Սեռական թուլության գանգատ ներկայացնող տղամարդկանց հաճախ նշանակվում է արյան քննություն՝ տեստոստերոնի քանակությունը որոշելու նպատակով: Նրանք ովքեր չգիտեն ինչ է տեստոստերոնը (Տ), նշեմ՝ դա կենսաբանորեն ակտիվ քիմիական մոլեկուլ է, որն արտադրվում է տղամարդու ամոձիներում և պատասխանատու է տղամարդու սեռական և վերարտադրողական ֆունկցիայի համար: Տեստոստերոնը ուղղակի և անուղղակի ձևերով պայմանավորում է առնանդամի սեռական գրգռումը՝ էրեկցիայի առաջացումը, սերմնաժայթքման գործընթացը, սերմնարտադությունը: Սակայն առավել քան էրեկցիան, տեստոստերոնը սերտ կապի մեջ է գտնվում մարդու իմացական գործունեության և տրամադրության կարգավորման մեխանիզմների հետ, պայմանավորում է սեքսուալ բովանդակությամբ մտքերի մշակումն ու ու սեռավարքային մոտիվացիաների առաջացումը:Ամեն օր տղամարդու ամորձիները արտադրում են 5-10 մգ տեստոստերոն, ևս 25 մգ պահեստավորված է ամորձիներում: Որպեսզի տեստոստերոնը կարողանա դրսևորել իր կենսաբանական ակտիվությունը, նա պետք է բավարար քանակությամբ հասնի թիրախ օրգաններ՝ գլխուղեղ և առնանդամ: Տեստոստերոնի միայն 2%-ն է ազատ շրջանառում արյան հունում, պատկերավոր ասած՝ ոտքով տեղ հասնում թիրախ օրգաններ, 40%-ի տեղափոխման խնդիրը լուծվում է հատուկ տրանսպորտային միջոցի օգնությամբ, որի անունն է ալբումին: Տեստոստերոնը ազատ կապվում է ալբումինի հետ և հասնելով իր ազդեցության վայր՝ արձակվում է ալբումինից ու ներս թափանցում թիրախ բջիջ: Արյան հունի մեջ հայտնված տեստոստերոնի մնացած 58%-ը կապնված է մեկ այլ տրանսպորտային միջոցի հետ, որի կրճատ անունը դնենք Գլոբուլին (Սեռական հորմոնը կապող գլոբուլին): Գլոբուլինի հետ Տ-ի կապն այնքան ամուր է ստացվում, որ տեստոստերոնի ազատ արձակումն անհնար է դառնում, այսինքն՝ Գլոբուլինը չեզոքացնում է իր հետ կապնված տեստոստերոնի ակտիվությունը:


ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
ու մտորումներ
ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
ու մտորումներ
Հոգու խորքում մեզանից յուրաքանչյուրը կրում է իր «վերքը»: Առօրյա կյանքում այդ վերքի գոյության մասին մատնում են շրջապատող մարդկանց և առաջին հերթին` մեր ամենամտերիմ մարդու հետ փոխհարաբերությունները: Շփումների ժամանակ մենք դրսևորում ենք պահվածքի միևնույն կաղապարային կրկնողությունները, միևնույն դրդապատճառային մոտիվները: Մեջբերվածը այցելուի պատմության մի հատվածն է.-Հարգելի բժշկուհի, ես ինձ շատ թերի ու ոչ ադեկվատ եմ զգում: Սեռական հարաբերության ժամանակ ոչինչ չեմ զգում: Ամուսնացել եմ երկրորդ անգամ, սակայն դարձյալ միևնույն բանն է: Առաջին ամուսնությունս բնազդի, վաղ երիտասարդական կրքերի արդյունք էր: Երկրորդ անգամ ավելի գիտակից եմ եղել, որոշումս կայացրել եմ այն տրամաբանությամբ, որ ընտրյալս լիարժեք համապատասխանում է ինձ՝ ճշգրտորեն լրացնելով բոլոր բացերս: Ինձ համար շատ զարմանալի էր, երբ սեռական կյանքում դարձյալ ոչինչ չզգացի, քանի որ համոզված էի, որ անձնավորությունը, ով այդպես լիարժեք ներդաշնակում է ինձ, կլրացնի նաև սեռական կյանքի բացերը: Անզգայությանս մասին նրան ոչինչ չեմ ասում, սակայն ենթադրում եմ, որ իրեն բնորոշ նրբազգացության շնորհիվ նա կռահում է իմ ոչ լիարժեք լինելը: Ու այսպես ապրում եմ մշտատանջ տագնապի մեջ, քանի որ ինձ հետապնդում է լքման և դավաճանված լինելու վախը:Նույն իրավիճակն աշխատավայրում է: Գործընկերներիս հետ շփման ժամանակ տագնապով սպասում եմ ոչ ադեկվատ լինելու և անարժեք համարվելուս ցավոտ դատավճռին (որի հետ սրտիս խորքում համաձայն եմ): Այո, ես ապրում եմ ոչնչություն լինելուս մերկացման ու լքման դատապարտվելու ամենօրյա լարվածության մեջ: Ու երբ ի գործ դրված ջանքերս չեն գնահատվում, համակվում եմ հուսահատությամբ՝ մտածելով, որ ձեռնարկածս «մեծ-մեծ գործերն» իզուր էին: Այո, պիտի խոստովանեմ, որ կախված եմ ու ապրում եմ մարդկանց ու հատկապես՝ վերադասի կողմից բարձր գնահատականի արժանանալու հույսով, կարծես թե դրանից է կախված իմ ինչ-որ բան ինձանից ներկայացնելու եղելությունը: Ավաղ, ինքնագնահատականս …
Առաջին սեռական հարաբերության անհաջող փորձը շատերի սեռական կյանքում տեղ գտած իրողություն է: Անհաջող փորձից հետո շատ տղաներ այլևս ի վիճակի չեն լինում լիարժեք սեռական գրգռման հասնել: Տագնապի զգացումը, որը նրանց անբաժան ուղեկիցն է կանանց հետ փոխհարաբերություններ կառուցելիս, այն աստիճանի ուժգնության կարող է հասնել, որ նրանք ի սպառ հրաժարվեն սեռական կյանքից, դառնան ներամփոփ, տրվեն վիրտուալ իրականության մեջ սեռային ինքնահաստատման փորձերին և այլ անհարմարողական վարք դրսևորեն: Սեռական թուլության այս խնդիրը կապված է սեռական ակտն իրականացնելու տագնապի հետ և սեքսոլոգիական պրակտիկայում հայտնի է «անհաջողության սպասման տագնապ» անունով:Տագնապային խանգարումների վերաբերյալ ժամանակակից հոգեբուժության դիրքորոշումն այն է, որ այս խմբի խանգարումների հիմքում ընկած է գլխուղեղի նյարդային բջիջներում միջնորդանյութերի փոխանակման խանգարումը: Նշվում է, որ նյարդային որոշ մեդիատորներ ավելի ազդեցիկ են դառնում, քան մյուսները՝ ավելի շատ արտադրման կամ ապաարգելակող մեխանիզմներից ազատագրման հետևանքով: Արդյուքնում՝ այդ նյութերի ավելացած կամ պակասած ակտիվությունը բերում է տագնապի զգացողության կամ դեպրեսիայի առաջացման:Այլ ուսումնասիրողներ, սակայն, նշում են, որ իրականությունը ճիշտ հակառակն է և ժամանակակից գիտնականները խառնել են պատճառը՝ հետևանքի հետ: Իրականում, սկզբում հայտնվում է տագնապի կամ ընկճվածության զգացողությունը, ապա նոր՝ գլխուղեղում փոփոխվում է քիմիական հավասարակշռությունը, որն արտացոլում է այդ հոգեվիճակների հայտնման փաստը: Ինչպես փափուկ հողի վրա վազող գիշատիչը թողնում է իր հետքերը, այդպես էլ ցանկացած հոգեվիճակ՝ տեղ գտնելով մեր ներաշխարհում, թողնում է իր նեյրոբիոքիմիական հետքը: Հողի վրա թողած հետքի ուսումնասիրմամբ կարելի է կռահել, թե ինչ կենդանի է անցել քիչ առաջ, ուրեմն գլխուղեղի քիմիական նյութերի ուսումնասիրությունը պետք է հիմնվի այս ելակետային հայեցակարգի վրա:
Հարգելի բժիշկ, ժամանակ առ աժամանակ հարաբերության կեսից առնանդամս թուլանում է և չեմ կարողանում ակտն ավարտին հասցնել: Կինս իհարկե չի դժգոհում, սակայն ես ինձ շատ վատ եմ զգում, շատ անհանգիստ եմ, կարող է ինչ-որ լուրջ հիվանդություն ունեմ, որի մասին տեղյակ չեմ: 41 տարեկան եմ, առողջական այլ գանգատ չունեմ:Հարգելի բժիշկ, ներհրման պահին առնանդամիս պնդությունն անցնում է և չեմ կարող կնոջս բավարարել, գնացել եմ ուռոլոգի մոտ, նշանակել է Վեգարա, խմել եմ, բայց ոչ մի օգուտ: Հետազոտությունների արդյուքնում պարզվեց, որ ունեմ սնկային բորբոքում, ստացել եմ համապատասխան բուժում, բայց էրեկցիան չի վերականգնվել:Բարև Ձեզ հարգելի Բժիշկ Ներսիսյան, շատ, անչափ շատ, շնորհակալ կլինեմ Ձեզ, եթե պատասախանեք իմ այս հարցին: Ամուսինս 47 տարեկան է և գանգատվում է թույլ էրեկցիայից, իսկ օրգազմից անմիջապես 10 վայրկյան անց, այն միանգամից թուլանում է: Դա նորմա՞լ է արդյոք:Առնանդամի պրկման առաջացմանը մասնակցում են օրգանիզմի մի քանի համակարգեր և ենթակառույցներ՝ նյարդային, սիրտ-անոթային, ներզատական համակարգերը, առնանդամի փապարային մարմինները, շագանակագեղձը: Մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, սրտային հիվանդությունները, քնի ապնոէն, հիպերպրոլակտինէմիան, հիպոգոնադիզմը, ինչպես նաև որոշ հակահիպերտենզիվ և հոգեմետ դեղեր թուլացնում են էրեկցիան: Առնանդամի թուլության ախտածագման մեջ մեծ դեր են խաղում նաև հոգեէմոցիոնալ գործոնները և հոգեախտաբանական վիճակները, մասնավորապես՝ դեպրեսիան, կախվածությունը, բնավորության շեշտվածությունները և անձնային խանգարումները:
Հարգելի բժիշկ ես արդեն 20 օր է ինչ ամուսնացած եմ, բայց սեռական հարաբերություն տեղի չի ունենում (կուսազրկում), որի պատճառը իմ լարվածությունն է, շատ եմ լարվում և առնանդամը չի ներթափանցում, ես նախապես տրամադրվում եմ, որ չլարվեմ, սակայն դա ներքուստ է ստացվում, խնդրում եմ կարող եք ասել ինչն է պատճառը, ինչ կարող եմ անել:Բարև ձեզ, սեռական հարաբերությունից առաջ ինձ մոտ տեղի է ունենում հեշտոցամուտքի մկանի կծկում, ուղեկցվում է ցավով, որը անհնարին է դարձնում սեռական հարաբերությունը. կարդալով ինտերնետում բազմաթիվ նյութեր, հասկացա, որ ինձ մոտ վագինիզմ է և հարկավոր է դիմել մասնագետի, և արդեն մեկ ամիս է ինձ չեմ կարող պատրաստել մասնագետի այցելելուն, կասե՞ք ինչպես է բուժվում վագինիզմը, ինչքա՞ն ժամանակում և ուզում եմ հասկանալ դեղորայքային բուժում է:Շատ եմ խնդրում պատասխանեք հարցիս: Ես արդեն համարյա երկու տարի է ամուսնացած եմ, ունեմ երեխա, բայց մենք չենք կարողանում սեռական հարաբերություն ունենալ: Հղիացա կարծես հրաշքով, նույնիսկ արյուն չեկավ առաջին անգամ: Հղիության ժամանակ, ներզննումի ժամանակպարզվեց, որ վագինիզմ է մոտս: Ահավոր էր ռեակցիաս ներզննման ժամանակ: Հիմա կարծես ամուսնուս մոտ ևս առաջացել են կոմպլեքսներ: Այժմ ինձ հավաքում եմ, տրամադրվում ու պատրաստ եմ լինում ակտին, սակայն չի ստացվում: Վերջին ժամանակներում էլ կարծես վաղաժամ է գալիս սերմնահեղուկը ու դարձյալ ակտ չի լինում: Մի խոսքով, հարաբերություն չենք ունեում: Օգնեք, խնդրում եմ չասեք դիմեք մասնագետի՝ չեմ կարող ամուսնուս համոզել: Ես ուզում եմ, որ այսպես գոնե ինձ օգնեք, խորհուրդ տաք: Շա՜տ շնորհակալություն:Բոլոր այս հարցադրումները վերաբերում են սեքսոլոգիական մի խնդրի, որը կոչվում է վագինիզմ: Սա հոգեմարմնական խնդիր է, որին բնորոշ է ներթափանցման և ցավի հանդեպ անվերահսկելի վախի զգացումը: Սեռական ակտի ամեն փորձ կատարելիս հայտնվում է վախ և …
Սեռական գրգռումը սուբյեկտիվ վերապրում է, որը հարուցվում է սեքսուալ ազդակների շնորհիվ և դրսևորվում մարմնական փոփոխություններով: Սեքսուալ գրգիռներ ընկալելիս մարմինն անպայմանորեն դրսևորում է համապատասխան ռեակցիա։ Գրգռման ամենաբարձր մակարդակում, առանց որևէ ճիգի հայտնվում է օրգազմի զգացողությունը: Սեռական օրգանների ֆիզիոլոգիական պատասխանը և օրգազմը թողարկվում են բոլոր այն դեպքերում, երբ բավականաչափ գրգիռներ են կուտակվում:Կարևոր է հիշել սակայն, որ մարդու սեռական գրգռման ամենագլխավոր պատասխանատուն գլխուղեղի կեղևն է։ Մարդը բնության մեջ միակ արարածն է, ով ունի զարգացած գլխուղեղի կեղև: Ինչո՞ւ է դա այդպես և ինչպե՞ս է ուղեղի այդ հատվածը մասնակցում սեռական գրգռման առաջացմանը։ Կեղևը մեր ուղեղի այն հատվածն է, որը նշանակություն և իմաստ է հաղորդում մեր բոլոր ապրումներին, այդ թվում՝ սեռական: Սեռական ակտի ընթացքում մեր բոլոր ապրումների իմաստավորումներն ազդում են մարմնի արձագանքող ունակության և սեքսուալ բավարարման վրա: Սեռական գրգռման առաջացումը և ուժգնությունը պայմանավորված են հենց այդ իմաստներով, որոնք թաքնված են սեռական գործողությունների հետևում։
Դժվար է պատկերացնել իրար հակասող երկու գաղափարների համատեղ գոյությունը, օրինակ՝ մտնել ջուրը և չթրջվել, կամ ասենք՝ անկում ապրել դեպի վեր։ Մեր միտքն ի զորու չէ հաշտվել ու ընդունել երկիմաստությունը, այն չի կարող համաձայնվել հակասող դրույթների միատեղ գոյության հետ։ Սա խնդիր է, որը լուծում է ստացել մի պարզ հնարով՝ անորոշություն ստեղծող առարկան պարզապես կիսվում է երկու հակադիր մասերի, որից հետո համաձայնություն է հաստատվում մասերից մեկի հետ ու մերժվում է մյուսը: Այսպիսով, աշխարհը բաժանավում է բևեռների՝ լավ-վատ, ճիշտ-սխալ, գեղեցիկ-տգեղ, բարի-չար, այլ կերպ ասած՝ աշխարհը դառնում է սև ու սպիտակ: Տեխնիկական այս հնարի կիրառումը հաջողությամբ ազատում է մեզ տհաճ զգացողություններ ապրելուց և ստեղծում թվացյալ ներքին խաղաղություն: Հոգեբանության մեջ այս հնարը կոչվում է կիսում (անգլ. splitting) և համարվում է անձի պաշտպանական մեխանիզմ, այսինքն` անձը և նրա բարեկեցությունը պաշտպանող մեխանիզմ:Ընդհանրապես պաշտպանական մեխանիզմները այնպիսի գործիքներ են, որոնք պաշտպանում են մեր անձը տհաճ զգացողություններից՝ վախի, անորոշության և ամոթի ապրումներից: Պաշտպանական մեխանիզմները մեր անձի կողմից գործի են դրվում անգիտակցաբար, այսինքն՝ մենք նույնիսկ «գլխի չենք ընկնում», որ նման բան ենք անում: Կարելի է ասել մեր փոխարեն, առանց մեզ տեղյակ պահելու, մեր մեջ տեղի են ունենում որոշակի իրադարձություններ, ինչի արդյունքում հայտնվում ենք աղավաղված իրականության մեջ, որը սակայն չենք տեսնում ու շարունակում ենք վստահ լինել, որ պատրանքի մեջ չենք: Մենք հավատացած ենք, որ ճիշտ ենք ու վստահ շարժվում ենք առաջ՝ չհասկանալով, որ անիմաստ դեգերում ենք լաբիրինթում: Արդյունքում շարունակում ենք հեռու մնալ մեր խնդիրների լուծման հեռանկարից ու դատապարտվում դուրս գալ հերթական փակուղի:
Վստահության խնդիրը մարդկային փոխհարաբերությունների մեջ ամենակարևոր և հիմքային սյուներից է: Ոչ մի համագործակցություն չի կարող հաջողությամբ պսակվել, եթե գործընկերները չեն վստահում միմյանց, ընդ որում առանց վերապահումների: Վստահել ինչ-որ մեկին՝ նշանակում է հույս դնել և ապավինել նրան: Սա ունակություն է, որը բնորոշ է ուժեղ մարդկանց, քանի որ վստահությունը համարձակություն է, անորոշության վախի հաղթահարում:Ահա թե ինչպիսի բնույթով է վստահության խնդիրը բարձրաձայնվում կին-տղամարդ փոխհարաբերություններում: «Ինչպե՞ս նորից վստահեմ, երբ բռնացրել եմ, որ ամուսինս դավաճանում է ինձ»:Սկսենք նրանից, որ շատ կանանց հուզող այս հարցն ունի երկու կողմ, նախ՝ պետք է ընդունել, որ տեղի ունեցածը իրոք մեծ ցավ է պատճառել ու այդ տառապանքը պետք է գիտակցված ապրել: Ուղղակի տառապելն անթույլատրելի է, մարդը միշտ պետք է հասկանա իր տառապանքը և գիտակցաբար վերափոխի այն: Դրա համար կարևոր է, որ զույգը ստեղծի ներընտանեկան այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավոր է առանց կաշկանդվելու արտահայտել ու ապրել այդ ցավը: Ոչ մի դեպքում չի կարելի խեղդել, ճնշել, արտամղել, անզգայանալ այդ ցավից: Կարևոր է, որ ամուսինը ընդունի, որ իր քայլը ցավ է պատճառել, բայց սա չի նշանակում թե նա պետք է մեղավոր զգա իրեն ու պատժվի, բնավ: Իր կատարած քայլի հետևանքների գիտակցումը թույլ է տալիս որակապես նոր ու ավելի ինտիմ հարաբերություններ կառուցել, ուրեմն՝ փոխանակ մեղքի զգացումով ծանրաբեռնվելու, ավելի կառուցողական է պատասխանատվություն ստանձնել նոր հարաբերությունների կառուցման համար, ինչի երաշխիքը կլինի նախորդ քայլի հետևանքերի շտկումը:
Իզուր չէ, որ հասարակական պարսավանքի ենթարկելու ամենադաժան ձևը պարսավանքի սուբյեկտին ամոթանք տալն է։ Ամոթը, ինչպես նաև հզոր ուժգնության այլ հույզեր՝ ցասումը, սարսափը, ատելությունը, կորստի վիշտը, պատճառում են այն աստիճան ճնշող ու անտանելի զգացումներ, որ մենք չդիմանալով այդ տհաճ ապրումի ուժգնությանը, շատ հաճախ, հրաժարվում ենք զգալ այդ հույզերը կամ ոչ բավարար ենք դրանք ապրում՝ ճնշման գործադրմամբ դրանց հեռացնելով մեր գիտակցության տեսադաշտից։ Մինչդեռ այս հույզերի մերժումը կամ ոչ բավարար ապրումը կարող է քրոնիկական հոգնածության և մարդկանց հետ շփումներում ցրվածության, մոռացկոտության, ուժասպառության հանգեցնել, դառնալ գլխացավերի, մկանային և հոդային ցավերի պատճառ։ Ինչպե՞ս ուրեմն արժանապատվորեն կրել այս հույզերը ու հաղթահարել դրանք։Ամոթն, ինչպես գիտեք, սերտորեն կապված է սեռականի հետ, որովհետև սեռական դրսևորումներում մարդիկ մերկ են։ Մերկությունն անտանելի է բոլոր ինքնագիտակից մարդկանց համար։ Եդեմի պարտեզում ճաշակելով արգելված պտուղը՝ առաջին մարդն ինքնագիտակցության եկավ ու նկատեց իր մերկությունը, որը մինչ այդ չէր տեսնում։ Նա ծածկեց իր սեռական օրգաններն ամոթից։ Նա չդիմացավ իր մարմնի պառակտմանը, կիսատությանը ու դա նրան անտանելի թվաց այն աստիճան, որ նա ծածկեց իր խայտառակությունը։ Հասարակության առաջ բռնի ուժով մերկացնելը բոլոր ժամանակներում եղել է ստորացնելու ամենանվաստացուցիչ ձևը։ Ամոթի անհաղթահարելի զգացումն այդ պահին երկրի երեսից չքվելու, գետնի տակ մտնելու պահանջ է առաջացնում։ Հասկանալի է դառնում, թե ինչու այդքան շատ են մեզ շրջապատող անամոթ մարդիկ, մարդիկ, ովքեր ոչ թե ամոթ չունեն, այլ մերժում են իրենց ամոթը։