու համառ բուժումից հետո, հաղթհարելով բազում դժվարություններ` մեզ հաջողվեց հաղթահարել հիվանդությունը: Հիմա նրանք ունեն մի շատ գեղեցիկ բալիկ:

22 Օգոստոսի, 2013

Մարդը սոցիալական էակ է և միակ կենդանի արարածը, ով նաև արարիչ է: Ապրելով իր իսկ արարած մշակույթում, ի տարբերություն մնացած բոլոր կենդանի էակների, որոնք ապրում են բնության մեջ և առաջնորդվում բնության օրենքներով, մարդը մշտապես ենթարկվում է մշակույթի ազդեցությանը, որը սնում և ուղղորդում է նրան: Սեռերի փոխհարաբերությունը և դրա կարգավորման տարաբնույթ հարցերը մեր մշակույթում վաղուց են արտահայտվել դիցաբանության, բանահյուսության, կրոնի, արվեստի, բարոյագիտության, քաղաքական ուսմունքերի մեջ: Մարդկային լեզուն մեծ դեր է խաղացել այդ մշակույթի ձևավորման վրա և միշտ հայերի լեզվամտածողության մեջ սեռերին վերաբերող հարցերում հնչեցվել է երկու բառ՝ սեռ և սեր:Հայոց վիպերգության մեջ ՛՛Առյուծը առյուծ է, էգ լինի, թե որձ՛՛ խոսքը շատ խորը իմաստ ունի (այսպես է խրատում Քեռի Թորոսը Սասունցի Դավթին, երբ վերջինս փոքր-ինչ կարկամում է հարսնացուի՝ Խանդութի վստահ կեցվածքից:) Կին-տղամարդ փոխհարաբերությունների կարգավորվան մասին սա մի ամբողջ փիլիսոփայություն է ու սեռային ներդաշնակության ապահովման գրավական: Մեր մշակույթի ընթացքում մենք ստիպված չենք եղել սեռային խտրականության ջատագով լինել, որովհետև մարդու արժանապատվությունը մեր մշակույթում միշտ վեհ ու բարձրագույն դիրքում է եղել, իբրև ամենահին քրիստոնյա ազգ: Հայաստանում սեռերի միջև հարաբերությունները կարգավորվել են մարդկային արժեքներով, կին-տղամարդ հարաբերությունները բխել են նախ և առաջ մարդ լինելու չափանիշից, որն ամենաբարձրագույն կարգավորիչն է եղել: Մարդ լինել, ահա թե որն է կին-տղամարդ հարաբերության ներդաշնակության գրավականը: ՈՒ կարիք չի լինի սեռը արհեստականորեն տարանջատել կենսաբանականի և հանրային-մշակութայինի (գենդեր կամ ջենդեր): Արժանապատվություն ունեցող կինը տղամարդու գենդեր ունենալու նշան չէ, ինչպես և՝ արժանապատվությունից զուրկ տղամարդը՝ կանացի գենդերի հավաստիք։

28 Հուլիսի, 2013

Ճամփորդության ժամանակ այդ հատվածը մենակով ես անցնում՝ ապավինելով սեփական ուժերիդ, վստահելով ինքդ քեզ ու քո մարմնին: Կյանքի իրական զգացողությունը կախված է այդ հատվածից ու թե ինչպես կհաղթահարես այն:Ես գնում էի մենակ, ինքս էի իմ աշխարհի հեղինակը և պատասխանատուն, գործում էին իմ օրենքները և կանոնները, որոնցով առաջնորդվում, բացվում ու ծավալվում էի այդ տարածքներում: Ազատության լիակատար վերապրում էր: Ու մի պահ թվաց, թե լքել եմ ընկերոջս, թողել եմ նրան հեռու հեռվում: Մտածեցի. մի՞թե օգտագործում եմ նրան: Մեղքի զգացումի ուժեղ հորձանուտը սկսեց հարվածել ու ներծծել հոգիս, հիասթափություն զգացի ինձնից, մտածում էի, որ այդ պահին ապրածս զգացողությունն ու հաճույքը անձնասեր են, որևէ կապ չունեն նրա հետ, իմն են բացառապես, բայց կար մի այլ զգացողություն ևս, որ հուշում էր, թե դա այդպես չէ, ուրիշ բան կա: Այդ մենակությունն անձնասեր առանձնության պես չէր, քանի որ հիմքում կար մերձավորիս հանդեպ տածած խորը վստահություն, առանց որի հնարավոր չէր էլ լինի հայտնվել այդտեղ, որտեղ կարող ես ազատ լինել ու չվախենալ, այդ մենակությունը շնորհիվ նրա սիրո էր, քանի որ գնում էի մի տեղ, որտեղից գալիս էի հույսով ու սիրով լցված: Մտածեցի, որ սիրելու համար պետք է թողնել միմյանց, միայն հեռանալով կարելի է իսկական սեր տալ, առանց այդ տարանջատումի չկա այդ սերն ու չկա հարաբերություն, կա ծանրություն, կցորդություն, միաձուլում, ու դու պասիվ կրկնող ես, վերադարձնում ես այն՝ ինչ ստանում ես, եթե ոչ պակասած, չկա քոնը, թվում է դու ես, բայց նրա արտացոլումն ես: Ես սա խորապես հակաբարոյական եմ համարում, քանի որ այստեղ դու ոչնչացնում ես ինքդ քեզ ու եթե համոզված ես, որ հաճույք ես զգում, ապա դա ինքնախաբեություն է կամ ստրկամիտ …

30 Օգոստոսի, 2012

Հայտնի է, որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր ավանդույթներից և մտակաղապարներից ծնված առասպելներ: Տրվելով այդ առասպելներին՝ կանայք ու տղամարդիկ իրենց սեռականության մասին ձևավորում են իրականությանը չհամապատասխանող սպասումներ, որոնք էլ հետագայում կարող են տարբեր սեռական խանգարումների պատճառ հանդիսանալ:Հայկական իրականության մեջ ամենատարածված սեռական առասպելներից մեկն այն է, որ կնոջը սեռական հաճույք պարգևելու մենաշնորհը պատկանում է տղամարդուն: Մինչդեռ գիտական փաստերը վկայում են, որ սեռական հաճույք վերապրելու կարողությունը մեծապես կախված է հենց իրենից՝ կնոջից: Այսպես, եթե կինը ունի որևէ ներանձնային կոնֆլիկտ, փսիխոսեքսուալ զարգացման հապաղում, սեքսուալ “ես”-ի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նյարդային, հորմոնալ հիվանդություններ, տեղային բորբոքային երևույթներ, ապա ոչ մի տղամարդ, նույնիսկ սեքսուալ ուժեղ տիպի, ի վիճակի չէ այդ կնոջը սեռական հաճույք պատճառել:

30 Օգոստոսի, 2012

Շատ մասնագետներ պնդում են, որ կա կանացի օրգազմի երեք տեսակ` հեշտոցային, ծլիկային և խառը: Կնոջ սեռական հաճույքի այսպիսի մեխանիկական դասակարգումը այն աստիճանի պարզունակ է դարձնում կանացի սեքսուալությունը, որ կարող է լուրջ սեռական խանգարումների հիմք հանդիսանալ:Հայտնի է, որ սեռական օրգանների ռիթմիկ և երկարատև գրգռումը ի վիճակի է գրգռում առաջացնելու տղամարդկանց մոտ, ինչը չի կարելի ասել կանանց համար: Կնոջ գրգռման համար բացի վերոնշյալ գրգռումից, հարկ է նշել շատ կարևոր մի քանի պայմաններ ևս` ներքին հոգեբանական տրամադրվածությունը, սեռական զուգընկերոջ հանդեպ բարյացակամ և էրոտիկ վերաբերմունքը, առանց որոնց ինչ աստիճանի ինտենսիվ և երկարատև էլ լինի սեռական գրգռումը` հեշտոցի խոնավացում և սեռական գրգռման զգացողություն կնոջ մոտ ի վիճակի չէ առաջանալու: Այնպես որ, պետք չէ գրգռել կանանց երկարատև հոգնացուցիչ մեխանիկական գրգռումներով, նա միևնույնն է չի գրգռվի, եթե էրոտիկ չի տրամադրված և զուգընկերն ազդում է նյարդերի վրա` իր համառ փորձերով:

30 Օգոստոսի, 2012

Կլիմաքսը կամ վերարտադրողական կյանքի ավարտը ամենևին չի նշանակում սեքսուալ կյանքի դադար: Դաշտանադադարով կանայք և անդրոպաուզայով տղամարդիկ շարունակում են ունենալ սեռական պահանջ, որն իր ուժգնությամբ բոլորովին չի զիջում ավելի երիտասարդ տարիքում այդ պահանջի դրսևորմանը: Տարբերությունը այդ պահանջի առաջացման հաճախականության մեջ է, տարիքի հետ այդ հաճախականությունը նվազում է: Այլ խնդիր է այդ պահանջի բավարարումը: Այստեղ դեր են խաղում մի շարք գործոններ` ընդհանուր առողջական վիճակը, զուգընկերոջ ներկայությունը, սեփական սեռական պահանջի հանդեպ վերաբերմունքը, սոցիալական ստատուսի փոփոխությունը /թոշակի անցնելը/: Սովորաբար տարիքի հետ ծագում են առողջական խնդիրներ, օրինակ սիրտանոթային, ստամոքսաղիքային, հենաշարժիչ ապարատի հետ կապված, շաքարային դիաբետ, տարբեր վիրահատական միջամտություններ, որոնք անուղղակի ձևով ազդում են սեռական ֆունկցիայի վրա: Շատ դեպքերում այդ հիվանդությունը բուն սեռական օրգանների և դրանց ֆունկցիայի խանգարմանը չի բերում, սակայն հոգեբանորեն ընկճելով մարդուն` ստիպում է հրաժարվել սեռական կյանքից: Այստեղ պետք է նշել, որ սեռական կյանքից հրաժարումը կամ, այլ կերպ ասած, իբրև կին կամ տղամարդ սեռական ինքնադրսևորումից հրաժարումը, ոչ մի դրական արդյունքի չի կարող բերել, այլ հակառակը` էլ ավելի է իջեցնում սեփական ինքագնահատականը և տանում է արագընթաց ծերացման: